ԳՐԵԳՈՐԻ ՔՈՊԼԻ
Շատ է խոսվում անողոք, արյունարբու, ցնորային մի նոր «պետության» հանկարծակի առաջացման մասին: Այսպես կոչված «իսլամական խալիֆայությունը» (ԻԽ) զբաղեցնում է տարածքներ խլված Սիրիայից եւ Իրաքից, որոնք մասնատված ու քայքայված լինելու հետեւանքով ենթակա են (առնվազն ներկայիս) շահագործման:
Իսլամական խալիֆայությունը, որին արեւմտյան մամուլը «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» (ISIS) է անվանում, գուցե կարող է լինել առանցքային մի ամբողջական միավոր, բայց ոչ այն պատճառներով, որ ինքն է ներկայացնում: Դա կարող է այն վերջին սադրիչ կաթիլը լինել, որ կստիպի Իրանին իր վրեժը լուծել Թուրքիայիցՙ խալիֆայությունը արարողից (եւ ոչ թե դրանից տուժած զոհից):
Իսլամական խալիֆայությունը իր գոյության առաջին օրվանից սնուցանվել է Թուրքիայի կողմից, կրելով տարբերՙ «Իրաքի եւ Շամի (կամ Լեւանտի) իսլամական պետություն», «Ալ Ղաիդայի կազմակերպություն երկու գետերի երկրում», «Ալ Ղաիդան Միջագետքում», «Մուջահեդին Շուրայի խորհուրդը Իրաքում», «Ջունդ էլ-Սահհաբա» (Մարգարեի պահապանների զինվորները) եւ «Ջաբհատ էլ-Նուսրա» անվանումներ: Դրանց մեծ մասը ամբողջապես չձեւավորված միավորներ էին, որոնք կիսածածուկ օժանդակություն էին ստանում Թուրքիայից եւ Քաթարից (սկզբնական շրջանում նաեւ Մ. Նահանգներից եւ Սաուդյան Արաբիայից), որպեսզի պայքարեին Իրանի դեմ Սիրիայում եւ Իրաքում: Նրանք նաեւ միջոց էին հատկապես Թուրքիայի եւ Քաթարի համարՙ սպառնալու Իրանին եւ ստիպելու, որ տարածաշրջանից հետ քաշվի:
Իրանը, որը դարձել էր Թուրքիայի աչքի փուշը, ի վերջո ընդհանուր լեզու գտավ Սաուդյան Արաբիայի հետ:
Խալիֆայության ինքնակոչ էմիրՙ Աբու Օմար էլ-Բաղդադին (ծննդյան իսկական անունովՙ Համեդ Դաուդ Մոհամմեդ Խալիլ էլ-Զաուի) հարաբերությունները խզեց Ալ-Ղաիդայի առաջնորդ Այման էլ-Զաուահիրիի հետՙ ենթադրաբար երկուսի միջեւ կայացած մի սրբազան երդմանը հակառակվելու պատրվակով: Հիշենք, որ 1066 թվին Բրիտանիայի նվաճումը նորմանդական ուժերի կողմից դարձյալ կատարվել էր նորմանդական դուքս Վիլհելմին Անգլիայի թագավոր Հարոլդ Գոդվինսոնի տված երդումը չպահելու պատրվակով: Նույն արդարացումը ներկայիս չպետք է անտեսել:
Բայց այն, ինչ իրականում մեծապես անտեսվում է միջազգային լրատվության եւ քաղաքագետների կողմից, դա Թուրքիայի դերն է «խալիֆայության» առաջացման գործում: Ավելին, Թուրքիան դեռ պաշտպանում է նրա գոյությունը, հակառակ, որ Հյուսիսային Իրաքում Բաղդադիի կողմնակիցները 49 թուրք դիվանագետների են ձերբակալել եւ պատանդ վերցրել:(*) Ապացույցներ կան նաեւ, որ Թուրքիան հետախուզական տվյալներ է փոխանցել «խալիֆայության» առաջնորդներին եւ դրա հետեւանքում հուլիսի 4-ին Մ. Նահանգների հատուկ ջոկատայինները չեն կարողացել իրենց պատանդների (ներառյալ Ջեյմս Ֆոլիի) գտնվելու վայրը որոշել եւ ազատել:
Գործողությունների այնքան խիտ մշուշով է պատված ամբողջ «Իսլամական խալիֆայության» գոյառման պատմությունը, որ իսկական մարտավարական ուղղությունները անտեսվում են: Որո՞նք են այդ ուղղությունները: Ո՞վ է վերահսկում էլ-Բաղդադիին:
Իր ասելովՙ ոչ ոք չի վերահսկում իրեն: Բայց իրականում նա չի կարող դիմանալ առանց Թուրքիայի պաշտպանության ինչպես ֆինանսական, այնպես էլ զենքերի հայթայթման առումներով: Բաղդադիի մարտիկների տասը տոկոսը թուրքեր են, մնացյալների մեծ մասը «օտարներ» են, որոնք իր տարածքը մուտք գործելու համար պետք է անցնեն Թուրքիայով: Օգոստոսի վերջերին էլ-Բաղդադին փորձում էր ընդարձակել Թուրքիայի հետ ունեցած իր «տարածքի սահմանները», որպեսզի հեշտացներ այդ գործը:
«Խալիֆայությունը» նաեւ կարիք ունի արտահանելու օրական 800 հազար բարել նավթը, որն իր ձեռքն է անցել Սիրիայում եւ Իրաքում նավթահորերը գրավելուց հետո: Քանի որ նավթը բեռնատար մեքենաներով պետք է դուրս հանվի (եւ ոչ թե խողովակաշարի միջով) միակ հուսալի ճանապարհը Թուրքիայի միջով անցնելն էՙ ի հեճուկս ՄԱԿ-ի որոշմանը, որն արգելում է նման առեւտրային գործարքը: Նավթի արտահանման միջոցով «խալիֆայությունը» օրական մոտ 3 միլիոն դոլար է վաստակում:
Ի՞նչ կպատահի, եթե միջազգային հասարակության ճնշման ներքո Թուրքիան ստիպված լինի դադարեցնել այդ խմբակցությանը բոլոր տեսակի (մարդկային ռեսուրսների, զենքերի հայթայթման, հետախուզական տվյալների փոխանակման եւ այլն) իր օժանդակությունը, որ հակասում է նաեւ Մ. Նահանգների շահերին: «Խալիֆայությունը» դյուրաբեկ թիրախ կդառնա եւ կքայքայվի: Բայց Սպիտակ տունը, որ երկար ժամանակ համագործակցել է Թուրքիայի հետ Սիրիայում ջիհադիստներին ֆինանսավորելու եւ Մահմեդական եղբայրներին նեցուկ կանգնելու գործում, եւ որ կախյալ վիճակում է Քաթարիցՙ Պարսից ծոցում ամերիկյան զինվորական բազայի առկայության պատճառով, դժվարանում է դեմ կանգնել թուրքական կառավարությանը, հակառակ որ վերջինս վարում է բացահայտորեն հակաամերիկյան քաղաքականություն:
«Խալիֆայության» առաջացումը Թուրքիայի եւ Քաթարի կողմից Իրանի դեմ ուղղված պատերազմական գործողությունների նման մի սպառնալիք է, որը նաեւ պաշտպանվում է Վաշինգտոնի կողմից: Սակայն վերջինս կարող է վերանայել իր դիրքորոշումը, եթե հնարավորություն ստեղծվի մերձենալու եզրեր գտնել Թեհրանի հետ:
Թուրքիան, Քաթարը եւ «խալիֆայությունը» սպառնալիք են նաեւ Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ էմիրությունների, Օմանի, Եգիպտոսի, Հորդանանի եւ Իսրայելի համար: Իրանը սկսել է հակադարձ միջոցներ ձեռնարկել: Հնարավոր է, որ մոտ ապագայում Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Եգիպտոսը եւ մյուսները ընդհանուր լեզու գտնեն Իրանի հետ եւ միասնաբար պայքարեն «խալիֆայության» դեմ:
Մյուս կողմից Թուրքիայի առաջնորդները հավատացած են, որ Սիրիայի, Իրաքի եւ իրենց երկրի քուրդերին թշնամուց դաշնակիցների են վերածել: Ճիշտ է, որ հյուսիսային Իրաքի քուրդ առաջնորդները, ինչպես միշտ, մի կողմ թողնելով գաղափարախոսությունը եւ էթնիկական գործոնները, այժմ ավելի քան երբեւէ շահույթի հետեւից են ընկած եւ Իրանի հետ սահմանային առեւտրից բացի զբաղված են նավթ արտահանելով Թուրքիա, բայց Իրանի կառավարությունը, մյուս երկրների աջակցությամբ, կարող է եւ վստահաբար մշակելու է նոր մարտավարություն քուրդերին Անկարայից անկախ դարձնելու համար:
«Խալիֆայությունը» չարակամ է, թունոտ, բայց անցողիկ: Այդուհանդերձ ստիպում է տարածաշրջանային «նպատակահարմարությունների» նոր փուլ առաջացնել: Նոր Մերձավոր Արեւելք է ձեւավորվում: Ժամանակին ապահովեք ձեր տոմսերը:
Ստամբուլից «Ուորլդ Տրիբյունի» համար, Թարգմ. Հ.Ծ.
(*) Սեպտ.ի 20-ին, դեռեւս անհայտ պայմաններում այդ պատանդները ազատ արձակվեցին: Ըստ որոշ աղբյուրների, պատանդներն ազատ են արձակվել Անկարայի կողմից «խալիֆայությունը» պաշտոնապես ճանաչելու խոստման դիմաց…
Ծ.Խ.: