ՌԱԶՄԻԿ ՓԱՆՈՍՅԱՆ, Լիսաբոն
Այս եզրակացությամբ նախորդ շաբաթ երկու նյութ էինք տպագրել մեր թերթում ՀԲԸՄիության եւ Գ. Գյուլբենկյան հիմնարկության կողմից Երեւանի բուհերում մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորող սիրիահայ մի խումբ ուսանողներին այս տարի կրթաթոշակ չտրամադրելու մասին: Բողոքի ու զարմանքի արտահայտություններով լի այդ գրություններին անմիջապես արձագանքեցինՙ առաջինը ՀԲԸՄիության երեւանյան ներկայացուցչական գրասենյակիցՙ բանավոր, իսկ երկրորդըՙ Գ. Գյուլբենկյան հիմնարկության Լիսաբոնի կենտրոնական գրասենյակի հայկական բաժանմունքի տնօրեն դոկտ. Ռազմիկ Փանոսյանըՙ գրավոր, հերքելով մեր հրապարակումները, վստահեցնելով նաեւ, որ այս օրերին դրականորեն կլուծվի հիշյալ ուսանողների կրթաթոշակի խնդիրը:
Ցավում ենք առանց հիմնավորապես ստուգելու հիշյալ նյութերը տպագրելու համար եւ ստորեւ թարգմանաբար ներկայացնում դոկտ. Ռ. Փանոսյանի հերքումը: Իր առաջնորդող հոդվածի վերջում («Կիսատ բարեգործություն, կիսատ կրթություն») «Ազգ»ի խմբագիրը զույգ կազմակերպություններին խորհուրդ էր տվել. «ընդամենը 20 հազար դոլար հատկացնելով կարող եք սիրիահայ մեր ուսանողների կրթությունը ամբողջացնել, որի համար նրանք միշտ երախտապարտ կլինեն ձեզ» եւ ավելացրել` «Մենքՙ նույնպես»: Երախտապարտ ենք:
«Ազգ»
Հարգելի խմբագրություն,
Ներողություն, որ անգլերեն եմ գրում ժամանակի սղության պատճառով: Զարմացած էի կարդալով ձեր կայքում «Կիսատ բարեգործություն, կիսատ կրթություն» առաջնորդող հոդվածը:
Իհարկե ազատ եք արտահայտելու ձեր կարծիքը, բայց եթե ստուգած լինեիք տեղեկությունը մեզ կամ ՀԲԸՄ-ի հետ, ապա տեղեկացած կլինեիք, որ այս տարի եւս մենք շարունակելու ենք կրթաթոշակներ տրամադրել Հայաստանում ուսանող սիրիահայերին: Իրականում այդ հարցը մեր սեպտեմբերի 25-ին կայանալիք Տնօրենների խորհրդի օրակարգում է: Հասկանալի է, որ չէինք կարող պաշտոնական հայտարարություն անել այդ մասին նախքան խորհրդի համաձայնությունը ստանալը, բայց եթե հարցը քննարկած լինեիք մեզ հետ, կկարողանայի տեղեկությունը փոխանցել ձեզ: Ավելին, մենք ՀԲԸՄ-ի ղեկավարներին հստակ բացատրել ենք, որ այդ ուսանողների ուսման շրջանը ավարտին հասցնելու համար մեր օգնությունը պետք է ծավալվի երեք (անցյալ, այս եւ հառաջիկա) տարիների վրա: ՀԲԸՄ-ից նախնական համաձայնություն ենք ստացել, որ այս տարի եւս նրանք ֆինանսավորելու են մեզ: Բայց Սփյուռքի նախարարության օգնությունը դեռեւս հստակվեցված չէ:
Գյուլբենկյան հիմնարկությունը սովորաբար չի բարձրաձայնում իր բարեգործությունները, եւ գուցե մենք պետք է անենք դա, բայց մեր մտադրությունների մասին ապատեղեկատվություն կարդալը վրդովեցուցիչ է, երբ իրականում մենք հարյուր հազարավոր դոլարներ ենք տրամադրում ոչ միայն հայրենիքում, այլեւ աշխարհի տարբեր վայրերում սովորող սիրիահայ ուսանողներին:
Հենց վարչությունը հաստատի ծրագիրը, մենք կարճ հաղորդագրություն կհրապարակենք: Ինչպես անցյալ տարի, այս անգամ եւս օգնությունը կբաշխվի Երեւանում ՀԲԸՄ-ի գրասենյակի միջոցով:
Լավագույն ցանկություններովՙ