Թուրքիայի հետ տնտեսական շահով առաջնորդվող ՀՀ իշխանության պարագլուխը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն արեց, թե վախենում ենք, որ Թուրքիան տնտեսապես մեզ «կուտի՞», բայց մեր տնտեսությունը մե՞ր ձեռքին է, որ մի բան էլ վախենում ենք Թուրքիայի տնտեսական կերակուր դառնալուց:
Տողատակում հասկացրեց, որ նախկինները սխալ էին, ինքը՝ ճիշտ, քանի որ նախկինները տնտեսական շահով չէին առաջնորդվում, իսկ իր համար կարեւորը շահի հենց ա՛յդ տեսակն է: Ու հայտարարեց՝ տնտեսական շահն է պետության հիմքը: Ու քանի որ Հայաստանը տարածքային նկրտումներ չունի ու չի ունենալու, որովհետեւ ինքն այդպես է որոշել, իբր դա է պետություն ունենալու եւ չոչնչանալու միակ պայմանը՝ ըստ Փաշինյանի, ուրեմն Ադրբեջանի հետ հարցերը կարելի է լուծված համարել՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ, Հայաստանի մասով էլ սահմանները դեռ պիտի վերաձեւվեն՝ ըստ Ադրբեջանի պահանջների: Ու Թուրքիայի հետ տնտեսական փոխհարաբերություններին, ավելի իրատեսորեն՝ Թուրքիայի տնտեսական կերակուրը դառնալուն ՀՀ իշխանությունը գրկաբաց ու լայնաժպիտ կասի՝ այո՛:
Ու կկախվի Թուրքիայի փեշերից: Հենց իրեն խելոք չպահի, Թուրքիան փեշը թափ կտա, ու Հայաստանը նրա բիրտ շարժումից «տնտեսապես կգահավիժի»:
Տնտեսության մեջ, ինչպես ասում են, անգամ «սեփական կատու չունեցող» Հայաստանին Թուրքիան պարբերաբար շանտաժի կենթարկի: Այդ երկիրը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը տնտեսապես զարգանա: Եթե սահմանները բացվեն, Հայաստանում բացի թուրքական փալաս-փուլուս, լվացքի փոշի, լոլիկ-վարունգ վաճառելուց, տնտեսական հեռանկարային առաջընթաց չի կարող լինել: Ճիշտ է, մեծ հաշվով հանրության մեծամասնությունն իշխանության թրքասիական քարոզչության արդյունքում հենց այդ ապագան էլ ակնկալում է՝ էժան հողաթափեր, արկղերով լոլիկ ու պարկով լվացքի փոշի, բայց գիտակից, հեռատես, ինքնապաշտպանական ու ազգային արժանապատվության բնազդները չթլպատած փոքրաթիվ հայերն այս պահից սկսած՝ պետք է մտահոգվեն այս ողբերգական ապագայի համար:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց՝ «թուրքերին ու ադրբեջանցիներին սպանածներին նվիրված «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրումը Հայաստանի կողմից Թուրքիայի դեմ սադրանք է», ու Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը փակվեց:
Մի պահ պատկերացնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվել է. շանտաժի մեխանիզմն անխուսափելի է: Հայոց ցեղասպանության թանգարա՞ն, չէ մի, փակեք, թե չէ «կացինս հրեն սրած, գնամ-բերեմ, ծառը կտրեմ»: Ծիծեռնակաբերդի հուշաահամալի՞ր, քանդեք, թե չէ կացինն էլ է ձեռքիս, կկվի «ատամներն էլ հաշվել եմ»: Կոմիտասի թանգարա՞ն, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի հուշակոթո՞ղ, Անդրանիկ, Դրո, Նժդեհ, արցախյան ազատամա՞րտ, Պարույր Սեւակ «Անլռելի զանգակատո՞ւն», Հովհաննես Շիրա՞զ…
Եւ օղակը սեղմվելու է այնքան ու այնպես, որ մենք սեփական Հայրենիքում դառնանք ձայնազուրկ, իրավազուրկ, թուրքական ֆեսի փոմփոլիկից կախված մանկուրտ մի կենսաբանական զանգված՝ հիշողությունից, բարոյականությունից, արժանապատվությունից, անցյալից ու ապագայից զրկված, փորհացով գոհացող:
Դեռ սահմանները բացված չեն, միայն մասնավոր դեպքերում Մարգարայի կամուրջն է բացվում, ու Թուրքիան շանտաժն արդեն սկսել է: Պայմանը՝ «Նեմեսիսի» հուշարձանը հանեք, օդային սահմանը բացենք: Այստեղ էլ իշխանության պարագլուխն արդարացավ՝ արձանը դրել եմ, որ չասեք՝ դավաճան եմ: Իրար հետ փոխհամաձայնեցված աշխատում են՝ Չավուշօղլուն ասում է՝ ինչու եք արձանը դրել, Փաշինյանը պատասխանում է՝ դրել եմ, որ Հայաստանում ինձ չասեն դավաճան: Այսինքն՝ հոգով-սրտով հեչ էլ համաձայն չէ ո՛չ արձանի, ո՛չ արձանի գաղափարի ու բովանդակության հետ, ուղղակի չի ցանկացել այստեղ կրքեր թեժացնել, չի ցանկացել, որ ժողովուրդն իր դեմ լարվի, ընդվզի հուշարձանի տեղադրումը չեղարկելու դեմ:
Թուրքիայում ջանասիրաբար «սպիտակեցնում են» Հայաստանի ղեկավարին: «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրումն այս իշխանությունների օրոք չի ծրագրվել. հեղինակը նախկինների ներկայացուցիչ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, ուղղակի ներկաների բախտը բերեց, կամ էլ չբերեց, որ իրենց օրոք հուշարձանը տեղադրվեց:
Չավուշօղլուն «դեղին քարտ» ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, առավոտյան հոխորտաց, հայտարարեց, թե օդային տարածքը փակում է, կեսօրին հայտնեց, թե բացառության կարգով օդը բացում է միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որ նրա օդանավը Անկարա թռչի: Սեւծովյան տնտեսական համագործակցության միջոցառումն էր պատճառը, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը:
Ինչպիսի՜ պատիվ, ավելի ճիշտ՝ ողորմածությո՜ւն, Թուրքիան հատուկ Ալեն Սիմոնյանի համար բացում է իր օդային տարածքը, հետո՝ պինդ փակում, որովհետեւ «Նեմեսիսի» արձանը կոկորդում խրված ոսկոր է:
Ալեն Սիմոնյանն էլ չի զսպում ուրախությունը՝ Անկարա հասնելուն պես տեսանկարահանում է, թե ինչպես է իրեն տեղափոխող ավտոմեքենան՝ վրան փոքրիկ եռագույն, սլանում Թուրքիայում:
Շնորհակալություն, Մեւլութ էֆենդի:
ՆԱԻՐ ՅԱՆ