ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆ, Վան-Վասպուրական հայրենակցական հ/կ նախագահ
Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի 1964 թվի սեպտեմբերի 10-ի համարում տպագրվել է Ֆրեզնոյում բնակվող պարոն Հ. Գինոյանի հուշագրությունը, որը հուշագիրը անձամբ լսել է Սողոմոն Թեհլիրյանից:
Ամերիկա մեկնելուց առաջ Սողոմոնը գնացել է Փարիզ, որտեղ հայկական գաղութը իր պատվին կազմակերպել է ճոխ ընդունելություն, որտեղ ներկա է եղել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսըՙ Վազգեն Ա-ն:
Ընդունելությանը ներկա են եղել բազմաթիվ հայեր, որոնք հակառակ Սողոմոնի կամքի մոտեցել եւ համբուրել են նրա ձեռքը:
Մի պահ Վեհափառ Հայրապետը մոտենում է Սողոմոնինՙ համբուրում նրա ճակատը եւ ասում.
– Սողոմո՛ն, քո մատդ համբուրողները ավելի շատ էին, քան իմ աջս համբուրողները:
Ապա, դիմելով ներկաներին, հայտարարում.
– Այ այսպե՛ս պետք է հարգվի հերոսը: Այն ազգը, որը հերոս չունի, պատմություն չունի:
Մի ուրիշ առիթով էլ Թեհլիրյանը ինքն է պատմել հետեւյալը.
«1928 թ. բնակվում էի Հարավսլավիայի Բելգրադ քաղաքում, Դալմատինսկա 78 տանը, որը բելգրադահայերի մեջ հայտնի էր «Հայկական տուն» անունով: Այդ տարիներին Հարավսլավիան լավ հարաբերություններ էր պահպանում Թուրքիայի հետ եւ օրերից մի օր էլ հայտարարվեց, որ Բելգրադ պետք է այցելի վարչապետ Իսմեթ Ինոնյուն: Այդ առիթով էլ թուրքերը հայտնել էին Հարավսլավիայի իշխանություններին, որ Թալեաթի ահաբեկիչըՙ Սողոմոն Թեհլիրյանը բնակվում է Բելգրադում:
Մայրաքաղաքի ոստիկանապետը առ ի զգուշություն որոշում է Բելգրադի եւ նրա շրջանի բոլոր հայերին հավաքել եւ Ինոնյուի այցելության օրերին հսկողության տակ պահել: Իր այս որոշումը ոստիկանապետը հայտնել էր Բելգրադի հայ ազգային խորհրդի ատենապետին, գանգատվելով նաեւ, թե Սողոմոն Թեհլիրյանը ձեր միջավայրում է, իսկ ինքը այդ մասին ոչ մի լուր չունի: Ազգային խորհրդի ատենապետը հայտնում է ոստիկանապետին, որ Բելգրադի մեջ ինքը Սողոմոն Թեհլիրյան անունով մարդ չի ճանաչում: Ես փոխել էի ազգանունս, գրվում էի Մելիքյան եւ այդ պատճառով էլ ոստիկանապետը չէր կարողացել գտնել ինձ:
Այդ օրերին գործով բացակայում էի Բելգրադից, եւ այնպես պատահեց, որ վերադարձա Ինոնյուի ժամանելուց քիչ անց:
Մեր տանը տեսա հայ ազգային խորհրդի ատենապետին եւ տիկնոջսՙ Անահիտին, որոնք սարսափած էին Բելգրադի ոստիկանապետի ձեռնարկած միջոցառումներից, այն էՙ բոլոր հայերի մեկուսացումից:
Ատենապետը իր մտահոգությունը հայտնեց եւ խնդրեց, որ ես թաքնվեմ, քանի որ ոստիկանությունը եղել էր նաեւ մեր տանը:
Իսկ ես մի քիչ նեղացած, կնոջս ասացի, որ պետք էր ոստիկանապետին հայտներ իմ ինքնությունս: Տիկինս պատասխանեց.
– Վախեցա, որովհետեւ թուրքերը կարող են պահանջել քեզ եւ սերբերը կարող են հանձնել, եւ ո՞վ կարող է փրկել քեզ նրանց ձեռքից:
Տանը մի փոքր հանգստանալուց հետո, առանց կնոջս որեւէ բան հայտնելու ուղղակի գնացի ոստիկանատուն եւ ներկայացա ոստիկանապետին: Թթված դեմքով նա մի աթոռ հրամցրեց եւ ասաց.
– Պարզվում է, որ Սողոմոն Թեհլիրյանը բնակվում է մեր քաղաքում եւ ես տեղյակ չեմ: Եթե պատահի, որ նա մի փորձանք բերի Թուրքիայի վարչապետի գլխին, վա՜յ ինձ: Մեռած օրս է լինելու: Ես ի՞նչ ոստիկանապետ եմ, որ տեղեկություն չունեմ նրա որտեղ գտնվելու մասին:
Ոտքի ելա, գլուխս բարձր, հայտարարեցի.
– Սողոմոն Թեհլիրյանը կանգնած է Ձեր դեմ:
Ոստիկանապետը մի պահ քարացած ինձ էր նայում, հետո ոտքի ելավ, ձեռքը երկարեց, ու մոտենալով փաթաթվեց ինձ եւ սկսեց համբուրել:
– Ես քեզ մինչեւ հիմա Մելիքյան ազգանունով էի ճանաչում, ինչո՞ւ էիր ինձանից թաքցնում ինքնությունդ: Հետո շեշտեց.
– Դու չես բանտարկվի մյուս հայերի նման, դու ազատ ես եւ պետք է լինես այն երթուղու ճամփի վրա բազմության առաջին շարքում, որտեղով պետք է անցնի Ինոնյուն: Սակայն խոսք տուր, որ … վատ արարք չպետք է կարտարես:
Պատվո խոսք տվեցի:
Երբ հաջորդ օրը Ինոնյուի շքախումբը անցնում էր իր երթուղով, ես այնտեղ էի, ամբոխի առաջին շարքում եւ տեսա ոստիկանապետին, որ վիզը ծռած ինձ էր նայում: Ժպիտով բարեւեցի իրեն եւ ձեռքերս խաչաձեւեցի վստահություն ներշնչելու համար:
Հետո գնացի այն տունը, որտեղ բանտարկված էին մեր հայրենակիցները: Ինձ տեսնելուն պես նրանք ուրախացան:
Հաջորդ օրը գնացի ոստիկանապետի մոտ, որը ճակատս համբուրեց եւ ասաց.
– Ես հարգանք ունեմ հերոսների հանդեպ: Դուն ազգիդ վրեժը լուծեցիր: Երանի՜ շատ Սողոմոններ լինեին մեր մեջ: Ժամանակին մենք էլ ենք շատ տառապել թուրքերի լծի տակ:
Երբ ոստիկանապետը այս խոսքերն ասում էր, դեմքին ժպիտ եւ ուրախություն կար:
Մինչեւ վերջ մենք մնացինք բարեկամներ եւ բոլոր հայերս օգտվեցինք իր բարյացակամությունից: Եվ երբ վերջնականապես Սերբիայից հեռանալուս առիթով գնացի իր մոտ մնաս բարով անելու, դարձյալ գրկեց ինձ եւ ճակատս համբուրեց թաց աչքերով»: