Վերջերս ՀԱԷԿ 2 նախագծի շրջանակներում կայացավ կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը:
Առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն էր: Հայկական ատոմակայանում աշխատում են իրենց գործի գիտակ մասնագետներ, եւ ղեկավարությունը հավասարապես կարեւորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի շարունակական վերապատրաստման հարցը: Այս առումով ՀԱԷԿ-2 նախագծի հնարավոր իրականացումը հատկապես հեռանկարային եւ խոստումնալից կարող է լինել՝ երիտասարդ սերնդի համար խթանելու էներգետիկ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:
Քննարկումների ընթացքում կարեւորվել է ՀՀ ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը, երկկողմանի առաջարկների դիտարկումը, ինչպես նաեւ լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղված հայկական կողմի պահանջարկների ուսումնասիրությունն ու դրանց իրականացումը:
Քննարկվել են նաեւ առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների համար:
Հարկ է նշել,որ Հայկական Աէկ-ում 2023թ. մարտ ամսվա էլեկտրական բեռնվածքը կազմել է 426.1 ՄՎտ,իսկ էլեկտրական էներգիայի արտադրությունը` ավելի քան 317 միլիոն ԿՎտժ: Լավ ցուցանիշ է:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ