Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի շուրջ վերջին օրերին ծավալված թուրքական ծագման սկանդալին երեկ հանգուցալուծում է տվել Ազնավուրն ինքը` իր ֆեյսբուքի էջում գրելով, թե ինքը հարցազրույց չի տվել թուրքական «Posta» թերթին եւ վիրավորված է նողկալի մեքենայությունից: Հիշեցնենք, որ թուրքական թերթում արմատներով հայ լրագրող Էրքան Օզերմանի հրապարակած հարցազրույցում իբր Ազնավուրն ասել է, թե իր մայրը թուրք է, ու, առհասարակ, Ազնավուրին վերագրվել էին մի շարք թուրքահաճո արտահայտություններ: Ավելի ուշ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հերքել էր, որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել թուրքական թերթին: Այնուամենայնիվ` Օզերմանը, մինչեւ Ազնավուրի գրառումը «Ակօսում» պատմել էր, որ ճաշել է Ազնավուրի հետ, եւ նա տեղյակ է եղել, որ հարցազրույց է տեղի ունենում: Իսկ թե «ճաշելով խոսելն» արդյոք հարցազրո՞ւյց է, եւ իրականում ի՞նչ է խոսվել` հավանաբար Ազնավուրն ինքը դեռ առիթ կունենա մանրամասն անդրադարձ անելով այս թեման ի վերջո փակելու: