Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Էդվարդ Ասրյանն այս մասին ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը։
Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասաց Ասրյանը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ արձանագրեց, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է․ «Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասաց Կատրին Կոլոնան։