Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ

16/01/2015
- 16 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Եվրոպայի երկրներում մահմեդական համայնքների ազդեցությունը շարունակ ուժեղանում է դրանց ստվարացմանը զուգընթաց: Ներկայումս Եվրոպայում արդեն 19 մլն մահմեդական է ապրում: Որոշ երկրներում կան զուտ իսլամական կուսակցություններ, իսկ շատ քաղաքներումՙ մահմեդական շրջաններ, ուր օտարները, ներառյալ ոստիկանները, նախընտրում են չմտնել: Հետզհետե խորանում է մահմեդականների զատվածությունը բնիկ ժողովուրդներից, նրանց ավանդույթներից ու կանոններից:

Մարոկկոյի եւ Ալժիրի բնակիչներն առաջին անգամ զանգվածաբար Եվրոպա գաղթեցին 1950-ականներին, երբ այնտեղ աշխատուժի հսկայական պահանջարկ կար: Ներգաղթյալների մեծ մասը բնակություն էր հաստատում համահավաք կերպով, եւ խոշոր քաղաքներում առաջացան «մահմեդական շրջաններ», որոնք բավական թույլ էին կապված մնացյալ եվրոպական հանրույթի հետ: Հայտնի են մասնավորապես Փարիզի «թեժ արվարձանները», ուր ոստիկաններն անգամ վախենում են մուտք գործել: Մինչդեռ Համբուրգի մահմեդական շրջանը բավական բաց տարածք է, եւ տեղաբնակ գործարարների զգալի մասը զբաղվում է զբոսաշրջությամբ (էժան հյուրանոցներ եւ հուշանվերների վաճառք): Այդուհանդերձ տվյալ շրջանը աֆրիկյան կամ արաբական է եւ բնավ ոչ գերմանական: Բանն այն է, որ շրջանների եւ քաղաքամասերի սահմաններից բացի կա նաեւ անտեսանելի սահման, որը եկվորներին բաժանում է բնիկ ժողովրդից:

Եվրոպայի մահմեդական համայնքները տասնամյակներ շարունակ ստվարացել են, բայց քաղաքական կյանքին դրանց մասնակցության հարցը միայն վերջերս է հայտնվել գործնական ոլորտում: Մինչ այդ մահմեդականները չէին ձգտում ստեղծել սեփական քաղաքական կուսակցություններ եւ նախընտրում էին իրենց շահերն առաջ մղել արդեն գոյություն ունեցող քաղաքական կառույցների միջոցով:

Եվրոպացի մահմեդականների մեծ մասն ավանդաբար աջակցում է ձախամետ կուսակցություններին, որոնք հանդես են գալիս ներգաղթի ազատական քաղաքականության, աղքատների սոցիալական ծրագրերի եւ «բազմամշակութային» միջավայրի զարգացման օգտին: Սակայն նման համագործակցության ընձեռած օգուտների լիմիտը գրեթե սպառված է: Դրա վկայություններից մեկն այն է, որ Ֆրանսիայում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի նախագահ դառնալը մահմեդականներին չօգնեց վերականգնել հիջաբ կրելու իրավունքը: Բացի դրանից, Եվրոպայում ուժեղացող հակաիսլամիզմը շատ շուտով նույնիսկ ձախերին կստիպեն սահմանափակել էթնոկրոնական փոքրամասնություններին աջակցելու փորձերը:

Ներկայումս Եվրոպայում գործում է առնվազն երկու «իսլամական» կուսակցություն. մեկը Իսպանիայի «Վերածնության եւ միասնության կուսակցությունն» է, մյուսըՙ Հոլանդիայի «Իսլամական ժողովրդավարների կուսակցությունը»: Վերջինս առավել ակտիվ է Հաագայում, որտեղ արդեն մի քանի ներկայացուցիչ ունի քաղաքային խորհրդում: Գոյություն ունեն նաեւ կուսակցության կարգավիճակի ձգտող հասարակական շարժումներ, որոնք առայժմ չունեն զգալի քաղաքական ազդեցություն: Դրանք են «Ֆիննական իսլամական կուսակցությունը» (Ֆինլանդիա), «Իսլամական միավորումների ու կազմակերպությունների դաշինքը» (Իտալիա), «Իսլամական կազմակերպությունների դաշինքը» (Ֆրանսիա), «Արդարության եւ զարգացման լիգան» (Գերմանիա): Ի դեպ, վերջինիս ստեղծումը լայն արձագանք գտավ, քանի որ այդ կազմակերպությունը Թուրքիայի համանուն կուսակցության կրկնակն է: Տվյալ հանգամանքը Գերմանիայում շատերին ստիպեց դատապարտել քաղաքական հին պայքարը նոր տեղ փոխադրելու թուրք ներգաղթյալների փորձերը, իսկ Թուրքիայում «Արդարության եւ զարգացման կուսակցության» ղեկավարները դատապարտեցին տարագիրների «գերմանացի դառնալու» ցանկությունը:

Եվրոպայում բոլոր մահմեդականների քաղաքական համախմբմանը խոչընդոտում է նաեւ ազգային գործոնը, որը կապված է հյուսիսաֆրիկյան էթնիկ արաբների, Թուրքիայից եկածների եւ սեւամորթ մահմեդականների զատվածության հետ: Այդ համայնքներից յուրաքանչյուրն ունի կենցաղի, վարքի եւ նույնիսկ իսլամի ընկալման սեփական նորմերը: Յուրաքանչյուր շրջանում սովորաբար գերիշխում է էթնիկական խմբերից որեւէ մեկը, թեեւ կրոնական մերձավորությունը եւ միանման կենսամակարդակը տարբեր ազգությունների մահմեդականներին թույլ են տալիս համատեղ դիմակայել սոցիալ-տնտեսական դժվարություններին եւ իշխանություններին:

Գերմանիայում մահմեդականները կազմում են բնակչության 5 տոկոսը եւ ակտիվորեն մասնակցում են ընտրություններին, քանի որ նրանց 63 տոկոսը Թուրքիայից էՙ ընտրական պրոցեսում հմտացած երկրից: Սոցիոլոգիական հարցումների տվյալներ վկայակոչող «Լենտա.ռու» կայքէջը նշում է, որ ընտրություններին մասնակցում է գերմանաբնակ թուրքերի մոտ 90 տոկոսը, ինչը էապես բարձր է բնիկ ժողովրդի ցուցանիշից: Թուրքերի քաղաքական ռազմավարությունը հիմնված է առավելապես սոցիալ-դեմոկրատների եւ «կանաչների» աջակցման վրա, մի փոքր մասն էլ նախընտրում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը: Դրա շնորհիվ մահմեդականների էթնիկական խմբերի մի շարք ներկայացուցիչներ բարձր պաշտոններ են զբաղեցնում Գերմանիայի քաղաքական կուսակցություններում: Նրանց թվում են «Կանաչների» կուսակցության համանախագահ Ցեմ Էզդեմիրը եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Այդան Էզգուզը, որը 2011-2013 թթ. զբաղեցնում էր Գերմանիայի ներգաղթի նախարարի պաշտոնը:

Սկզբունքորեն այլ իրավիճակ է Ֆրանսիայում, որտեղ մահմեդական բնակչության 80 տոկոսը կազմում են Մաղրիբից (Ալժիր, Թունիս, Մարոկկո) եկածները: Նրանց քաղաքական վարքագիծն ուրիշ է: Ընտրություններին մասնակցում է մահմեդականների փոքր մասը. նրանք կազմում են բնակչության 9,5 տոկոսը, մինչդեռ ընտրազանգվածի մեջ ընդամենը 2-5 տոկոս են: Դրա պատճառներն են ընտրությունների նկատմամբ ավագ սերնդի զգալի մասի անվստահությունը եւ սակավ ժողովրդավարական երկրներից եկած բազմաթիվ անձանց ապաքաղաքական կեցվածքը:

Ֆրանսիացի քաղաքագետների կարծիքով, մահմեդականների երիտասարդ սերունդը քաղաքականապես ավելի ակտիվ է, բայց հանդես է գալիս արմատական պահանջներով, որոնց հաճախ չի համապատասխանում նույնիսկ սոցիալիստների ծրագիրը: Իսլամից բացի միասնության այլ ձեւերի չգոյությունը սնուցիչ հող է ստեղծում արմատականության համար: Համենայն դեպս, մինչ ֆրանսիացի մահմեդականների ավագ սերունդը առաջ է մղում երկրի հասարակությանն ու մշակույթին ինտեգրվելու գաղափարը, երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ ընտրում են հասարակության հետ առճակատման ուղին:

Ինչպես իսլամական արմատականությունը, այնպես էլ եվրոպական հանրույթի հետ լիակատար ձուլումը ծայրահեղ տարբերակներ են, որոնք ընտրում է եվրոպացի մահմեդականների մի փոքր մասը: Ֆրանսիայում շատ ավելի բարդ խնդիր է մահմեդական երիտասարդության մի մասի քրեական պատասխանը ընթացիկ սոցիալական պայմաններին: Թեեւ մահմեդականները կազմում են բնակչության 9,5 տոկոսը, բանտարկյալների 60 տոկոսը իսլամի հետեւորդներ են: Էթնիկապես առանձնացած բազմաթիվ շրջաններում երիտասարդների հակաօրինական գործունեությունը համարվում է ընդունելի վարքագիծ:

Կարգի պահապանների բռնության դեմ բողոքելու պատրվակով 2005 թ. ծավալված զանգվածային ելույթներից ու խժդժություններից հետո ֆրանսիական ոստիկանությունը դուրս մղվեց քաղաքներում առավելապես մահմեդականներով բնակեցված բազմաթիվ աղքատ շրջաններից: Այդ ելույթները պայմանավորված էին ոչ թե քաղաքական կամ կրոնական ուսմունքներով, այլ երիտասարդության հասարակական թույլ ինտեգրմամբ: Նման աղքատ եւ քրեածին կղզյակների կամ «զգայուն գոտիների» թիվը Ֆրանսիայում 751 է, Փարիզումՙ 9: Պաշտոնապես այդ շրջանները պետք է լինեն տեղական իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց իրականում «զգայուն գոտու» կարգավիճակը խոստովանությունն է այն բանի, որ կողմնակի անձինք (ներառյալ ոստիկանները) այնտեղ անելիք չունեն:

Գերմանիայում մահմեդականների «քաղաքականացումը» թույլ է տալիս օրենքի շրջանակներում զբաղվել լոբբիստական գործունեությամբ: Համբուրգի եւ Բրեմենի մահմեդական համայնքներն արդեն պաշտոնապես ճանաչված են որպես քաղաքական սուբյեկտներ: Քաղաքային իշխանությունները նրանց հետ կնքել են համաձայնագրեր ոչ միայն մզկիթների համակարգի զարգացման, այլեւ իսլամական տոների ճանաչման եւ մահմեդական բանտարկյալների անվճար կերակրման վերաբերյալ:

Մոտ ժամանակներս Եվրոպայի «իսլամացումը» քիչ հավանական է եվրոպական հասարակության մեջ անչափ մեծ է անվստահությունը ներգաղթյալ մահմեդականների հանդեպ: Օրինակ, Ֆրանսիայում եւ Գերմանիայում բնակչության կեսից ավելին համոզված է, որ այդ երկրներում մահմեդականները չափազանց շատ են եւ որ ներգաղթի հետեւանքով նրանց թվի հետագա աճը կարող է վտանգավոր լինել:

«Մահմեդական» շրջանները փաստացի ինքնավար միջնատարածքների վերածելու ֆրանսիացիների ու գերմանացիների փորձերը լոկ ամրագրում են դրանց մեկուսացվածությունը եւ դրանք դժվարամատչելի դարձնում ավանդական պետական կառույցների համար: Դա կարող է հանգեցնել հանրույթի շրջանակներում վատ հարմարված եւ նույնիսկ խորթ խմբերի պահպանմանը: Ճիշտ այդպես էլ սեփական քաղաքական կուսակցությունների ձեւավորումը նպաստում է հասարակությունից մահմեդականների դուրսմղմանը:

Սոցիալ-մշակութային զարգացման եվրոպական մոդելի շրջանակներում, ցավոք, չկան ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներ: Թե՛ Գերմանիայի «քաղաքական» ուղին եւ թե՛ Ֆրանսիային բնորոշ կոշտ առճակատումը հանգեցնում են բնիկ եվրոպացիներից մահմեդականների մշտական առանձնացմանը եւ նրանց ներհակության խորացմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԻ ԱՍՏԱՆԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական