Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրության, 8 անգամ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, 8-ն էլ անհաջող: Հայկական կողմն ունեցել է մեկ զոհ: Ադրբեջանն իր զոհի, կամ զոհերի մասին լռում է:
Հայ-ադրբեջանական սահմանից բավականին հեռու, Գյումրիում նույն օրը հրաժեշտ էին տալիս Ավետիսյան ընտանիքի վերջին անդամին` փոքրիկ Սերյոժային: Գյումրիի իրադարձությունը կարծես Գյումրիի նոր երկրաշարժ լիներ, այդքան ցնցել էր, եւ ոչ միայն Գյումրին:
Իհարկե մեզ բաժին հասած հակառակորդը անցյալում էլի սադրիչ, դիվերսիոն գործողություններ իրականացրել է, եւ ավելի շատ դրանց փորձեր, բայց փաստ է, որ Ադրբեջանը ակտիվանում է հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանում հայ-ադրբեջանական սահմանն ամենեւին էլ ուշադրության կենտրոնում չի լինում, երբ ժողովուրդն այլ` ցասման պատճառներ ունի, երբ ժողովուրդը բողոքում է` իշխանությունների դեմ, ռուսական բազայի դեմ, եւ այլն: Հատկապես այս առիթը հրաշալի էր ադրբեջանական կողմի համար, բացի նրանից, որ ամբողջ Հայաստանը շփոթի մեջ է եւ ցնցված, գլխավոր մեղավորը ՌԴ քաղաքացի էր, ռուս զինվորական, եւ Հայաստանում, բնականաբար, սկսվել էին եւ դեռ շարունակվում են հակառուսական տրամադրություններ: Նման գործողություններ ձեռնարկելով Ադրբեջանը բացի ամեն ինչից ցանկություն ուներ ցույց տալու,որ հենց Ռուսաստանն է, որ սահմանում լարվածություն է հրահրում, այդկերպ` իր դեմ տրամադրված հայաստանցիներին կարծես հորդորելով` խելոք մնալ, թե չէ…
Պատահական չէ,որ Հայաստանում ոմանք ադրբեջանական այս` վերջին ակտիվացումը կապում են հենց ռուսական գործոնի հետ, այսինքն, փորձելով կանխել իր դեմ Գյումրիում եւ Գյումրիից տարածվող հնարավոր իրադարձությունները` Մոսկվան լարված է պահում հայ-ադրբեջանական սահմանը, դրանով իսկ հայերին ցույց տալով` երեք բան. նախ, որ հայերի թշնամին ոչ թե Ռուսաստանն է, այլ Ադրբեջանը, որ ներքին որեւէ խռովություն կարող է առաջացնել սահմանային լարում, հետեւաբար պետք է խուսափել ներքին իրավիճակի լարումից, եւ, որ առանց Ռուսաստանի Ադրբեջանի դիվերսիոն փորձերը կարող են հաջողությամբ պսակվել, այլ կերպ ասած` Հայաստանում ռուսական ներկայության գործոնն է, որ զսպում է Ադրբեջանին, եւ ամեն անգամ, երբ այդ գործոնի առկայությունը կվիճարկվի, Ադրբեջանը կարող է դիմել այս եւ ավելի ծանր հետեւանքներ ունեցող գործողությունների:
Մի բան, սակայն, մոռացվում է, ընդ որում` անթույլատրելիորեն: Ճիշտ ղարաբաղայն շարժման մեկնարկին Գյումրին, Հայաստանը ցնցվեց Գյումրիի, եթե թույլ կտաք` «առաջին երկրաշարժից», բայց Հայաստանը այդ համապատկերում էլ կարողացավ կռվել եւ հաղթել, ընդ որում` միայնակ, ինքն իր ուժերով, ավտոմատների դիմաց` իր որսորդական ու պապենական հրացաններով, ընդ որում` առանց Մոսկվայի աջակցությունը ստանալու, կամ գործողություններում Մոսկվայի կողմից սատարվելու, լրիվ ինքնուրույնաբար, անկախ:
Ուրեմն անգամ խառնաշփոթի, համազգային ցնցման պարագայում մենք կռվել եւ հաղթել գիտենք, այնպես, որ` խելո՛ք մնացեք: