ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ենթադրում է անդամ երկրներից որևէ մեկի կողմից Պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյայի՝ ՀՀ գործուղում. «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, որ այդ փաթեթը ենթադրում է նաև ռազմական աջակցություն։
«Փաթեթը, հիմնականում, այդ դիտորդական առաքելության մեջ, օրինակ, պաշտպանության նախարարությունից գնդապետի նշանակման մասին է, որը պետք է պայմանական մեկ անդամ երկիր գործուղի Հայաստան։ Հիմնականում սրա մասին է», – նշել է ԱԽ քարտուղարը։
Դիտարկմանը՝ արդյոք այդ փաթեթով չի ենթադրվում նաև սպառազինության մատակարարում, Գրիգորյանը պատասխանել է․
«Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք, և չի կարող որևէ տեղում Հայաստանին զենքի ու զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի և Հայաստանը հրաժարվի»։
Գրիգորյանը նաև հայտարարել է. «Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի և այս միջադեպը պետք է դիտել հենց այս տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել»։