Ջեյմի Մեցլի նոր գիրքը
Ամերիկայում մի երիտասարդ կին է մահանում 2023 թվին հալյուցինացիա առաջացնող թմրադեղի օգտագործումից, փիլիսոփայության գծով դոկտորի աստիճան ունեցող մի լրագրող հետազոտում է գործը: Կասկածվում է հայտնի ավետարանչական մի գործիչ: Ավետարանչական պահպանողական առաջնորդներ դեմ են Ամերիկայի վրա հզոր Չինաստանի ունեցած տնտեսական ազդեցությանը: Իսկ մոլեռանդ ծայրահեղականներ բռնություն են կիրառում կենսաբանական ուսումնասիրությունների կենտրոնների եւ աբորտի կլինիկաների դեմ: Այս ամենին գումարվում են ծագումնաբանական փորձարկումներ եւ սիրո պատմություն: Իսկ ի՞նչ կապ ունեն այս բոլորը հայերի հետ, հարցնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» աշխատակից Արամ Արքունը: Պարզվում է, լրագրողը ամերիկահայ է Տիգրան Ազատյան անունով:
Հայկական ընտանիքի շուրջ հյուսվող պատմությունը գրող, հասարակական գործիչ եւ պատմաբան Ջեյմի Մեցլի (Jamie Metzl) Նյու Յորքում հրատարակված «Genesis Code» խորագրով նոր վեպի սյուժեն է: Թրիլլերը քննարկում է ծագումնաբանության ոլորտում առաջխաղացումների արդյունքը միջազգային քաղաքականության վրա:
Հայերի մասին հավելյալ տեղեկություններ հեղինակին հաղորդել է Դեբորա Դեւեջյանը: Լինելով Հոլոքոսթը վերապրողների հետնորդ Մեցլը լավ է հասկացել հայերի ցավը, ժխտողականության ազդեցությունը եւ սփյուռքահայերի առաջ կանգնած խնդիրները: Վեպում լրագրող Ազատյանը, որի նախնիները Սեբաստիայից են, հաճախ է խորհրդածում անցյալի մասին: Մի առիթով, օրինակ, նա ասում է. «Ես պայքարել եմ ոչ միայն վառ պահելու անցյալի իմ ժառանգությունը, այլեւ ընդդեմ այս քաղաքակրթության, որ սպառնում է խլել ինձնից իմ ինքնությունը» (էջ 63): Մեցլի կարծիքով Ցեղասպանության ճանաչումը առաջին քայլն է, որ Թուրքիան կարող է անել վերքը սպիացնելու եւ բազմամշակութային հասարակություն կառուցելու համար:
«Հույս ունեմ, որ Թուրքիան քաղաքական հասունությունը կունենա հետեւելու Գերմանիայի օրինակին», ասել է նա:
Հայկական գունավորումից անկախ, ըստ տեղեկատվության, վեպի հիմնական թեման պտտվում է ընթացիկ «ծագումնաբանական հեղափոխության» մարտահրավերների շուրջը:
Ջեյմի Մեցլը Բրաուն համալսարանի շրջանավարտ է: Դոկտորական է պաշտպանել Օքսֆորդի համալսարանում հարավարեւելյան Ասիայի պատմության գծով: Ստացել է նաեւ իրավաբանական կրթություն Հարվարդում: Քլինթոնի վարչակարգի օրոք զբաղեցրել է միջին պաշտոններ Մ. Նահանգների ազգային անվտանգության խորհրդում, պետքարտուղարությունում եւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Ներկայիս «Ասիա ընկերության» ավագ աշխատակից է, նաեւ «Ատլանտյան խորհուրդ» ընկերության Բրենտ Սկոուքրոֆթ կենտրոնի Տեխնոլոգիայի եւ ազգային անվտանգության գծով ավագ գիտաշխատող: Հիմնադիրն է ազգային անվտանգության «Գործընկերություն հանուն անվտանգ Ամերիկայի» կազմակերպության: Կարծում է «ծագումնաբանական հեղափոխությունը» ավելի ուժեղ է լինելու, քան թվային կամ համակարգչային հեղափոխությունը:
Նրա առաջին գիրքը կամբոջական ցեղասպանության մասին է եղել (1996 թ.): «Genesis Codeը» շուտով թարգմանվելուէ այլ լեզուներով եւ հավանական է ունենա շարունակություն դարձյալ գլխավոր կերպարիՙ Տիգրան Ազատյանի մասնակցությամբ: