Մենք` ներքոստորագրյալներս, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, դիմում ենք հասարակությանը, իշխանությանն ու ընդդիմությանը:
Այլեւս անհերքելի փաստ է, որ երկրում կուտակվել են համակարգային հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետք է վաղուց սկսված լիներ: Անհետաձգելի պահանջ է դարձել կառավարման այնպիսի համակարգի ձեւավորումը, ուր ազգի ստեղծագործական ներուժը պահանջված կլինի սեփական հայրենիքում, ուր կբացառվեն օլիգարխիական մենաշնորհային դրսեւորումները, կոռուպցիան, ստվերը, սոցիալական բեւեռացումը, հասարակության տարանջատումը յուրայինների եւ օտարների, իրավական համակարգի անարդարությունները եւ բազմաթիվ նման երեւույթներ:
Հանրահայտ է, որ հասարակության դժգոհության ու վրդովմունքի հարուցողը երկրի տնտեսական եւ հոգեւոր-գաղափարական զարգացման ռազմավարության բացակայությունն է, որով էլ պայմանավորված է արտագաղթի, աղքատության եւ համընդանուր հուսալքության աննախադեպ աճը եւ հիմնախնդիրների եւս մի ամբողջ շարք: Սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական վտանգավոր մարտահրավերների պայմաններում, երբ հայության ուշադրությունը կենտրոնացած պետք է լինի Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին, երկրում զարգանում է ոչ քաղաքական գործընթաց, ինչը հասարակությանը հասցնում է անորոշության անդունդի եզրին, որտեղ առկա են միայն ազգային արժանապատվության ոտնահարում, ազգային դիմազրկում եւ այլ վտանգավոր երեւույթներ:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավանդույթ ունի ներքին տարաձայնությունները լուծելու առանց հարեւանների միջամտությանՙ կարեւորելով ընտանիքի ամբողջական եւ ոչ թե անհատական շահերը: Անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, մենք կողմ կլինեինք երկրի Նախագահի այն տեսակետին, որ անհրաժեշտ է մաքրել քաղաքական դաշտը ոչ քաղաքական գերաճուկներիցՙ վերացնելով նաեւ օլիգարխիական համակարգը, ինչին կնպաստեին սահմանադրական բարեփոխումները, եթե այդ պահանջը վերաբերեր բոլոր կողմերին եւ հատկապես` իշխող թիմին:
Կարծում ենքՙ իշխանությունը չպետք է իրեն բավարարված զգա միայն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեղմացմամբ, քաղաքական դաշտից այս կամ այն գործչի հեռացմամբ կամ բարձրագույն պաշտոնների հավակնության կանխումով:
Մենք համոզված ենք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը համակարծիք է, որ այս գործընթացը մեզ անհրաժեշտ է հանուն այն Հայաստանի կայացման, որի մասին երազում է ամեն մի հայ: Հետեւաբար, պահանջում եւ ակնկալում ենք ՀՀ նախագահի կողմից մատնանշված մոտեցումը միջանձնային հարաբերությունների դաշտից վերջապես տեղափոխել պետականաշինության ոլորտ եւ գործել առավել անաչառ եւ օբյեկտիվ: Միայն այն դեպքում, երբ այդ պահանջներին ենթարկվեն նաեւ բոլոր «յուրայինները», հասարակությունը կպաշտպանի հայտարարված գործընթացը, որը մեր կարծիքով պետք է գարնան հորդառատ հեղեղի պես մաքրի տարիներ շարունակ կուտակված աղբը ու ոչ մի դեպքում չդառնա մեկ գործողությամբ ներկայացում, որի վարագույրը դեռ չբացված կփակվի` վերջնականապես տապալելով տիրող կարգերի առողջացման բոլոր հույսերը:
Համոզված ենք նաեւ, որ այս հակամարտությունը ինչով էլ որ ավարտվի, կարթնացնի հասարակության այն կարող խավը, որն իր հավատով եւ կամքով այլեւս չի նահանջի եւ ի զորու կլինի դառնալու իրական Հայաստանի կերտողն ու կառուցողը: