Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ծանր օրերի շրջան…

Երվանդ Ազատյան, մեր ժամանակների մեծերից մեկը, մեծատառով մարդ, իրական մտավորական. նրանք պարզապես չեն դիմանում…

Այո, վերահաս հիվանդությունը կհաղթահարեր, եթե ներքուստ քայքայված, ընկճված, թեւաթափ չլիներ:

Նման անհատները դժվար են  համակերպվում  հայրենիքի կորստի հետ: 
«Ազգ» թերթում Երվանդ Ազատյանի ընթերցողներից մեկն եմ: Նրա հոդվածները պարբերաբար ներկայացրել եմ  «Հայ մամուլի տեսություն» եւ «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հայտագրերով: Նրա յուրաքնչյուր խոսքը մի բաց նամակ էր ուղղված աշխարհին:
Դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազեանի գործունեության  մասին հոդված էի ուզում գրել եւ այդ առիթով Փարիզում հյուրընկալվել էի իր բնակարանում: Երվանդ Ազատյանի լուսանկարը տեսա, ասաց՝ մայրիկիս ամուսինն է, շատ կսիրեմ, եւ այդ սերը փոխադարձ է: Պատմեց նրա մարդկային որակների մասին, շեշտելով, որ շատ ազնիվ ու հայրենասեր մարդ է:

Ի դեպ, այդ հոդվածը 2013թ.  «Օդի, ջուրի, հացի նման, մենք պետք ունինք հպարտութեան: Վահան Թեքեան» վերնագրով տպագրվել է «Ազգ» թերթում:

Մեծ ցանկություն առաջացավ գոնե մեկ անգամ հանդիպել, զրուցել  Երվանդ Ազատյանի հետ:  Ինչպես ասում են՝ երազանքս կատարվել է:  Առաջին անգամ  Երվանդ Ազատյանին հանդիպել եմ 2017թ. Երեւանում, Հայաստան- Սփյուռք 6 -րդ համաժողովի օրերին: Առիթը բաց չեմ թողել, լուսանկարվել եմ, լավ տրամադրություն ունեինք, սեպտեմբերի 21- ին  Սփյուռքի բոլոր հրավիրյալների մասնակցությանբ Պաշտպանության նախարարության տարածքում մեծ խանդավառությամբ նշվեց  Հայաստանի  անկախության օրը:

Երկրորդ ու ցավոք վերջին անգամ, արդեն ինձ շատ հարազատ դարձած Երվանդ Ազատյանին տեսա «Ազգ» թերթի խմբագրությունում, շնորհակալ եմ, որ հենց նույն օրն էլ հրավիրվել էի խմբագրություն: Հետաքրքրական զրույց ստացվեց, ընդհանուր ժողով ունեին, այդ ժողովի ժամանակից տրամադրեցին ինձ: Կրկին ցանկություն առաջացավ լուսանկարվել: Ինձ համար պատիվ էր կանգնել երկու ականավոր դեմքերի կողքին:

Երբ տուն վերադարձա, նայեցի լուսանկարին, հուզվեցի, երկուսն էլ մտահոգ դեմք ունեն:
Առաջին լուսանկարում  Երվանդ Ազատյանի դեմքին ինքվստահություն կա, որովհետեւ հաղթանակած երկրի անկախության տոնն էինք նշում:

Այսպիսին են մեծերը՝ նրանք ծնվում են ճիշտ ժամանակին, ապրում տվյալ ժամանակի ցավերով ու հոգսերով, եւ մեկ օր այսպես,  անհանգիստ ու փոթորկված հոգով հեռանում կյանքից:
Երվանդ Ազատյանն անփոխարինելի  է, հայոց աշխարհում եւս մեկ հայրենանվեր մարդու  տեղ թափուր մնաց: Ցավակցում եմ բոլորիս:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆՓԱՐԻԶ, 28.03.2023թ.