Յենան Գերմանիայի մեզ հայտնի միակ քաղաքն է, որ Հայոց ցեղասպանության հուշահանդեսներից բացի արդեն երկրորդ տարին անընդմեջ իր սգակցության «համերաշխությունը» եռագույն դրոշի գույների փոփոխությամբ է նաեւ արտահայտում: 2014-ի ապրիլի 24-ին քաղաքապետարանի շենքի վրա ՀՀ դրոշն էր դրվել, իսկ 100-ամյակի առիթով նույն շենքի վրա իջեցվելու է ԳԴՀ պետական խորհրդանիշըՙ ձողն կիսով չափ վարՙ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:
Գերմանական զանգվածային լրատվամիջոցներն, անշուշտ առցանց լրատվական հոսքն առաջին հերթին, կարծես «անսահմանափակ», անդրադառնում են այն ամենին, ինչն առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային: Դրա լուսաբանումն իհարկե ամեն տարի եղել է, ապրիլին բնականաբար ավելի հաճախակի, բայց այն օպերատիվությունն ու աչալրջությունը, որ նկատելի է 100-ամյակի առիթով, մանավանդ Գերմանիայի Բունդեսթագի ապրիլ 24-յան առաջիկա նիստին ընդառաջ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսիՙ իրերն իրենց անունով կոչելուՙ հայոց ոճիրը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելու շեշտադրմամբ, իսկապես կարելի է լրագրողական համայնքիՙ կառավարությանն ու Բունդեսթագին ուղերձ-ճնշում համարել: Լոբբիինգ չունեք, լրագրողներս կօգնենք, մեր հարցազրույցում գերմանացի գործընկերոջսՙ Յուրգեն Գոթթշլիխի խոստումն իրականություն է դառնում: Եթե գիշերն արթուն չմնամ, չեմ էլ հասցնի բոլորը կարդալ, առցանց հետեւել. ճնշման մեքենան իհարկե անխափան աշխատում էՙ դեմոկրատական ավանդույթների յուղն այստեղ անընդհատ է փոխվում, բայց գրելու նյութը յուղը չի այրում, այլՙ լրագրողի արդար հացին անընդհատ թթխմոր են մատակարարում հենց Թուրքիայի իշխանություններիՙ եվրոպական բաղադրատոմսից հեռու անսովոր հիմնավորումներն ու վիրավորանքները, սպառնալիքները:
Ապրիլի 13-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կաթոլիկ քահանայապետին մեղադրեց «ռասիզմի» մեջ, հաջորդ օրը նախագահ Էրդողանը Ֆրանցիսկոս պապին զգուշացրեցՙ առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն այլեւս չորակել որպես ցեղասպանություն: «Երբ քաղաքական գործիչները եւ հոգեւորականները պատմաբանների աշխատանքն են ստանձնում, ոչ թե ճշմարտությունն է ի հայտ գալիս, այլ այսօրվա օրինակովՙ անմտությունը», ասել է Էրդողանը: Այս հայտարարությունները Թուրքիային ավելի են մեկուսացնում, մանավանդ Եվրոխորհրդարանի ապրիլի 15-ին ընդունած բանաձեւից հետո, թվում էՙ Եվրոպայի առաջնորդությունը ստանձնած Գերմանիայում լրջորեն մտածում են առաջիկա ձեւակերպումների վերաբերյալ: Գերմանացի մեր գործընկերների մեկնաբանություններից դատելով, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններն առաջիկայում ծանրանալու են: Վեճն անխուսափելի է, կանխատեսում է t-online առցանց լրատուն: Գերմանիայում ավետարանական եկեղեցին եւ գերմանական եպիսկոպոսաց խորհուրդը իրազեկել են, թե ԳԴՀ-ում քրիստոնեական եկեղեցին ցանկություն ունի Բեռլինի տաճարում ապրիլի 23-ին Դաշնային նախագահ Յոախիմ Գաուքի հետ միասին հարգանքի տուրք մատուցել «Օսմանյան կայսրության հայերի, արամեացիների, Պոնտոսի հույների դեմ գործված ցեղասպանության» զոհերի հիշատակին:
«Ազգ»-ի ընթերցողներին արդեն իրազեկել ենք, որ Գաուքը Գերմանիայի առաջին նախագահն է, որ հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արդեն փոփոխություն է մտել այդ օրվա ծրագրում, նախագահը ելույթ է ունենալու: 2012-ից ԳԴՀ նախագահի պաշտոնը ստանձնած Գաուքը հոգեւորական գործիչ է եղել եւ նրան, ենթադրելի է, չէր կարող անտարբեր թողնել Պապի «ցեղասպանություն» բառ-կնիքը, մանավանդ որ ԳԴՀ նախագահը փայլուն հրապարակախոս լինելով, լավ է հասկանում բառի արժեքը, մի հանգամանք էլՙ մարդու իրավունքների պաշտպան Գաուքը անկուսակցական է: Ուրեմն ապրիլի 23-ի պատարագի ավարտին նախատեսված նրա ելույթը չի կարող զերծ լինել քաղաքական ուղերձներից, որքան էլ որ ամբիոնը եկեղեցում լինի:
Այս ենթադրությունն անելիս հենվում ենք նաեւ «Հայոց ցեղասպանության իրողությունը չպետք է լռության մատնի որեւէ քրիստոնյա» վերնագրյալ հոդվածն ընթերցելիս, որ ապրիլի 14-ի «Դի վելթում» մատուցում է քաղաքական բաժնի խմբագիր Մաթթիաս Քամաննը: Քրիստոնեությունը կրոն է, որ հիշեցնում է մեղքի գիտակցության մասին: Այդ է պատճառը, որ քրիստոնյաները հստակ բարձրաձայնում են օսմանյան տիրակալների իրագործած ցեղասպանության դեմ: Կաթոլիկներն ու բողոքականները այժմ ճշմարտությունն ասելու քաջությունն ունեն, ինչը գերմանական քաղաքականության մեջ հազիվ կգտնես, գրում է հեղինակը ու հավելումՙ նրանք միլիոնից ավելի հայերի տեղահանումն ու սպանությունը ցեղասպանություն են անվանում: Ավետարանական եկեղեցու քահանա Գաուքից հստակ խոսք ենք ակնկալում: Քրիստոնյաները գիտեն, որ սեփական մեղքը ճանաչելուց պիտի սկսեն, ասենքՙ հրեաների, մահմեդականների հանդեպ գործած մեղքի գիտակցումից: Հանցանքի գիտակցումն է, որ հիշողությանը հարկադրում է, պարտավորեցնում ուրիշներից էլ նույնը պահանջել, գրում է Քամաննը:
Ապրիլի 16-ի առավոտյան գերմանական հեռուստատեսության կարճ լուրերի բաժնում անդրադարձ արվեց ապրիլի 15-ի երեկոյան Եվրոխորհրդարանիՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հորդորն ամրագրած բանաձեւինՙ հիշատակելով նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սահմանումըՙ «20 -րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նույն օրվա եթերում երկրորդ ալիքիՙ ZDF-ի մամուլի տեսությունը լուսաբանող «Բեռլիներ ցայթունգի» մեկնաբանը անդրադառնալով Եվրոխորհրդարանի բանաձեւին, Հռոմի պապի ելույթին, հույս հայտնեց, թե Բունդեսթագը ապրիլի 24-ի նիստում հստակ սահմանում կտա միայն «ցեղասպանություն» բառով բնորոշվող եղելությանը, որում Գերմանիայի մեղսակցությունն այլեւս գաղտնիք չէ: Դաշնային նախագահի ապրիլի 23-ի ելույթին էլ անդրադառնալովՙ նկատել տվեց, թե նա էլ, հավանական է, անվանման հարցում չի վարանի:
Առցանց «Շփիգելը» ապրիլի 15-ի երեկոյան Եվրոխորհրդարանի բանաձեւից հետո Թուրքիայի նախագահի արձագանքն է փոխանցումՙ ինչ էլ որ նրանք վճռեն, մեր մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս: Ցեղասպանությո՞ւն: Այդպիսի «մեղքի» մեջ Թուրքիային չես մեղադրի», Էրդողանի ժխտողականությունն է փոխանցում «Դեր Շփիգելը»ՙ ընթերցողներին ներկայացնելով, թե Բունդեսթագի բանաձեւի նախնական առաջարկ-տարբերակում «ցեղասպանություն» բառեզրը վերնագրում եղել է, այնուհետ խմբակցությունների ղեկավարներին, արտգործնախարարությանը տրամադրելուց հետո եզրաբառը ջնջվել է: Կանաչների առաջնորդ Չեմ Էոզդեմիրը կոալիցիային մեղադրում է Էրդողանին «հնազանդվելու» մեջ, Ձախերն էլ պահանջում են «ցեղասպանություն» բառով ամրագրել կատարվածը, այս տեսակետն են պաշտպանում կոալիցիան կազմող քրիստոնյա եւ սոցիալդեմոկրատական կոալիցիան ներկայացնող առանձին պատգամավորներ, որոնցից Բերգներն ու Նիիթանը հիասթափված են, որ գերմանական քաղաքականությունը Թուրքիայի ճնշմանը խոնարհվում է, իսկ քննադատները ենթադրում են, թե Բեռլինը չի ուզում Թուրքիայի հետ հարաբերությունները հավելյալ ծանրաբեռնելՙ տնտեսական շահերին չվնասելու համար, քանի որ բազմահազար գերմանացի գործարարներ երկրում ակտիվ գործունեություն են ծավալում, բացի դրանից գերմանացի դիվանագետները մատնանշում են, թե Թուրքիայում հունիսի 7-ին նոր պառլամենտ, կառավարություն են ընտրելու, եւ սա նկատի ունենալով չեն ուզում «ցեղասպանություն» բառի կիրառմամբ հակաարեւմտյան ուժերին հզորացնել: Առցանց «Շփիգելը» հիշատակում է նաեւ ստամբուլաբնակ գերմանացի լրագրող «Նպաստ ցեղասպանությանը» գրքի հեղինակ Յուրգեն Գոթթշլիխի հորդորը դաշնային կառավարությանըՙ ԳԴՀ պարտավոր է «ցեղասպանություն» բառը կիրառել: «Դի վելթն» իհարկե ապրիլի 14-ին նկատել էր տվել, թե ԱՄՆ էլ խուսափում է «ցեղասպանություն» բառեզրը կիրառելուցՙ փոխանցելով նույն օրը Վաշինգտոնի հորդորըՙ պատմական փաստերի «ամբողջական, անկեղծ, ճշգրիտ ճանաչումը» բոլոր երկրների ու նաեւ Թուրքիայի շահերից է բխում, «ցավալի» անցյալին առերեսումն է «հանդուրժող ապագայի» ճանապարհը:
Ապրիլի 15-ի «Դեր թագեսշփիգելը» նոր բովանդակություն է հաղորդում մինչ այդ մամուլում եղած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերին: «Գերմանիայում հրեաների կենտրոնական խոհուրդը (ՀԿԽ) կողջունի, եթե Դաշնային կառավարությունը հայերի կատորածները որպես ցեղասպանություն ճանաչի, կարդում ենք «Դեր թագեսշփիգելի» հրապարակման մեջ: 100 տարի առաջ օսմանյան կայսրությունում կառավարության հրամանով մեկ միլիոնից ավելի հայեր են տեղահանվել, անմիջապես սպանվել կամ սովյալ ու ծարավ անապատ քշվել», թերթին հայտնել է ՀԿԽ նախագահ Յոզեֆ Շուսթերը (Josef Schuster) հավելելովՙ այս ահավոր իրողությունը պիտի այնպիսի բնորոշում ստանա, ինչպիսին որ եղածն էՙ ցեղասպանություն»: Դաշնային կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում, քանի որ գերմանացի սպաներն էլ գիտեին ու իրականացնողների մեջ էին, հայտնում է Շուստերըՙ հիշեցնելով , թե հրեաներին բնաջնջելու Հիտլերի օրինակը Հայոց ցեղասպանությունն էր: Ավելի քան ուշացած էՙ Թուրքիան պիտի իր անցյալին անկեղծ առերեսվի, նկատել է ՀԿԽ նախագահը եւ հղում անելով Հռոմի պապի ելույթինՙ եզրակացրելՙ հավանականությունը մեծանում է, որ ավելի շատ պետություններ հետեւելով նրա խոսքինՙ հստակ ցեղասպանություն անվանելով կճանաչեն:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեկնաբան Գյունթեր Բաննասը «Ցեղասպանություն է, թե չէ» վերնագրի տակ անդրադառնալով Բունդեսթագի ապրիլի 24-ի որոշմանը ծանուցում է, թե հարցը քննարկման մի քանի հարթություն է ընդգրկելՙ առաջին հերթին արտաքին քաղաքական հետաքրքրությունների դաշտում է, առավել պարզՙ Թուրքիայի հետ հարաբերություններին է վերաբերում: Եվ անդրադառնալով երկուշաբթիՙ ապրիլի 13-ին դաշնային կառավարության փոխխոսնակ Քրիստիանե Վիրթցի այն բնորոշմանը, թե կառավարությունը միանում է Բունդեսթագում շրջանառվող բանաձեւիՙ քննարկումների շնորհիվ «տեղահանություն եւ կոտորած» ձեւակերպման արձանագրությամբ ամրագրված տարբերակին, փոխանցում է պատգամավորների մի մասի այն կարծիքը, թե ցեղասպանություն բառեզրը դուրս է մղվել կառավարության ճնշման պատճառով:Իր արտաքին քաղաքական հայեցակարգը ձեւավորելիս կառավարությունը կառչած է մնում հին կաղապարներին, հավատ ընծայելով, թե Գերմանիայի, նաեւ Եվրոպայի հետաքրքրությունների շրջանակներում է Թուրքիայի վրա ազդեցություն բանեցնել ճնշումը նվազեցնելով, ըստ այդմՙ պաշտոնապես ցեղասպանություն բառը չարտասանելով: Ես դա սխալ եմ համարում», նշել է Բունդեսթագիՙ կոալիցիան ներկայացնող, Սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Նիիթանը: Փոխարենը նույն խմբակցության պատգամավոր Ռոլֆ Մյութցենիհը, թեեւ անձամբ համոզված է, որ ժամանակին իրագործվածը ցեղասպանություն էր, բայց, ասում է նա, գերմանական Բունդեսթագի խնդիրը չէ պատմության դատավորի դերը ստանձնելը, այլՙ գերմանական պատասխանատվության մասին խոսելը: Պատգամավորը համոզված է, որ հարցի վերաբերյալ առաջիկա ապրիլի 21-ին քննարկումը բուռն է լինելու, նշում է հոդվածագիրը: Ձախերն ու Կանաչները բանաձեւի իրենց տարբերակի վերնագրում ամրագրել են ցեղասպանություն բառը, նույնը արտաբերեց Հռոմի պապը, որ հետագայում արժանացավ Էրդողանիՙ «անմտություն» որակմանը: Չի բացառվում, որ այս միջամտությունը քրիստոնյա եւ սոցիալ-դեմոկրատներից բաղկացած կոալիցիայի երկու խմբակցություններին հուշի միանալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բնորոշմանըՙ նախագահ Գաուքի ապրիլի 23-ի ելույթից առաջ:
Հռոմի պապիՙ ապրիլի 12-ի պատարագին հնչեցրած «ցեղասպանություն» ծանր բառեզրն իրականում այն աղավնին էր, որ նախորդ տարի Թուրքիա այցելելով Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձակել էրՙ տեղաբնակներին տպավորելով: Խաղաղության այս խորհրդանիշի կավից թրծած տարբերակը Անգելա Մերկելը 2010-ի ապրիլի սկզբին իր այցի ժամանակ էր ընծայել Թուրքիային: Այս նվերը ծանր տրավմատիկ խորհրդանիշ է Թուրքիայի այսօրվա ղեկավարների համարՙ Հրանտ Դինքի վախվորած աղավնու թռիչքն հետապնդում է նրանց, ինչպես իրենց նախորդներիՙ երկու միլիոն հայերի աղավնակերպ ոգիների արյունոտ թռիչքը:
Գերմանիա