Մարտի 25-ին «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման «Սահմանք քաջաց դրոշն յուրյանց» նախաձեռնության շրջանակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արտանիշ գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման հանդիսավոր արարողությունը։
Մինչ Եռագույնի տեղադրումը, Տեր Մեսրոպ քահանան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում իր օրհնության խոսքը հղեց հավաքվածներին, օրհնեց դրոշը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։
ՀՀ օրհներգի ներքո Եռագույնը վեր խոյացավ սահմանամերձ Արտանիշում։
Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, «Հայ Լաո» խումբը։
Ելույթի խոսքով հանդես եկան «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման համահիմնադիրներ Վահագն Չախալյանը, Սևակ Հակոբյանը, Արտանիշի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արայիկ Մարգարյանը։
Բանաստեղծություն արտասանեց 7-ամյա Կարեն Շուշանյանը՝ Արտանիշ համայնքի ղեկավարի որդին։
ՀՀ դրոշը տեղադրվել է Ռոդրիգո եւ Սիլվինա Նահապետյանների հովանավորությամբ։
Նշենք, որ «Վասն Հայրենյաց» շարժումը նախաձեռնել է Հայաստանի սահմանամերձ 9 գյուղում՝ առավել տեսանելի վայրերում, տեղադրել Եռագույն։
Արտանիշը երկրորդն է, առաջին Եռագույնը բարձրացվել է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, մարտի 5-ին։
Սահմանամերձ գյուղերում 12 մ. բարձրությամբ Եռագույն տեղադրելու նպատակի մասին «Վասն Հայրենյացը» տեղեկացրել է ավելի վաղ.
1. Հայաստանի Հանրապետության անձեռնմխելի սահմանները խորհրդանշաբար ուրվագծել իր պետական դրոշով:
2. Ազգային-պետական դրոշի պահպանումն ու դրա հանդեպ հարգանքի ավելի ամրապնդումը հայորդիների շրջանում:
3. Հրապարակային միջոցառումների և դրանցից բխող մեդիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գյուղերի ծանոթացումը լայն հանրությանը։
4. Նպաստել տվյալ գյուղի զարգացմանը։
5. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակիչ, թե սփյուռքահայ՝ յուրաքանչյուր հայորդու կամ համայնքի մասնակից դարձնել այս գործողությանը՝ հայ ժողովրդի զավակներին ազգօգուտ նպատակների և իրար շուրջ համախմբելու միտումով: