Հայաստանին մատակարարվող գազի գինը ռուսական «Գազպրոմը» կնվազեցնի 1000 խմ-ի դիմաց մինչեւ 165 դոլարի` ներկայիս 189 դոլարի դիմաց: Այս մասին «Ռոսիա 24» հեռուսաընկերության եթերում օրերս հայտարարեց ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Առաջին հարցը, որ առաջացավ այդ հայտարարությունից հետո շարքային սպառողների մոտ այն էր, թե դա կարո՞ղ է բերել գազի սակագնի նվազմանը: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, դոլարի նկատմամբ դրամի մոտ 15 տոկոս արժեզրկումից հետո, «Գազպրոմ Արմենիան» հայտ չներկայացրեց գազի գնի թանկացման համար:
Հայաստանին մատակարարվող գազի գինը հաշվարկված է 1 դոլարի դիմաց 416 դրամ փոխարժեքով: Դեկտեմբերից հետո, վերջին ամիսներին 1 դոլարը գտնվում է 475-478 դրամ միջակայքում: Սա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան», Հայաստանի համար «Գազպրոմից» գնած 1000 խմ գազի համար սահմանին վճարվում էր 189 դոլար, որը դրամային արժեքով (1 դոլարը 416 դրամ) կազմում էր մոտ 78 հազար դրամ: Դրամի արժեզրկումից հետո արդեն, նույն 1000 խմ գազի համար վճարվող 189 դոլարը` դրամային արժեքով (1 դոլարը մոտ 475 դրամ) սկսեց կազմել մոտ 90 հազար դրամ: Մինչդեռ, «Գազպրոմ Արմենիայի» կողմից մեզ` սպառողներիս մատակարարվող գազի գինը դրամով մնաց նույնը` 156 դրամ: Ինչպես երեւում է այս ցուցանիշներից, «Գազպրոմ Արմենիան», փաստորեն, դրամով մոտ 15 տոկոսով թանկ գնած գազը այս ամիսներին վաճառել է նույն գնով` առանց նույն չափով թանկացնելու:
Նկատի ունենալով գազի սակագնի` փոխարժեքին համաչափ թանկացման հնարավոր սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքները, Հայաստանի կառավարությունը բանակցությունններ սկսեց Ռուսաստանի հետ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը գրեթե նույն` 15 տոկոսի չափով իջեցնելու մասին: Այսինքն, առաջին կարեւոր արդյունքը այս համաձայնության այն է, որ գազի սակագնի հավանական թանկացում տեղի չի ունենա: Այսինքն, խոսել սպառողների համար գազի գնի հնարավոր էժանացման մասին անհնար է, քանի որ այս իջեցման նպատակը գնի թանկացում թույլ չտալն էր:
Հաջորդը, ինչի մասին խոսվում էր` էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանակցումն էր, քանի որ հոսանք արտադրող էներգետիկ ընկերությունները վնասներ էին կրում դարձյալ դրամի արժեզրկման հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Մասնավորապես, ՋԷԿ-երը գնում էին դոլարով նույն գինը մնացած, բայց դրամով թանկացած գազ, իսկ բնակչությանը հոսանք մատակարարող ընկերությանը տալիս էին դրամով նախկին գինը պահպանած հոսանք: Ավելի պարզ ասած, 1 կվտ/ժ նրանք շարունակում էին վաճառել նույն` 31,5 (գիշերային) դրամով եւ 41,5 (ցերեկային) դրամով, բայց գազը գնում էին արդեն դրամային արտահայտությամբ մոտ 15 տոկոսով ավելի թանկ: Հետեւաբար, Հայաստանի համար գազի գնի իջեցումը հնարավորություն տվեց խուսափել նաեւ էլեկտրաէներգիայի թանկացումից:
Հայաստանի համար ռուսական գազի գնի իջեցումը Ալեքսեյ Միլլերը պայմանավորեց Հայաստանիՙ որպես Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամ երկրի նկատմամբ կիրառվող մոտեցմամբ: Արդյունքում, բացի սպառողների համար գազի եւ հոսանքի գնի թանկացումից խուսափելուց, Ռուսաստանի կողմից սահմանին գազի գնի մոտ 15 տոկոս իջեցումը Հայաստանի համար շուրջ 50 մլն դոլարի խնայողություն է տալիս: Սա, փաստորեն, երրորդ կարեւոր արդյունքն էր : Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու շնորհիվ, երբ Հայաստանին մատակարարվող գազի գինը 270 դոլարի փոխարեն սահմանվեց 189 դոլար, դրա տարեկան խնայողությունը Հայաստանի համար կազմեց մոտ 120 մլն դոլար:
Եվ վերջապես, չորրորդ կարեւոր արդյունքը` ռուսական կողմը նոր ներդրումներ է կատարելու, նոր խողովակներ եւ այլ սարքավորումներ կառուցելու ու տեղադրելու, շարունակելու է Հայաստանի բնակավայրերի գազիֆիկացումը: Արդյունքում, նախատեսվում է 100 տոկոսով գազիֆիկացնել Հայաստանը` ներկայիս 96 տոկոսի փոխարեն :
Վերջաբանի փոխարեն: Փաստելով Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցության եւ ԵՏՄ-ին անդամակցելու հերթական առարկայական առավելությունը, դրա կոնկրետ ազդեցությունը մեր երկրի տնտեսական ու բնակչության սոցիալական կացության վրա, ամերիկյան կամ եվրոպական ակնոցներ կրողներին կառաջարկեինք մեկ-մեկ հանել այդ ակնոցները եւ աշխարհը տեսնել այնպես, ինչպես կա իրականում: