Վերնագիրը գերմանացի Թոբիաս Էսերի (Tobias Eßer) այս շաբաթ Հայաստանից ուղարկված առաջին հոդվածինն է, որ հրապարակվեց t-online լրատվական պորտալում՝ մարտի 18-ին: Երկրորդ հոդվածը նույն լրատվամիջոցում երեւաց մարտի 21-ին՝ հետեւյալ վերնագրով. «Այստեղ կարող է նոր պատերազմ սկսվել. Ինչո՞ւ»: Անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանին նախ սադրանքներ վերագրելուն եւ ապա սահմանին զինուժի կուտակմանը, երկու ոչ շատ ծավալուն հոդվածով t-online -ը ներկայացրեց մեր երկրին սպառնացող այն իրականությունը, որը Ադրբեջանը խաղաղություն է անվանում:
Խիստ զգայական, բնական եւ առարկայական՝ մի բառով՝ ընկալելի է լրագրողը ներկայացնում մեր երկրում տիրող խիստ վտանգավոր, պայթունավտանգ իրականությունը: Մարտի 18-ին Երեւանում Զինվորի տանը իրեն հանդիպած տղաների հետ զրույցից նա ամփոփել է հետեւյալը՝ բազմաթիվ են այն տղաները, որ պատրաստ են կյանքը զոհել, եթե ԼՂ-ում պատերազմ լինի, նույնիսկ նրանք, որ ծանր վիրավորվել են:
Զրուցակիցներից 44-օրյայի հետեւանքով 4 անգամ վիրահատված 39-ամյա Մեսրոպը, որ դժվար է քայլում, ցավը մոռանում է լուսանկարչություն սովորելով, ասում է. «եթե Հայաստանի վրա նորից հարձակում լինի, էլի զենք կվերցնեմ»: Հոդվածագիրը պատմում է, որ ԼՂ-ն անկախություն է ուզում, ինչն Ադրբեջանը կտրականապես մերժում է, անդրադառնում Արցախյան 44- օրյա պատերազմին:
«Հայաստանում շաբաթներ է նորից պատերազմի հավանականության մտահոգությունն է, քանզի Ալիեւի հռետորաբանությունը սրվել է: Նա Հայաստանի ողջ տարածքը մարտի 21-ին «Արեւմտյան Ադրբեջան» անվանեց, նաեւ հրետակոծեց Հայաստանի սահմանային գյուղերը՝ նվազ վիրավորներ, ավելի շատ վախ պատճառելով», գրում է գերմանացի հոդվածագիրը:
«Պատերազմը միշտ գլխիս մեջ է», Մեսրոպից մեջբերում է հոդվածագիրը եւ հավելում նրա ասածը՝ «Խաղաղություն երբեք չի լինի. ազերիներն ուզում են բնաջնջել մեզ»: Մեսրոպի նախնիները Թուրքիայի ցեղասպանությունից մազապուրծ վերապրողներ են, հայրը զոհվել է 1992-ին՝ ԼՂ-ի համար պատերազմում»: «Երբ ուզում եմ մոռանալ պատերազմը, խաղաղվում եմ Եռաբլուրում, խոնարհվում, հպարտանում, որ Հայաստանն այսպիսի տղաներ ունի: Նրանց քաջությունը մեզ առաջնորդում է, գիտենք՝ ինչի համար են կյանքով հատուցել»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանակարի հեղինակը հոդվածագիրն է, լուսանակարում պատկերվածը՝ 39-ամյա Մեսրոպն է: