Անկարայից «Տելեգրաֆ» թերթի թղթակիցը տեղեկացնում է, որ Սիրիայի եւ քրդական հարցի վերաբերյալ ամերիկա-թուրքական լարված իրադարձությունների մթնոլորտում Թուրքիան ամերիկյան կոնգրեսում ի նպաստ իրեն քարոզչություն ծավալելու պաշտոնին նշանակել է կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Պորտեր Գոսին: Տնօրենի պաշտոնից 2006-ին հրաժարված 76-ամյա Գոսը անժամկետ ծառայելու է Թուրքիայինՙ ներկայացնելով նրա շահերը ինչպես առեւտրի, էներգիայի ապահովման եւ անվտանգության, այնպես էլ Սիրիայի, քրդական հարցի եւ Իրանի հետ Մ. Նահանգների մերձեցման նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման բնագավառներում:
Գոսի ծառայություններից օգտվելու գործում Թուրքիային օժանդակել է Վաշինգտոնում տեղակայված «Դիկստայն Շապիրո» քարոզչական ֆիրման, որն իր հերթին համագործակցում է ազդեցիկ «Գեպարդ Գրուպի» հետ: Վերջինս տարեկան 1.4 միլիոն դոլարի դիմաց հօգուտ Թուրքիայի քարոզչություն է ծավալում Մ. Նահանգներում, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի դեմ պայքարելը: Ըստ լրատվության Թուրքիան կոնգրեսականների արձակուրդների ծախսերը հոգացող երրորդ խոշորագույն երկիրն է: