«Վաշինգտոն փոստ» պարբերականը ձեռք է բերել ԱՄՆ-ի կոնգրեսի էթիկայի հանձնախմբի գաղտնի մի զեկուցագիրը, համաձայն որի «SOCAR»-ը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, գաղտնորեն ֆինանսավորել է բոլոր ծախսերը պարփակող ուղեւորությունը դեպի Բաքու կոնգրեսի 10 պատգամավորների եւ նրանց ընկերացող 32 անձանց, որպեսզի նրանք մասնակցեն 2013-ին կայացած կասպիցծովյան խորհդաժողովին: Նախագահ Օբամայի գլխավոր խորհրդականներից երեքը ելույթներ են ունեցել խորհրդաժողովի նիստերում, օրենսդիրներն ու նրանց ընկերացող անձինք հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ նվերներ (մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա թեյի սպասքակազմեր, գորգեր եւ այլն) են ստացել: Օրենսդիրների եւ նրանցից ոմանց կանանց ավիատոմսերի արժեքը կազմել է մոտ 113 հազար դոլար:
Կոնգրեսի էթիկայի հանձնախմբի հրատարակած 70 էջանոց զեկույցը տեղեկացնում է, որ ֆինանսավորման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով «SOCAR»-ը գործել է Ամերիկայում տեղակայված ոչ շահութաբեր ընկերությունների հետ, նրանց վճարելով 750 հազար ամերիկյան դոլար: Ուղեւորությանը մասնակցող կոնգրեսականների թվում եղել են Ջիմ Բրայդենստայնը (հանրապետական Օկլահոմայից), Իվետ Կլարքը (դեմոկրատական Նյու Յորքից), Դենի Դեյվիսը (դեմոկրատական Տեքսասից), Շեյլա Ջեկսոն Լին (դեմոկրատական Տեքսասից), Լեոնարդ Լենսը (հանրապետական Նյու Ջերսիից), Միշել Գրիշամը (դեմոկրատ, Նյու Մեքսիկոյից), Գրեգորի Միքսը (դեմոկրատ Նյու Յորքից), Թեդ Փոն (հանրապետական Տեքսասից) եւ Սթիվ Ստոկմենը (հանրապետական Տեքսասից): Նրանք հայտնել են, որ էթիկայի հանձնախումբը տեղյակ է եղել իրենց ուղեւորության մասին, բայց նրանք չեն իմացել, որ ֆինանսավորումը «SOCAR»-ն է կատարում:
«Այսուհետ օրենսդիրները ավելի շատ հարցեր պետք է տան ֆինանսավորման աղբյուրների մասին: Հալած յուղի տեղ ընդունված շատ երեւույթներ ավելի լուրջ ուշադրության կարիքն ունեն», ասել է Դեյվիսը:
Մյուս կողմից հետաքննողները պարզել են, որ «SOCAR»-ը բացահայտ է գործել: Նավթային այդ ընկերությունը պատրաստել է հրավիրատոմսերը, հովանավորել է վիզա ձեռք բերելու գործընթացը, լոգոներ է կպցրել ինչպես կոնֆերանսի դահլիճներում, այնպես էլ Բաքվի գլխավոր պողոտաներում, եւ այլն: Նրանք եզրակացրել են, որ պատգամավորների անտեղյակությունը բավարար հիմք չի կարող ծառայել պատասխանատվությունից նրանց զերծ կայացնելու համար: 2013 թվի մայիսի 28-29-ին կայացած «Մ. Նահանգներ-Ադրբեջան համագումար: Ապագայի հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը «SOCAR»-ը ֆինանսավորել էր Մ. Նահանգներում գործող հիմնականում երկու ընկերություններիՙ «Ամերիկացիների եւ եվրասիացիների փիրուզե խորհուրդի» («The Turquoise Council of Americans and Eurosians», TCAE») եւ «Ադրբեջանի բարեկամների ասամբլեայի» («Assembly of the Friends of Azerbaijan», AFAZ) միջոցով:
«Վաշինգտոն փոստում» տպագրված Սքոթ Հիգհեմի, Սթիվն Ռիչի եւ Ալիս Քրայթսի հոդվածի փոխանցմամբ տվյալ դեպքը յոթ տարի առաջ ստեղծված կոնգրեսի էթիկայի հանձնախմբի ամենաընդարձակ հետաքննությունն է: