Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԵՐ ԵՎ ՔՐԴԵՐ. ՄԵԿ ԴԱՐ ՏԵՎՈՂ ԽՈՒՍԱՓԱՆՔՆԵՐ

26/06/2015
- 26 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Զրույցը վարեցՙ ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juin 2015, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

«France-Armռnie» ամսագրի հունիսյան համարում տպագրվել է քուրդ պատմաբան միջազգայնագետ, քրդական աշխարհի մասնագետ, Ժնեւի Միջազգային հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտի դասախոս Ժորդի Թեժելի հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացնում ենք չնչին կրճատումներով:


– Օսմանյան կայսրության քրդերի պատմական դիրքորոշումը բնութագրվում է համերաշխության եւ հայերի բնաջնջմանն ակտիվ մասնակցության երկվությամբ: Կարո՞ղ ենք խոսել այդ ընդհանուր պատմության մեջ քրդերի «ընտրովի հիշողության» մասին:

– Հայ-քրդական հարաբերությունները շատ հին են: Երկու ժողովուրդները դարեր շարունակ կողք-կողքի ապրել են այսպես կոչված Արեւելյան Անատոլիայում, պահպանելով վաղեմի, բայց երբեմն հակասական եւ հաճախ անորոշ կապերը: Բնաջնջման վերհուշը նույն տրամաբանությունն ունի, մանավանդ որ հիշողությունն առհասարակ մնում է հատվածական: Դա առավել եւս ճիշտ է քրդերի համար, քանզի գոյություն չունի պետական մեկ ամբողջություն իր «պաշտպանական» հիշողությամբ, որը կփոխանցվեր կրթական համակարգի եւ ընդունված այլ կառույցների միջոցով: Ըստ այդմ «քրդական հիշողությունը» իրականում արտացոլում է տարբեր զգացողություններՙ նայած շրջաններին: Այսպես, Դերսիմի շրջանում, որտեղ քրդերի մեծամասնությունն ալավի է, շեշտը դնում են հայերին փրկելիս քրդերի ցուցաբերած հերոսության վրա: Ի դեպ, հայտնի է, որ Թուր Աբդինի (թուրք-սիրիական սահմանի մոտ) շրջանում քրդերի Հեւերկան ցեղային միությունը վճռական դեր խաղաց տեղի քրիստոնյաների (հայ եւ ասորի) պաշտպանության գործում: Դերսիմի դեպքերը մեզ հայտնի են քուրդ մտավորական Նուրի Դերսիմիի հուշագրության շնորհիվ, սակայն մյուս վայրերի դեպքերը մնում են չուսումնասիրված:

– Իրենց բնակեցման գոտում անկախ Հայաստանի վերածնվելը տեսնելու վախը որոշիչ դարձավ սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի եւ ապա Մուստաֆա Քեմալի դաշնակից քուրդ ցեղապետերի գործողությունների համար: Այն մտահոգում էր նաեւ քուրդ ազգայնականների մեծամասնությանը…

– Ինչպես տարբեր առիթներով ընդգծել է Հանս-Լուկաս Քիզերը, 19-րդ դարի վերջերին եւ 20-րդի սկզբներին Հայկական հարցը Արեւելյան Անատոլիայում առավելապես ագրարային բարեփոխման հարց էր: Քաղաքների քուրդ երեւելիները եւ քրդական ցեղերը ձգտում էին տիրանալ հայերի տարածքներին, եւ եթե համիսլամական քարոզչությունը միտված էր 1890-ականների ջարդերին եւ 1915-ի Մեծ եղեռնին, հողային հարցն այդտեղ մեծ դեր էր խաղում: Դա մեծ չափով բացատրում է ցեղասպանությունից օգտվողների զգուշավորությունը Սեւրի 1920 թ. պայմանագրով նախատեսված հայկական պետության ստեղծման հարցում, թեեւ պայմանագիրը նախատեսում է նաեւ քրդական պետության ստեղծում:

– Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի եւ այլ երկրների քուրդ մտավորականների ու պատմաբանների նոր սերնդի հետազոտական աշխատանքները: Արդյոք շարժվո՞ւմ ենք դեպի նոր պատմագրություն, թե՞ այն դեռ ենթակա է ժխտողական արգելքների:

– Հարկ է հիշեցնել իրաքցի քուրդ պատմաբան Քամալ Մուզհար Ահմադին, որը 1975 թ. արդեն ընդգծում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ քրդական ցեղերի դերը հայերի բնաջնջման մեջ: Համիդ Բոզարսլանը եւս նպաստեց, որ քուրդ գիտնականների շրջանում ընդունվի քրդական հասարակության տարբեր հատվածների պատասխանատվությունը այդ իրադարձությունների մեջ: Սակայն ճշմարիտ է, որ միայն 2000-ականներից է, որ քրդական ծագումով պատմաբանների (Ուգուր Յունիթ Յունգյոր, Սեդ Ալթուգ եւ ուրիշներ) եւ մարդաբանների (մասնավորապես Եկրան Թյուրքիիլմազը) նոր սերունդը 1-ին աշխարհամարտի ընթացքում իրականացված պետական եւ ոչ պետական բռնարարքների խորացված հետազոտություններ է կատարում: Այդուհանդերձ պետք է ընդգծել, որ նրանց ուսումնասիրությունների առարկան ոչ թե բուն Հայոց ցեղասպանությունն է, այլ ավելի շուտ կենտրոնական իշխանությունների սոցիալական նախագծման քաղաքականությունը: Հայերի բնաջնջմանը քրդական «Համիդիե» հեծելագնդերի մասնակցությունը այդ քաղաքականության կողմերից մեկն էր:

– Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մինչեւ օրս տարակարծություններ կանՙ նայած այն բանի, Դիարբեքիրո՞ւմ ենք, թե՞ Էրբիլում: Դա երեւաց Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկության ժամանակ: Ինչո՞վ կբացատրեք տեսակետների այս տարբերությունները:

– Իրաքյան Քրդստանի քաղաքական գործիչների մեծամասնությունը եւ գիտական հանրակցությունը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Այսպես, քաղաքական կուսակցությունների, այդ թվում Քրդստանի ժողովրդավարական կուսակցության, հրապարակումների էջերում տվյալ հարցը բարձրացված է աներկիմաստ կերպով: Ոչ կառավարական կազմակերպությունները եւ Իրաքում 1987-1988 թթ. քրդերի դեմ ուղղված «Անֆալ» գործողության ցեղասպանական բնույթի ճանաչմանը ձգտող հաստատությունները վկայակոչում են ինչպես Հոլոքոսթը, այնպես էլ Մեծ եղեռնը: Սակայն Քրդստանի շրջանային կառավարությունը (ՔԺԿ) դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատճառը պարզ է. ՔԺԿ տնտեսությունը կախման մեջ է Թուրքիայի հետ սերտ համագործակցությունից: «Քրդական» նավթը Թուրքիան հատող նավթամուղներով հասցվում է Միջերկրական ծով: Բացի դրանից, իրաքյան Քրդստանում հաստատված օտարերկրյա ընկերությունների մեծ մասը թուրքական է: Ի դեպ, Անկարան եւ Էրբիլը մերձավոր տեսակետներ ունեն տարածաշրջանի ներկայիս հակամարտությունների վերաբերյալ:

– 1894 թ. եւ 1915 թ. հայերին բնաջնջած «Համիդիե» ստորաբաժանումների եւ PKK-ի դեմ ուղված կռիվներում թուրքական իշխանության հետ գործակցած «գյուղապահների» միջեւ զուգահեռը պահպանո՞ւմ է իր էականությունը:

– Եվ այո, եւ ոչ: Կոստանդնուպոլսից նախկին Օսմանյան կայսրության եւ ներկայիս Թուրքիայի ծայրագավառների կառավարման մեջ հնարավոր է ի հայտ բերել ինչ-որ հաջորդայնություն: Իրոք, «Համիդիե» հեծելագնդերի նպատակը կայսրության ծայրագավառների հսկողությունն էր հանուն սուլթան-խալիֆի: Մեծ մասամբ քրդական ցեղերից կազմված այդ գնդերը կայսրության զինված բռունցքն էին: Փոխարենը քուրդ ցեղապետերը կարողանում էին ազատորեն գործելՙ զերծ մնալով Կոստանդնուպոլսի եւ, այսօրվա լեզվով ասած, իրավական պետության վերահսկողությունից: Անկարային հավատարիմ քրդերից կազմված «գյուղապահները» արեւելյան Անատոլիայի հեռավոր շրջաններում ներկայացնում են պետությունը եւ նմանապես կարողանում են զբաղվել անօրինական գործունեությամբՙ մաքսանենգությամբ, բռնաշորթումներով եւ այլն: Սակայն տեղական բնակչության հանդեպ «Համիդիեների» գործադրած բռնարարքների աստիճանն անհամեմատելի է «գյուղապահների» գործողությունների հետ: Վերջիններս տեսականորեն սահմանափակվում են մեկ թիրախովՙ PKK-ի մարտիկներով:

– 1927 թվականին, այսինքն Մեծ եղեռնից ընդամենը մեկ տասնամյակ անց քրդերն ու հայերը համաձայնության եզրեր գտան Բեդիրխանի եւ Իհսան Նուրի փաշայի ղեկավարած «Խոյբուն» հանձնախմբի միջոցով: Նրանք համատեղ կազմակերպեցին Արարատի խռովությունը: Ճակատագրի հեգնանքով հանձնախմբում կային երբեմնի անչափ հակահայ տարրեր: Դա ինչո՞վ եք բացատրում:

– Լիբանանում 1927 թ. հիմնված հայ-քրդական կազմակերպությանՙ «Խոյբուն» լիգայի շրջապատում կային զանազան խմբեր եւ անձինք: Մի կողմից, այնտեղ գտնում ենք քուրդ երեւելիների երկու ժառանգներիՙ Կամարան եւ Սելադեթ Բեդիր խաներին, ինչպես նաեւ քրդական դատի ուրիշ ջատագովների, որոնք գործել էին Կոստանդնուպոլսում եւ Դիարբեքիրում նախքան 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումը: Խիստ քաղաքականացված եւ քաղաքային այդ խմբին միանում են տարբեր քուրդ ցեղապետեր, խույս տալով քեմալական վարչակարգի հալածանքներից, որը քրդական ցեղերը 1925 թ. դարձրել էր իր գլխավոր թիրախներից մեկը: Անցյալում սուլթանին, ապա Մուստաֆա Քեմալին ծառայած այդ ցեղապետերի մեջ կան «Միլլի» համադաշնության տարբեր անդամներ, որը նշանակալի դեր էր խաղացել հայկական կոտորածների մեջ: «Խոյբուն» լիգան նրանց ընդունում է, քանզի նպատակ ունի հակաքեմալական խռովություն կազմակերպել առավելապես քրդաբնակ շրջաններում, որպեսզի ներկայիս Թուրքիայի արեւելքում ստեղծվեն քրդական պետություն եւ հայկական պետություն: Քրդական ցեղերը պետք են «Խոյբունին», քանի որ Ցեղասպանության ժամանակ հայերը բնաջնջվել են, իսկ տարագիր քուրդ հայրենասերները կապի փոքր հնարավորություններ ունեն Արեւելյան Անատոլիայի լայնարձակ գյուղական տարածքներում: Որոշ իմաստով խոսքը հանգամանքների պարտադրած դաշինքի մասին է:

– Կարո՞ղ ենք խոսել Թուրքիայում քրդական քաղաքացիական հասարակության մասին, որը բավականաչափ հասուն է ճանաչմանն ուղղված աշխատանք սկսելու համար:

– Ինչպես Թուրքիայի եւ Մերձավոր արեւելքի մնացյալ մասում, դժվար է քաղաքացիական հասարակությունը լիովին զատել քաղաքական կուսակցություններից եւ նույնիսկ պետությունից: Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քաղաքացիական հասարակության եւ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հարաբերությունները շատ անորոշ են: Իրավաբանական, առեւտրական ընկերակցությունների մի շարք ղեկավարներ դարձել են կուսակցական առաջնորդներ եւ ընդհակառակը: Թեեւ PKK-ին մերձավոր այդ կուսակցությունը տեղական մակարդակով դարձել է գերիշխող եւ «քաղաքացիական հասարակության» մի շարք նախաձեռնությունների հեղինակն է, որոշ ժամանակից ի վեր վերջինս ինքնավարացման անկասելի գործընթաց է սկսել: Այսօր ո՛չ PKK-ն, ո՛չ էլ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը չեն կարող բավարարել քրդական հասարակության բոլոր պահանջմունքները եւ պատասխանել բոլոր հարցադրումներին: Այս իմաստով քրդական քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ առաջատար են, այդ թվումՙ հայերի հետ հաշտվելու տեսակետից:

– Քուրդ ղեկավարների մեջ ե՞րբ եւ ինչպե՞ս սկսեց սաղմնավորվել քրդերի պատասխանատվության այդ գիտակցումը: Գուցե դա կատարվեց PKK-ի եւ Հրանտ Դինքի շնորհի՞վ:

– 1980-ականներին ASALA-ի եւ PKK-ի շփումները հող նախապատրաստեցին Հայոց ցեղասպանության մեջ քրդերի դերին առնչվող հարցադրման համար: Թուրքական պետության եւ մամուլի պաշտոնական դիրքորոշումը քրդերին եւ հայերին ներկայացնում է իբրեւ «անբաժանելի» միավոր, եւ դա նույնպես նպաստում է քրդերի եւ հայերիՙ որպես նույն «դահճի» զոհերի, խորհրդանշական մերձեցմանը: 2000-ականներից սկսած քրդամետ կուսակցությունները կարողացել են ապահովել իրենց գերիշխանությունը Դիարբեքիրի նման կարեւոր քաղաքներում: Էական գործերից մեկը տեղական մշակութային ժառանգության վերականգնումն էր: Տվյալ ձեռնարկումն արտահայտվեց քաղաքի պարիսպների, տեղական լեզուների, ինչպես նաեւ ասորիների ու հայերի քրիստոնեական եկեղեցիների ճարտարապետական ժառանգության արժեւորմամբ:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը այսօր առավելապես քրդաբնակ շրջաններում հայկական ժառանգության վերականգնման թերեւս ամենատպավորիչ օրինակն է: 2015 թ. ապրիլի 24-ին տեղական իշխանությունները հայ ներկայացուցիչների համաձայնությամբ կազմակերպեցին Մեծ եղեռնի հիշատակման միջոցառումներ, որոնց ընթացքում Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդներից Սելահետդին Դեմիրթաշը օգտագործեց «ցեղասպանություն» բառը:

– Քրդամետ կուսակցությունների (օրինակՙ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության) ընտրացուցակներում հայ թեկնածուների ներկայությունը, Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից Սուրբ Կիրակոս տաճարի վերականգնումը, քաղաքում հայերի վերահաստատվելուՙ նախկին քաղաքապետի կոչը, ապրիլի 24-ի միջոցառումները նոր դինամիկա ստեղծող գործոններ են: Քրդական կուսակցություններն ի՞նչ իմաստ են տալիս Հայկական հարցին: Արդյոք դա զուտ հիշողության տո՞ւրք է, թե՞ թուրքական հասարակության ժողովրդավարացման արտահայտություն:

– Հայ-քրդական հարաբերությունների դինամիկան Թուրքիայում ընդհանուր առմամբ հուսադրող է, քանզի այս առումով քրդերը կարծես թե առաջ են անցել թուրքական հասարակության մյուս բաղադրիչներից: Հայերի հետ մերձեցման այս քաղաքականության ռազմավարական բնույթը չպետք է անտեսվի: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հարավ-արեւելքի էթնոկրոնական բազմազանության արժեւորման ռազմավարության նպատակը Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ճակատագրով հետաքրքրվող Եվրոմիության համակրանքը շահելն է: Բացի դրանից, Կուրմանջիի հետ մեկտեղ տեղական մյուս բոլոր լեզուների (ասորերեն, հայերեն, զազա) կարեւորումը կարելի է համարել քրդերենի վրա գործադրվող քաղաքական ու դատական ճնշումները մեղմացնելու միջոց: Իրոք, տեղական բոլոր լեզուների ճանաչումը պահանջելովՙ քրդական կուսակցությունը փորձում է խուսափել թուրք ազգայնականների քննադատությունից, որոնք այս քաղաքականության մեջ կարող էին տեսնել մասնավոր, այն էՙ քրդական ուղղվածություն: Այլ կերպ ասածՙ մշակութային եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ժառանգությունը վերականգնելովՙ քրդերն առաջ են տանում նաեւ իրենց դատը:

Նկար 1. Ժորդի Թեժել

Նկար 2. Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Ներչիվան Բարզանին Հայաստանի պատգամաբեր, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արեւելագետ Լեւոն Սարգսյանի հետ զրուցելիս:

Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՆԿՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՆԿՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական