Ավելի հեշտ բան, քան միանալ ընդհանուր ձայներգին եւ շնչահեղձ լինելով հիացմունք արտահայտել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը ղեկավարող երիտասարդներովՙ չկա: Չեմ միացել նրանց, քանի որ հիացմունքի պատճառ առանձնապես չեմ տեսնում: Ընդհակառակը` այս օրերին տեղի ունեցածը վերջին երկու-երեք տարիներին սկիզբ առած գործողությունների շղթայի մի մասնիկն է, որը, դժբախտաբար, ունենալու է իր շարունակությունը հերթական հարմար առիթի դեպքում, հերթական անգամ ցնցելով մեր պետությունը եւ սպառնալով բոլորիս անվտանգությանը:
Ինչպե՞ս է ձեւավորվում բողոքողների զանգվածը վերջին 2-3 տարիներին
Դիտարկելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի գործողությունները, չի կարելի չնկատել դրանց ակնհայտ նմանությունը մինչ այդ տեղի ունեցած նմանատիպ ակցիաների հետ:
1. Դրանք բոլորը ունենում են ամենահարմար` սոցիալական ենթատեքստը` կուտակային կենսաթոշակային համակարգ, տրանսպոտի սակագնի թանկացում, էլեկտրական էներգիայի թանկացում: Պահանջները առնչվում են 5 տոկոսին, 50 դրամին, 7 դրամին: Լոզունգները գրեթե նույնն են` «դեմ ենք», «չենք վճարում», «ոչ թալանին»: Բոլոր այս շարժումները ուղեկցվում են իբր «արժանապատվության», «չհարմարվելու» համար պայքարելու արտահայտություններով, իրականում ոչ մի կապ չունենալով, ավելի շուտՙ հակասելով դրանց:
2. Բոլոր նշված պարագաներում քարոզչական հզոր հրետանին ինտերնետն է եւ մասնավորապես սոցիալական ցանցերը: Բոլոր դեպքերում օգտագործվում են նույն տեխնոլոգիաները` «տարածեք», «միացեք», «ով չի միանում նա հայ չի» եւ այլն: Սոցիալական ցանցերի «անտեսանելի ձեռքը» միանգամից հազարներ է կլանում իր քարոզչության հորձանուտում, երբ դա անհրաժեշտ է լինում:
3. Բոլոր պարագաներում բողոքողները մշտապես խուսափում են հարցի բովանդակային եւ ըստ էության քննարկումներից: Հրապարակ են նետում կարգախոս, որ սրա նպատակը «ժողովրդին թալանելն» է եւ վերջ: Ժողովրդին ուղղորդելու մասին հարյուրամյակներ առաջ դիպուկ արտահայտվել է հռչակավոր պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա Ֆիրդուսին, երբ դեռեւս քարոզչական ներկայիս տեխնոլոգիաները չկային: Ցանկացողները կարող են գտնել այդ արտահայտությունը եւ համադրել իրականության հետ: Հրապարակ նետելով նման կարգախոս, յուրաքանչյուրին, ով փորձում է հակառակ կարծիք հայտնել, մեր երկրում ձեւավորված «խոսքի ազատության» ավանդույթի համաձայն, անմիջապես պիտակավորվում են որպես «ծախված», «դրածո», լավագույն դեպքումՙ «միամիտ»:
4. Հրապարակ նետված` «5 տոկոսը մեզ հետ չեն տալու», «գծատերերի փողը պակասել ա», «հոսանքը թանկացնում են, որովհետեւ իրանք են կերել» եւ նման կարգախոսները բազմանում են, նոր ձեւեր ընդունում: Բոլորը սկսում են հավատալ իրենց ասածին` առանց նեղություն կրելու անձամբ համոզվելու` ասվածը ճի՞շտ է, թե՞ սուտ, եւ իրենք ուղղակի թութակի նման կրկնում են միտինգային լոզունգները:
Այս ամենը ձեւավորում է այն բողոքողների զանգվածը, որի վրա հենվելով, կարելի է անել այն, ինչ արվեց արաբական երկրներում` արաբական գարնան, նախկին խորհրդային երկրներում` գունավոր հեղափոխությունների տեսքով:
Հեղափոխականները «լավ» կամ «վատ» չեն լինում
Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում այս օրերին.
1. Մեր երկրում նույնպես, օգտագործելով վերոնշյալ քարոզչական գործիքները, նախ ձեւավորվում է իշխանությունից դժգոհ բողոքավորների զանգված : Բնական է, շեշտը դրվում է երիտասարդության վրա, որն ավելի էմոցիոնալ է, սուր է ընկալում թե՛ իրական, թե՛ թվացյալ անարդարությունը եւ գերակշռում է սոցիալական ցանցերում:
2. Բողոքը սկսվում է սոցիալական կամ պարզապես իրենց ձայնը լսելի դարձնելու պահանջով: Հետո այդ պահանջը բողոքի մասնակիցների մոտ խմորվում է ու դառնում ավելի արմատական, վերջանում հեղափոխություն իրականացնելու` թիվ 1 լոզունգով: Արաբական գարունը սկսվեց թունիսցի առեւտրականի ինքահրկիզմամբ, որին արգելել էին չթույլատրված վայրում առեւտուր անել:
3. Հայաստանում դեռեւս հասունանում է միանգամից հեղափոխության կոչով հանդես գալու պահը: Թեեւ առաջին ծիլերը արդեն տվել են: Ուկրաինական մայդանը նույնպես մեկ տարում չէր նախապատրաստվել, ուղեղների «լվացման» վրա տարիների աշխատանք էր տարվել:
4. Ամենակարեւորը` հեղափոխության իրականացման համար պետք է լինեն այն իրականացնող կառույցները: Հայաստանում տասնյակներով են հաշվվում ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից ֆինանսավորվող «հասարակական» կազմակերպությունները (ՀԿ-ները): Հենց դրանց անդամներն էլ «քաղաքացիական հասարակություն» անվամբ նախաձեռնում ու ուղղորդում են բողոքի շարժումները:
5. Ասում են ցույցերը խաղաղ են, ցուցարարները երգում, պարում են, ոստիկաններին ծաղիկներ տալիս եւ այլն: Այս ամենը կար նաեւ վրացական եւ ուկրաինական գունավոր հեղափոխությունների ժամանակ: Ասում են` այս տղաները միայն սոցիալական պահանջներ են դնում եւ նրանք «լավն» են, իսկ քաղաքական պահանջ դնողները, որոնք փորձում են խլել այդ նախաձեռնությունը` «վատը»: Հեղափոխականները լավ եւ վատ չեն լինում: Նրանք նույն գործն են անում, գուցե ոմանք չգիտակցելով, մյուսները` գիտակցելով: Իրականությունն այն է, որ բողոքի արմատականացման տարբերակը ի սկզբանե մշակված էր:
«Սոցիալականն» ու «արժանապատվությունը» նույնը հասկացությունները չեն
Այժմ բացառապես էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի մասին:
1. Սա հրաշալի առիթ էր ցույցերի անցկացման նոր դետոնատոր տեղադրելու համար, քանի որ հոսանքի թանկացումն ազդում է ամբողջ բնակչության վրա, հետեւաբար դրա դեմ հանդես գալով, դառնում ես բոլորի «աչքի լույսը» :
2. Սա զուտ սոցիալական պայքար չէ: Եթե այդպես լիներ, ապա ինչո՞ւ բողոքի ցույցերում գրեթե ներգրավված չեն սոցիալական բեռը կրող միջին եւ ավագ սերնդի մարդիկ: Հեռու չգնանք, այդ սերնդի մարդիկ գերակշռում էին, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում: Այսինքն, ավագ սերունդն ավելի քաղաքականացված է եւ քաղաքական պայքար է տանում, իսկ երիտասարդ սերունդը` քաղաքականացված չէ եւ միայն սոցիալակա՞ն պայքար է տանում: Մի՞թե հնարավոր է հավատալ սրան:
3. Ցույցերին մասնակից երիտասարդների մեծ մասը երեւի չգիտի էլ, թե որքա՞ն է իրենց ընտանիքում էլեկտրական էներգիայի ամսական վարձը: Եթե նրանք իմանային, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ամսական 1000 դրամ էլ չի կազմի, հատկապես եթե իրենց տան ջեռուցումը գազով է, եթե զանազան լոզունգներով նրանց չհրահրեին իբր «ազատ» կամ «արժանապատիվ» գործելու, ապա հազիվ թե 1000 դրամի համար մի քանի հազար հոգով ցույց անեին: Հատկապես որ միայն այդ ցույցերի օրերին ժամանակավոր աշխատանք կատարելու պարագայում հոսանքի ավելացած գումարի տարեկան վճարը հնարավոր կլիներ աշխատել: Սակայն մեզ հետ են սովորեցնում աշխատելուց եւ փորձում են ներարկել, որ ցույցեր անելով կարելի է ավելի լավ ապրել կամ զարգանալ: Մեր գիտակից, հայրենասեր երիտասարդներն էլ այդ խայծը կուլ են տալիս:
4. Մոտ 20-25 տարի առաջ, երբ գները ազատականացրեցին, բնակչության կենսամակարդակը աղետալի անկում ունեցավ, աղքատությունը գրեթե համատարած դարձավ, բայց դրա դեմ բողոքի ցույցեր տեղի չունեցան: Արժանապատվություն չունեի՞ն: Ոչ, հրահրողներ չկային: Այլապես, Ղարաբաղի անկախության համար հզոր ցույցեր տեղի էին ունենում, հարյուր հազարավոր մարդիկ էին մասնակցում դրանց: Դրանք հենց արժանապատվության, հանուն ազգային գաղափարների ցույցեր էին:
5. Հրահրողները հիմա կան` արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու նրանց մեջ ընդգրկված երիտասարդներ են, որոնք սոցիալական խնդիր չունեն: Էական էլ չէ, նրանք կայի՞ն ցույցերի ղեկավարների մեջ, թե՞ ոչ: Քարոզչական, կազմակերպչական առումով ՀԿ-ներն ամենուր էին:
6. Իշխանությունների մոտեցումը այս հարցում նույնպես տարակուսանք է հարուցում: Եթե նրանք վստահ են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը օբյեկտիվ պատճառներով էր եւ պարտադրված, ինչը հրապարակավ հայտարարեցին նախագահն ու վարչապետը, ապա ինչո՞ւ են շողոքորթում ցուցարարներին եւ նահանջում իրենց կայացրած որոշումից: Վերջին տարիներին այդ գործելաոճն այնքան սովորական է դարձել, որ կարելի է նախապես ասել, որ այս որոշումն ընդունվում է հետագայում չեղյալ համարելու նպատակով: Իշխանությունները չե՞ն գիտակցում, որ իշխանություն լինելը ոչ թե պարգեւ է, այլ նախեւառաջ պատասխանատվություն պետության ճակատագրի համար, եւ չի կարելի տուրք տալ երկրի համար վտանգավոր հետեւանքներ ունեցող պահանջներին, որոնք ավելի շատ կապրիզներ են հիշեցնում իրենց վերջնագրային տոնով:
Դոնքիշոտյան պայքար գների դեմ, որն անգամ ԽՍՀՄ-ը տապալեց
Ինչ մնում է էլեկտրական էներգիայի թանկացման եւ ընդհանրապես մեր երկրում գների դեմ սկսված դոնքիշոտյան պայքարին, ապա ասենք միայն այն, որ շուկայական տնտեսության եւ գների դեմ Սովետական Միությունը պայքարեց 70 տարի եւ, ի վերջո, պարտվեց : Պարտվեց հենց գների պատճառով: 80-ականների կեսերին ԽՍՀՄ-ից արտահանվող հիմնական ապրանքի` նավթի 1 բարելի գինը ընկավ մինչեւ 20 դոլար, քայքայման եզրին հասցնելով ահռելի երկիրը: Հիմա ի՞նչ, Հայաստանում կռվելո՞ւ ենք ամեն գնային փոփոխության դեմ:
Ենթադրենք ամեն ինչ նորից ուսումնասիրվեց եւ պարզվեց, որ թանկացումը կարող էր լինել ոչ թե 6,93, այլ ասենք 6,3 կամ 5,98 դրամով: Ի՞նչ ենք անելու: Եթե մի տարի հետո կրկին փոխարժեք տատանվի, ատոմակայանը կանգ առնի, ինչն ի դեպ նախատեսված է, նորի՞ց ենք ասելու, որ դա թալան է եւ պահանջելու չթանկացնել: Մի՞թե ակնհայտ չէ, որ ոչ ոք չի ցանկանում լրացուցիչ գումար վճարել, բայց կարելի՞ է այդքան պարզունակ լինել եւ մտածել, թե ցույցեր անելով կլուծվի որեւիցե, այդ թվում էներգետիկ համակարգի գործել-չգործելուն վերաբերվող հարց: Պետք է տեսնել ամեն քայլի հետեւանքները: Ինչպե՞ս կարող է որեւէ համակարգ աշխատել վնասով: Էներգետիկ համակարգը կպայթի, իր հետ պայթեցնելով ամբողջ տնտեսությունը: Դեռ արտաքին սպառնալիքները մի կողմ դրած, այն ժամանակ մեր ներկայիս կենսամակարդակը անգամ երազանք կթվա: Ինքներս մեր դե՞մ ենք պայքարում այսինքն:
Մինչ այդ, շատ շուտով ականատես կլինենք այս օրերի առաջին բացասական արձագանքներին: Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կնվազի , հատկապես Ռուսաստանից, որտեից այդ հոսքի ավելացման միտում էր նկատվում վերջին մեկ-երկու տարում: Առանց այդ էլ ուշքի չեկող անշարժ գույքի շուկան ավելի խորը լճացման մեջ կընկնի, որին կհետեւի նոր-նոր ուշքի գալու փորձ անող շինարարությունը : Թե քանի՞ մարդու վրա, ի՞նչ բացասական հետեւանքներ կունենան այս գործընթացները, թողնում ենք յուրաքանչյուրի եզրակացությանը:
Հետեւաբար մեր կռիվը այլ պետք է լինի: Աշխարհի զարգացած երկրների անցած ճանապարհը վկայում է, որ պետք է գնալ տնտեսական զարգացում ապահովելու, աշխատելու, ստեղծելու եւ եկամուտները բարձրացնելու, ոչ թե գների դեմ հեղափոխական պսիխոզով վարակված պայքարելու ուղղությամբ: