«Բեյսիկ հաուզ» խանութների ցանցի՝ Մարշալ Բաբաջանյան փողոցի վրա գտնվող շենքը, որն այժմ նորոգվում է, ըստ թաղամասի բնակիչների տեղեկությունների շուտով կտեղափոխվի Ավանի «Երեւան Սիթի» խանութը: Պատճառն այն է, որ Ավանի թաղապետարանին մոտիկ ներկա «Երեւան սիթիի» տեղում բազմահարկ բնակելի շենք է կառուցվելու Թվում է՝ լավ է, Ավան/Առինջի ճակատամասում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի մեծ գերխանութ կլինի: Սակայն մի քանի հանգամանք մեզ՝ բնակիչներիս ամենեւին թույլ չի տալիս ուրախանալ: Ի միջի այլոց նշենք, որ թաղամասում աշխատում են «Նոր Զովք» սուպերմարկետը եւ շատ այլ՝ նույն պրոֆիլի մանրիկ խանութներ,«Երեւան սիթին», բնականաբար, դուրս կմղի դրանցից շատերին: Հանրահայտ է, որ «Երեւան սիթի» ցանցի սեփականատերը իշխանության հետ լավ էլ լեզու է գտնում:
Բայց մեզ ոչ այնքան դա է հետաքրքրում, որքան այն, որ հենց փողոցի վրա գտնվող, ավտոկայանատեղիի համար առանձնապես տարածք չունեցող նոր գերխանութը, անշուշտ, շատ մեծ թվով հաճախորդներ է ունենալու, այդպիսով ստեղծելով մի շարք լոգիստիկ խնդիրներ:
Առաջին՝ մինչեւ այժմ նորմալ երթեւեկություն ապահովող Մարշալ Բաբաջանյան փողոցի այս հատվածում ապագա խանութի մոտ կայանվող բամաթիվ մեքենաներից խցանումներ են առաջանալու եւ այս հատվածը դառնալու է պրոբլեմային Ավան եւ Ավան/Առինջ մուտք գործող մեքենաների համար:
Երկրորդ՝ այս շենքի երկու կողմերին շատ մոտիկ Ավան/Առինջ մտնող երկու նեղ փողոցներն են, որոնցով առանց այդ էլ հիմա եւս բարդ է երթեւեկելը. մի նեղլիկ փողոցի զույգ մայթերին խանութներ են, հետիոտնի համար նեղվածք է, մյուս նեղլիկ փողոցի մի մասը հատկացվել է շուկայի (առայժմ լիարժեք չի գործում), իսկ հենց բերանին կանգնած են տաքսիները, որոնց կանգառն այդտեղ հիմա էլ բարդացնում է մեր կյանքը: Պատկերացնո՞ւմ եք աշխույժ առեւտրի համար միաժամանակ կայանած մեքենաներն ինչ իրավիճակ կստեղծեն ե՛ւ մեծ փողոցի, ե՛ւ այդ նեղլիկ փողոցներ մուտք գործելու տեսակետից:
Եւ երրորդ՝ հարակից ազատ տարածքներում պտղատու ծառեր են, շենքի հետեւում՝ զբոսայգի, ու եթե նոր խանութատերերն ուզենան ավելացնել իրենց կայանատեղիի հատվածը՝ դա պետք է անեն ծառերի հաշվին:
Երեւանի քաղաքապետարանը, որ թույլ է տալիս աշխույժ առեւտրատեղի հենց պողոտայի վրա՝ հաշվարկե՞լ է, թե արդյունքում ի՞նչ պատկեր է լինելու:
Ավելացնենք, որ այս լուսանկարներն արել ենք որպես փաստի արձանագրում: Հետեւելու ենք հետագա զարգացմանը: Եթե մի ծառ անգամ պակասի՝ անվերջ ահազանգելու ենք: Գումարած դրան, որ ուղիղ փողոցի վրա առեւտրական աշխույժ կենտրոնի ստեղծումը գուցե նրա սեփականատիրոջ համար հաջող ձեռնարկ է, բայց թաղամասի բնակիչներիս միայն հոգս է բերելու:
Մ. Խ.