Սիրիա, ներգաղթյալներ, Հայոց ցեղասպանություն
Վերջին տարիներին Բեռլին-Անկարա հարաբերություններում նկատվում է լարվածություն: Գերմանիան դժգոհ է, որ իր տարածքում ապրող ավելի քան երեք միլիոն թուրքերից շատերը չեն ուզում ինտեգրվել գերմանական հասարակությանը: Բունդեսթագում մասամբ մեղավոր են համարում նախագահ Էրդողանին եւ իր մերձավորներին, որոնք թուրքերին կոչ են անում պահպանել լեզուն, կրոնը եւ ավանդույթները: Անկարան իր հերթին դժգոհ է, որ Բեռլինը Թուրքիային բնավ չի օժանդակում ԵՄ անդամ դառնալու հարցում: Իսկ վերջերս Գերմանիայի դժգոհության նոր պատճառ դարձավ թուրքական իշխանությունների եւ քրդերի հակամարտությունը:
Անկարա-Բեռլին հարաբերություններում ճեղքվածք առաջացավ, երբ Թուրքիան հասկացավ, որ իրեն հազիվ թե հաջողվի դառնալ ԵՄ անդամ: Անկարայում կարծում են, որ գլխավոր խոչընդոտը հենց Գերմանիան է:
«Կանցլեր Անգելա Մերկելը եւ իր շրջապատը սկզբում պաշտպանում էին Թուրքիայի անդամակցության գաղափարը, բայց հետո սկսեցին խոսել ոչ թե ԵՄ ընդլայնման, այլ քաղաքական դաշինքի խորացման անհրաժեշտության մասին: Բացի դրանից, էրդողանը իր երկրում ստեղծել է միահեծան վարչակարգ եւ անտեսում է քաղաքացիական ազատությունները եւ մարդու իրավունքները: Այնպես որ, Թուրքիան առհասարակ եվրոպական երկիր չէ», նշում է ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կոկեեւը «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում:
Թուրք լրտեսներ Գերմանիայում
Անցյալ տարվա դեկտեմբերին Բեռլին-Անկարա հարաբերություններում լրտեսական սկանդալ ծագեց: Սկզբում «Focus» հանդեսը հրապարակեց հոդված Գերմանիայում երեք թուրք լրտեսների ձերբակալման մասին: Ենթադրվում է, որ նրանք հետեւում էին Գերմանիայում ապրող ձախամետ թուրքերին եւ քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին (Էրդողանը նրան մեղադրում է պետական հեղաշրջման փորձ կատարելու եւ թուրք տասնյակ պաշտոնյաների ու գործարարների կաշառելու մեջ): Լրտեսական ցանցի ենթադրյալ կազմակերպիչը Էրդողանի նախկին խորհրդական (ներկայումս ձերբակալված) Մուհամմեդ Թահա Գերգերլօղլուն է:
Հայկական հարցը
Անկարայի համար տհաճ նորություն էր ան փաստը, որ 2015 թ. ապրիլին Գերմանիան պաշտոնապես իբրեւ ցեղասպանություն որակեց 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված հայկական կոտորածները: Առաջինն այդ մասին հայտարարեց նախագահ Իոահիմ Գաուքը ապրիլի 23-ին բեռլինյան սգո միջոցառումների ժամանակ: Ապա «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց արտգործնախարար Ֆրանց-Վալտեր Շտայնմայերը: (Ռուսական լրատվամիջոցի այս պնդումը անհիմն է: Այս մասին տեսնել 1-ին էջում Ա. Հովսեփյանի հոդվածը:-խմբ.):
Թեեւ Գաուքը ընդունել էր Բեռլինի (կայզերական Գերմանիայի) մասնակի պատասխանատվությունը հայերի տեղահանության գործում, Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ ցասումնալի հայտարարությամբ. «Նախագահ Գաուքը իրավունք չունի թուրք ժողովրդին վերագրելու ոճիրներ, որ նա չի կատարել (…) թուրք ժողովուրդը չի մոռանա եւ չի ների նախագահ Գաուքի հայտարարությունը… Եթե Գերմանիան չհրաժարվի նման մոտեցումից եւ կառուցողական դիրք չբռնի, ապա հետագայում դա բացասական հետեւանքներ կունենա Անկարայի եւ Բեռլինի փոխհարաբերությունների վրա»:
Թուրքիայի ժխտողական կեցվածքը բացասաբար է ընկալվում Գերմանիայում: «Դա ցավոտ թեմա է Անկարայի համար: Առայժմ թուրքերը կտրականապես դեմ են «ցեղասպանություն» բնորոշմանը: Գերմանիան, որպես Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների պատասխանատվությունը լիովին ստանձնած երկիր, վատ է վերաբերվում թուրքական իշխանությունների նմանօրինակ գործողություններին: Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիային միայն հեռացնում է բաղձալի ԵՄ անդամակցությունից», պնդում է Ալեքսանդր Կոկեեւը:
Կես դար ներգաղթյալների հետ
Գաուքի հայտարարությունից մի քանի շաբաթ անց Էրդողանը մեկնեց Գերմանիայի Կառլսռուե քաղաք, որտեղ ելույթ ունեցավ հազարավոր էթնիկ թուրքերի առջեւ եւ իր սովորության համաձայն քննադատեց Գերմանիայի իշխանությունների ինտեգրացիոն քաղաքականությունը: Անկարան մասնավորապես պահանջում է երկքաղաքացիության իրավունք, որին դեմ է Բեռլինը: Էրդողանը դժգոհ է նաեւ երկու երկրների միջեւ այցագրային ռեժիմի մասնակի պահպանումից: Իրենքՙ գերմանացիները, կարող են հեշտ ու հանգիստ մեկնել Թուրքիաՙ սահմանում ներկայացնելով ներքին անձնագիր, մինչդեռ թուրքերը Գերմանիա կարող են մուտք գործել այցագրով: Այս իրավիճակից օգտվում են գերմանացի ջիհադիստները, որոնք Թուրքիայի տարածքով անարգել անցնում են Սիրիա եւ Իրաք:
Վերջին տասը տարիներին Անկարան Բեռլինին խնդրում է մեղմացնել ներգաղթի օրենսդրությունը, սակայն Գերմանիան մերժում էՙ հենց ներգաղթը սահմանափակելու նպատակով: Օրինակ, եթե թուրքական որեւէ ընտանիքի անդամներից մեկը Գերմանիա է գալիս աշխատելուՙ ունենալով կեցության իրավունք, ապա նրա ազգականները ստիպված են լինում նույն նպատակով հավաքել մի կույտ զանազան փաստաթղթեր:
Բունդեսթագում գտնում են, որ Էրդողանը կոշտ հայտարարություններ է անում, որպեսզի ստանա Գերմանիայում ապրող թուրք ընտրողների քվեները: Բեռլինում վստահ են, որ առանց այդ էլ շատ բան է արվել թուրքերի ինտեգրման համար, որոնցից շատերը պարզապես չեն ուզում ընդունել հյուրընկալ երկրի արժեքները: Հատկանշական է, որ թուրք ներգաղթյալների թոռները կարող են ընդունել Գերմանիայի քաղաքացիություն, բայց նրանց ավելի քան 70 տոկոսը նախընտրում է ստանալ թուրքական անձնագիր:
Ժամանակին Գերմանիայի իշխանությունները սխալ գործեցինՙ թույլատրելով թուրքերի համահավաք բնակություն: Նրանցից շատերը մինչեւ օրս ապրում են յուրատեսակ զուգահեռ աշխարհում, շփվելով միայն իրենց հայրենակիցների հետ եւ անգամ չփորձելով գերմաներեն սովորել: Լեզվական պատնեշի պատճառով որոշ թուրք դեռահասներ չեն ավարտում դպրոցը եւ հետագայում չեն կարողանում լավ աշխատանք գտնել: Գոյություն ունի նաեւ մեկ այլ միտում. թուրք ներգաղթյալների զավակները եւ թոռները, գերմանական լավ կրթություն ստանալովՙ վերադառնում են Թուրքիա, որտեղ ստանում են բարձր աշխատավարձեր եւ ստեղծում են հաջող կարիերա:
Քրդերի խնդիրը
Ներգաղթյալների ճնշիչ ազդեցությունը գերմանական քաղաքների փողոցներում հանգեցնում է միջէթնիկական վեճերի, հարուցելով տեղաբնակների հարաճուն դժգոհությունը: Առանց այդ էլ հաճախ տեղի ունեցող թուրք-քրդական բախումները շատացել են ան բանից հետո, երբ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարելու պատրվակով, Սիրիայում հարձակումներ սկսեց նաեւ քրդերի դեմ: Թուրքերի կարծիքովՙ Սիրիայի քրդերը օգնում են ՔԲԿ-ին, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
ՌԴ ԳԱ Եվրոպայի ինստիտուտի գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կակինի կարծիքովՙ Անկարայի մեղքով Բեռլինը հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Գերմանիան հավանություն չի տալիս Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի պատժիչ գործողությանը: Գերմանացիները Իրաքի քրդերին նույնիսկ համարում են դաշնակիցներ, մարզում են քուրդ մարտիկներին եւ զինում նրանց ընդդեմ «Իսլամական պետության»: Միեւնույն ժամանակ Բեռլինը բացասաբար է վերաբերվում Բաշար Ասադի վարչակարգին, ուստի ձեռնպահ է մնում Անկարային դատապարտող մեկնաբանություններից: Նման իրավիճակում Շտայնմայերը եւ Մերկելը, ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ հանդես գալովՙ Թուրքիային լոկ կոչ են անում «չընդհատել հաշտության բանակցությունները քրդերի հետ»:
«Գերմանական ԶԼՄ-ները անդադար պնդում են, թե Բաշար Ասադը չարիք է,- պարզաբանում է Ալեքսանդր Կամկինը:- Ընդսմին Գերմանիայի իշխանությունները հասկանում են, որ Ասադի վարչակարգի անկման դեպքում «Իսլամական պետության» գրոհայինները կբնաջնջեն ազգային փոքրամասնություններին: Սիրիան Մեծ Թուրքիայի շահերի ոլորտում է, ուստի Անկարան ուզում է Դամասկոսի վարչակարգը տապալել արմատական խմբավորումների օգնությամբ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում մարզում է «Իսլամական պետության» գրոհայիններին, նրանց մատակարարում զենք, անձնագրեր, լինելով նաեւ ջիհադիստների տարանցման երկիր, այդ թվումՙ գերմանացի: Սակայն պաշտոնական Բեռլինը ջանում է աչք փակել, քանի որ նրա համար Ասադի վարչակարգի անկումը առավել բաղձալի նպատակ է, քան պայքարը «Իսլամական պետության» դեմ»: