Դժվար է ասել, թե Աշոտ Մանուչարյանի հանդեպ հանրության վստահությունը բարձր է, անգամ դժվար է ասել, որ այդպիսի վստահություն նրա հանդեպ կա` եթե հետ ենք նայում նրա անցյալին: Նա մերթընդմերթ երեւում է տարբեր ընդդիմադիր ձեւաչափերում, նկատվող կամ չնկատվող, բայց սովորաբար ենթատեքստ ունեցող մտքեր ասում եւ անհետանում: Այս անգամ եւս նա երեւաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի (ինչ էլ անուն է) ծրագրի ներկայացման ժամանակ, եւ միակ մարդն էր, որ սթափեցնող մտքեր ասաց` անկախ շարժառիթից, որոնց հետ դժվար է չհամաձայնել: «Եթե բոլորիս Աստվածը փողն է` որ Սերժ Սարգսյանին փոխեք ու դուք գաք, նույն արժեհամակարգով ի՞նչն եք փոխելու», ասաց:Նրա կարծիքով` Աստվածների՛ն պետք է փոխել, թե չէ` անընդհատ նույնն է կրկնվելու, տականքը հայտնվելու է վերեւոմ, իսկ իրական ընտրանին` լուսանցքում:
Հա, իսկապես: Նայելով հանրային փրկության մասնակից դեմքերին ու հնչող ելույթներին, մի քանի լուսավոր դեմքից անդին կարելի է տեսնել նույն մարդկանց դեմքերը, ովքեր բազմիցս մտել են նույն գետը ու թրջվել-չորանալուց հետո նորից ու նորից են մտնում: Այսինքն` տապալվելուց հետո նորից ու նորից են գնում տապալվելու: Աշոտ Մանուչարյանի ասածը հենց այդ է ` կուժ, քեզ եմ ասում (իշխանություն, դու վատն ես), կուլա, դու հասկացիր (ընդդիմություն, դու նույնպես վատն ես): Բա էլ ինչու զարմանալ, որ մարդիկ չեն գնում կամ լայն առումով չեն գնա այդ հանրային փրկության հետեւից, քանի որ որքան իշխանավորների ապաշնորհ տեսակից են հոգնել, նույնքան էլ այն մարդկանց դեմքերից, ովքեր մշտապես փորձում են վրաները քաշել փրկչի պատմուճանն` առանց նայելու, թե դա իրենց չափսո՞վ է, իրենց բովանդակությանը համեմա՞տ է, թե ոչ, ու մի քանի անգամ քաշքշել-պատռելուց հետո` էլի ու էլի նույն բանն են անում: Թեեւ` նրանց ելույթների ինչ-ինչ մտքերից հասկացվում էր, որ նրանք եւս հասկանում են իրենց արածի անարդյունավետությունը, բայց ընդհանրապես իրենց դնում էին չհասկացողի տեղ սեփական ելույթների մեծ մասում:
Սկսենք նրանից, որ «հանրային փրկություն» բառը հայերեն ոչինչ չի նշանակում, այլ միայն անգլերենի վատ թարգմանություն է, երեւում է` դեմ են տվել, մերոնք էլ կարծել են, թե ամեն հանրային բան լավ է: Մինչդեռ հայերենում հանրային քննարկում կլինի, բայց հանրային փրկություն չի լինի, այս դեպքում սեռական հոլով է պահանջվում` հանրության փրկություն, քանի որ հանրությունը շնչավոր արարածի հետ է նույնանում: Բայց դե մերոնց համար մեկ է` ինչ ուզում է լինի, միայն թե հանրային լինի, եվրոպական բովանդակության բառ է` հնչեղ, իսկ դե իմաստային նրբերանգների հետեւից ընկնելու ժամանակ մերոնք չունեն: Ասում են` նշանների լեզուն կարդացողը շատ բան կարող է նախապես ճիշտ ուղղորդել. չգիտենք` կարդացի՞ն փրկության ճակատի մասնակիցներն իրենց հիմնի` միայն երրորդ անգամից հնչեցնել կարողանալու ենթատեքստը, թե ոչ…
Դե, իսկ բովանդակային առումով` ճակատի ծրագրի ներկայացման առթիվ ելույթների լավ չնկատվող մասերն ընդգծելուց առաջ ասենք, որ շատ քիչ ժամանակ` ընդամենն ամիսուկես ունեն ճակատայինները մինչեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն «Ոչի» ալիք բարձրացնելու համար, որպեսզի իրենց նշանակած` իշխանությունների վրա զորեղ ճնշման հանրահավաքի օրը, դեկտեմբերի 1-ին, այդ զորեղը կարողանան իրականացնել: Չնայած` իրենք էլ գիտեն, որ այդ կարճ ժամանակում չեն կարող հանրությանը ոտքի կանգնեցնել մի բանի համար, ինչի հանդեպ նա անտարբեր է ի սկզբանե: Ճակատի շտաբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքից օգտվենք, թե` որեւէ խնդիր լուծելիս իրավիճակի ճիշտ գնահատում պետք է անել. դե, ուրեմն , ասենք` էն գլխից իրավիճակը ճիշտ չի գնահատվել, մեկուկես ամսում, մարդկային ու ֆինանսական նվազ-լղարիկ ռեսուրսով «որո՞ւն կարթնցնեն», որ հզոր ճնշում բանեցնեն իշխանությունների վրա: Անկախ նրանից, որ, այո, ճիշտ շեշտադրում կա հարցադրման մեջ, թե էս սուղ շրջանում, երբ տնտեսության վիճակն է վատ, սահմանն է լարված` նոր ու որակյալ տեխնիկական միջոցների կարոտ, մենք չորս միլիոն դոլար ենք ծախսելու հանրաքվեի վրա, էլ չասած, որ համատարած անտարբերության պարագայում, եթե հանրապետականները ճուտ տան անգամ` անհրաժեշտ 625 հազար «այո» քվեն չեն կարող ապահովել, եթե, իհարկե, տրցակներով «այո» քվե չեն լցնելու տուփերը, ինչպես սովոր են վարվել Հայաստանում, կամ էլի տրցակներով փող չեն բաժանելու քվեի դիմաց:
Կամ` Գարեգին Չուգասզյանն ասում էր, թե հանրաքվեն առիթ է` արմատական փոփոխությունները նորից օրակարգ բերելու: Եթե միայն առիթներով է պայմանավորված փոփոխությունների համար պայքարը, ապա դա, մեղմ ասենք, արկածամոլություն է, որովհետեւ արմատական փոփոխությունների պահանջը պետք է հրամայական լինի առանց առիթների: Կամ որ` Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիական անհնազանդությունից է խոսում, որտե՞ղ է տեսնում անհնազանդ քաղաքացիների գոնե մեկ հազարյակ, մանավանդ` ճակատի միասնական շտաբի համակարգող Ժ. Սեֆիլյանն էլ է հասկացել` մեր ժողովուրդը երկարաշունչ պայքար չի սիրում, բոլորին պետք է ամեն ինչ, եւ միանգամից: Իսկ որ Լեւոն Զուրաբյանը, որը հրավիրյալի կարգավիճակով էր ծրագրի ներկայացմանը, խոսում է «Ոչի» շարժման եւ Հանրային փրկության ճակատի` ընդամենը մարտավարական տարբերություններից, բայց միասնական լինելուց, ու հոտեմբերի 30-ին նշանակված հանրահավաքում սեփական ծրագիր է խոստանում, սա արդեն նոնսենս է. ենթադրենք մի քանի տասնյակ մարդկանցով մի քանի տեսակ ծրագիր ունեցաք, գոնե այդ ծրագրերի տպագրաթերթն օգտագործելու ձեւը գտնելո՞ւ եք:
Գալով իշխանություններին` նրանք էլ լավն են. տասնամյակից ավելի ոչ թե փորձում են ինչ-որ քայլերով կյանքի որակ փոխել, այլ զանազան հնարքներով երազախաբ անել դժգոհության ջահակիրներին, գլխավոր խնդիր համարելով ոչ թե երկրում իրական փոփոխությունների վրա տքնելը, այլ դժգոհությունները կամ դրանց առիթները չեզոքացնելը, միայն թե իշխանության թանին ոչ ոք թթու չասի: Է, առիթ վերացնել անվերջ չի ստացվի` չնայած ԲՀԿ-ի նախկին առաջնորդին չեզոքացնելու հանճարեղ պլանի համարյա ոսկերչական իրականացմանը: Հիմա նոր առիթը` հանրաքվեն, տալիս է հենց իշխանությունը, թեեւ, ինչպես ասում է ժողովուրդը, առիթի տակ չմնալու տարբերակները հաշված կլինի , ոսկերչական հղկած հին մեթոդներն էլ միշտ զինանոցում է պահում: Միայն ինչ արժի հանրաքվեի շտաբի պետ վարչապետի նշանակումն` առանց վարչապետությունից արձակուրդ գնալու հնարավորության: Դե` Հովիկ Աբրահամյանը մեկումեջ մարզերը կգնա` տեսնի խաղողը մթերվե՞ց-չմթերվեց, հետն էլ զանազան խոստումներով փաթեթավորելով իր այցերը, եթե անգամ «այոյի» անուն չտա` տեղով այդ այցերն «այոյի» քարոզ են լինելու:
Մինչ մեր ընդդիմությունն ( ասենք` ինչ որ մնացել է ընդդիմությունից) առիթավորվել է նորից ու խոսում է իշխանափոխությունից , արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից` հանրաքվեի «Ոչի» ճաշացանկի մեջ դրանք տեղավորելով, Հայաստանի քաղաքական կյանքում նոր գործոններ են սկսում դեր վերցնել` անկախ ընդդիմության ցանկությունից կամ ընդհանրապես գոյությունից: Տիգրան Սարգսյանի` ԵՏՄ հանձնաժողովի նախագահ նշանակվելու տնտեսական հնարավոր անդրադարձերի մասին «Ազգը» մեկ այլ հրապարակմամբ ուրվագծում է, սակայն կարծում ենք, այս նշանակումը նաեւ քաղաքական բաղադրիչ կարող է պարունակել, քանի որ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը Հայաստանում կավելանա, նրան հարող քաղաքական խմբերը կակտիվանան, անգամ նա կարող է ստվերային ձեւով այդ խմբերի միջոցով մասնակցել քաղաքական կյանքին, խորհրդարանական ընտրություններին եւ այլն: Այդ նշանակմամբ, կարելի է ասել, ակամա թե մտածված (եթե Հայաստանի իշխանությունը նշանակալի դեր է ունեցել նրա թեկնածության առաջքաշման առումով, իսկ չունենալ չէր կարող), փակվում է Քոչարյանի վերադարձի հնարավորությունը` նրա հովանավորած միավորներով հանդերձ, որը խաղարկվում էր ռուսական կապերի համատեքստում: Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունները, եթե հիշում եք, ամենեւին լավ վիճակում չէին, եթե չասենք հակառակը, նույնը կարող է տեղի ունենալ բոլոր այն ուժերի ու անձերի հետ, ովքեր իրենց հավակնությունները կառուցում էին Տ. Սարգսյանի հետ հակադրության վրա: Եղա՞վ, որ այս գործոնն ինքնին կփոխի Հայաստանի քաղաքական քարտեզի կոնտուրները: Հայաստանի քաղաքական դաշտն, այո, միշտ կախված է եղել անձերից, եւ փոփոխվել է անձերի ցանկությունների համեմատ, ինչը որպես այդպիսին, խոսում է Հայաստանում քաղաքական միավորների չկայացածության մասին:
Ղարաբաղյան հարցում եւս նորություններ են սպասվում, ինչը նույնպես իր հետեւանքները կունենա Հայաստանի հատկապես սահմանային վիճակի վրա, որն էլ սովորաբար շղթայական ազդեցություն է ունեում երկրում ամեն ինչի վրա: Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Երեւան եւ տարածաշրջան, հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարը կոնկրետացնելու: Ի՞նչ կբերի այս անգամ այդ այցը` սահմանային լարվածություն, թե՞ հակառակը, նախագահների նոր հանդիպման հստակեցմամբ դրական միտումների հո՞ւյս, կամ` այդպիսի հանդիպման ցանկության բացակայությամբ` նոր անորոշությո՞ւն, սա եւս դժվար կանխատեսելի է: Բայց եւ` այս հարթության մեջ տեղի ունեցողը տասնյակ անգամ ավելի կարեւոր է Հայաստանի համար, քան հանրաքվեի «այոն» կամ «ոչը», որքան էլ «այոյի» կողմնակիցները մեր կյանքը փոխելու հրամայականների իրագործումը կապեն «այոյի» հետ:
Իսկ Եվրոմիության հետ համագործակցության նոր հեռանկարը, որ սնվում է անգամ Հայաստանի նախագահի մակարդակով, ով ԵԺԿ համագումարում հույս է հայտնել, թե ԵՄ-ի հետ նոր բանակցությունների արդյունքում մշակելիք փաստաթուղթը «կուրվագծի համապարփակ փոխգործակցությունը` դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք», խոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական կյանքը շատ չնչին մի բան է` այն գլոբալ գործընթացների հանդեպ, որոնց մեջ ներկա է Հայաստանը: Եւ Հայաստանի ժողովուրդն էլ լուռ հետեւոմ է այդ բոլորին, ճիշտ է` նաեւ թափով արտագաղթելով ու քաղաքական ուժերի հետ հույս չկապելով: Ու այս բոլորի մեջ հանրաքվեի ազդեցության ռեսուրսը շատ փոքր է, մանավանդ որ Հայաստանի ժողովրդի անտարբերությունը, եթե թողնվի այնպես, ինչպես հիմա է, կարող է տապալել հանրաքվեն. հանրության շատ շերտեր են գիտակցում, որ Հայաստանում ոչ թե սոսկ հանրաքվե է լինելու, սոսկ «այո» կամ «ոչ», այլ ապագա քաղաքական քարտեզի նոր գծագրում: Չմոռանանք Մատթեոսի ավետարանը, ուր նշված է, թե ինչ ավելի է «այոյից» ու «ոչից», չարից է.«Թող քո այոն այո լինի, ոչը` ոչ»:
Բարի հանրաքվե: