Գերմանական լրատվամիջոցներըՙ մեծ տպաքանակ ունեցող «Բիլդը», Թյուրինգիայի տեղական թերթերը, mdr հեռուստատեսությունը նոյեմբերի սկզբին ահազանգում ենՙ մաֆիան կենտրոնական Գերմանիայում ակտիվացել էՙ թմրամիջոցներ, մարմնավաճառություն, ավտոմեքենաների հափշտակում, դրամաշորթում, զենքի առեւտուր, փողերի լվացում: Իտալական եւ ռուսական մաֆիայի հանցախմբերը կենտրոն են գտել հենց այստեղ, իսկ նրանց մեջ առաջնային տեղ են զբաղեցնում հայերը կամ, ինչպես գերմանական լրատվամիջոցներն են գրումՙ հայկական հանցախումբը: Էրֆուրտում հայերի մի մասը համագործակցել է այսպես կոչված ռոք խմբերի հետ, «Joker», «United Tribuns», «Hells Angels», Red Devils MC խմբերի անդամների հետ սերտ կապերը դրա մասին են վկայում:
«Պինդ» հիերարխիայով աչքի ընկնող «Joker»-ի հանցախմբում մի նախագահ կաՙ այսպես կոչված բոսսըՙ երիտասարդ մի հայ է: Այս խմբի պատմությունը մոտ 7 տարվա վաղեմություն ունի, երբ վայրագությունների պատրաստ երիտասարդ ներգաղթյալներՙ Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Չեչնիայից աչքի էին ընկնում ուժի ցուցադրմամբ, թմրամիջոցների գործածմամբ, ծեծուջարդով, սպառնալիքներով, ոստիկանների հետ բախումներով: «United Tribuns» խմբին հարում են թե՛ երիտասարդներ, թե՛ մեծահասակներ: Իրենց բացատրությամբՙ խումբը կազմված է մարտարվեստով զբաղվող ուժեղ կազմվածք ունեցող անդամներից, որոնք դռնապան են աշխատում, հսկում են հասարակական վայրերիՙ ռեստորանների, ակումբների անդորրը: Կազմակերպությունն աշխարհում 1700 անդամ ունի: Red Devils MC ակումբի անդամները մոտոցիկլետ վարողներ են, ռոքի սիրահար եւ համարվում են «Hells Angels»-ի ամենամեծ ու կարեւոր հենարանը: Ակումբը ներգրավված է եղել 2014-ի հուլիսին խաղասրահներից մեկի առջեւ ծավալված արյունալի փոխհրաձգության մեջ, որից հետո հայտնվել է Գերմանիայի դաշնային հետաքննության վարչության ուշադրության առանցքում:
MDR-ի հետաքննությունը պարզել է, որ հայկական մաֆիան «Hells Angels» ռոք խմբի հետ տարիներ ի վեր է համագործակցումՙ թմրամիջոցների առուվաճառք, մարմնավաճառություն:
Աքսել Հեմմերլինգի եւ Լուդվիգ Քենդցիայի լրագրողական ծավալուն հետաքննությունը մանրամասնում է, թե 2014-ի հուլիսի 13-ին Էրֆուրտի խաղասրահներից մեկում արյունալի բախման մեջ ներգրավված է հենց հայկական մաֆիան, որի անդամները պատրաստ են ամեն ինչի: Խաղասրահը պատկանում է Կարեն Ս-ինՙ Գերմանիայում գործարար լավ կապեր ունեցող մի հայի: Նա իրեն պատկանող տարածքը տրամադրել է հայրենակիցներինՙ հայկական տեղական մաֆիայի մի խմբի անդամները մյուսՙ Լապցիգի, Բեռլինի խմբի հետ են հանդիպում: Վերջիններիս ցանկությունն է վերահսկողություն ունենալ Էրֆուրտի շուկայի վրա, գերմանացի մեր գործընկերների պատկերավոր արտահայտությամբՙ «կարկանդակից իրենց կտորն» են պահանջում: Լայպցիգից, Բեռլինից Էրֆուրտ ժամանած խմբին ուղեկցում է վայրագությամբ հայտնի մի չեչեն: Տեղաբնակ մի հայի եւ չեչենի միջեւ ձեռնամարտ է սկսվում, այնուհետ կրակոցներ, բազմաթիվ վիրավորներ, գանգստերների մի մասին հաջողվում է փախչել, չեչենը ծանր վիրավորվում է, հայերից մեկըՙ նույնպես: Ականատեսների վկայությամբՙ հրաշք է, որ նման կռվից հետո փողոցում դիակներ չեն հայտնվել: Ոստիկանությունը 20 պարկուճ է հայտնաբերում: Էրֆուրտի արյունոտ հրաձգության գործը մայիսից 12- ից քննվում է մարզային դատարանում:10 մեղադրյալ ամենայն հավանականությամբ հարում է հենց հայկական հանցաշխարհին եւ դրաՙ Գերմանիայով մեկ տարածված ցանցի մի փոքր մասն է ներկայացնում:
Հայկական հանցախումբը զբաղվում է թմրամիջոցների առուվաճառքով, մեծ եկամուտ ստանում: MDR- ի հետաքննությունը պարզել է, թե հայկական հանցախումբը գործունեություն է ծավալում Գերմանիայի դաշնության ողջ տարածքումՙ ցանցը ձգվում է Համբուրգից Հաննովեր, Բեռլինից Լայպցիգ եւ Էրֆուրտ: Նշյալ քաղաքներում հայկական մաֆիայի խիտ ցանցում հիմնականում բարեր ու նարգիլե ծխելու ակումբներ են (Sisha-Clubs): Լրագրողները տարբեր դեպքերի մասին են իրազեկում, որտեղ հայերն աննկատ չեն մնացել: Օրինակները շատ են: Մի անգամ ոստիկանական սովորական ճանապարհային ստուգման ժամանակ էրֆուրտցի իրավապահների աչքից չի վրիպել մի մուգ լիմուզին, որ կանգնեցրել են. ուղեւորները երիտասարդներ են եղելՙ Հայաստանից, գոռգոռացել են, սպառնացել, հեռախոսով խոսել: Րոպեներ անց հայտնվել են այլ ավտոմեքենաներՙ թիկունք լինելու առաջիններին: Իրադրությունը գնալով ավելի վայրագ է դարձել, սպառնալից: Գերմանացի իրավապահներին հաջողվել է վերահսկել իրադրությունը միայն այն ժամանակ, երբ աջակցություն են ստացել իրենց գործընկերներից:
«Դի վելթը» իրազեկում է, թե ՔԴՄ խմբակցությունը կամենում է երկրամասային խորհրդարանումՙ Լանդթագում ներքին գործերի հանձնաժողովի քննությանը դնել հարցըՙ հստակ տեղեկատվություն ակնկալելով ներքին գործերի նախարարից, թե ի՞նչ ռազմավարություն են իրականացնում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում: Կանաչների խմբակցության նախագահ Դիրք Ադամսը հայտարարել է, թե իրավապահ բոլոր միջոցներով պայքարելու են կազմակերպված հանցավորության դեմ:
Գերմանիա