«Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման պահով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը, կառավարության երեկվա որոշմամբ, հետաձգվեց 3 տարով: Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: «Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1,6 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1,3 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն: Նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 2,5 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան եւ այլ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ: