ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱԼԵՐՅԱՆ, Ֆինանսագետ
Ավանդների երաշխավորման համակարգը մեր երկրում հարաբերականորեն երիտասարդ համակարգերից է, որի նպատակը բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է:
Բանկային համակարգը հուսալի է, իսկ ավանդների երաշխավորման համակարգի նկատմամբ առկա է վստահություն այն դեպքում, երբ ավանդ ունեցող քաղաքացին վստահ ու համոզված է, որ բանկի ձախողման դեպքում իր ավանդը կվերադրձնեն: Ընդ որումՙ որքան արագ ու արդյունավետ է կազմակերպված ավանդների հատուցման գործընթացը, այնքան մեծ է վստահությունը բանկային համակարգի նկատմամբ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում ավանդների հատուցման գործընթացը բավականաչափ պարզեցված, մատչելի ու էականորեն կարճ գործընթաց է, որին որպես կանոն բնորոշ չէ մեզ հայտնի քաոսային իրավիճակը:
Մի շարք ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը նախաձեռնեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ, որով ներդրվեց ավանդների հատուցման նոր կարգ: Այս փոփոխությունները քննարկվեցին շահագրգիռ անձանց հետ, հավանության արժանացան ՀՀ կառավարության կողմից: Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովը, քննարկելով փոփոխությունների նախագիծը, ձայների մեծամասնությամբ ընդունեց այն:
Այսպիսով, 2016 թվականի մարտի 1-ից կգործի ավանդների հատուցման նոր կարգ, որի շնորհիվ մեր երկրում եւս ավանդների հատուցման գործընթացն առավել մատչելի կդառնա քաղաքացիների համար եւ կկրճատի որոշ գործընթացներ: Անդրադառնանք նոր կարգի առանձնահատկություններին:
Այսօր գործող կարգավորման համաձայն, եթե հատուցման դեպք տեղի ունենա, այսինքնՙ բանկը ճանաչվի անվճարունակ կամ սնանկ, ապա քաղաքացին առնվազն երկու անգամ պետք է այցելի բանկ, որպեսզի նախ անձամբ գրավոր դիմում ներկայացնի իր ավանդը ստանալու համար, այնուհետեւՙ ստանա իր ավանդի գումարը: Սա լավագույն սցենարն է: Հնարավոր են դեպքեր, երբ քաղաքացու եւ բանկի միջեւ ավանդի գումարի վերաբերյալ տարաձայնություններ լինեն, կամ անհրաժեշտ լինի լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնել: Այս դեպքում քաղաքացու այցելությունների քանակը բանկ կարող է առնվազն կրկնապատկվել:
Նոր կարգը լուծել է այս խնդիրը` կրճատելով քաղաքացու այցելությունների քանակը բանկ, քանի որ այսուհետ քաղաքացին կկարողանա հատուցում ստանալու իր դիմումը ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակովՙ առանց բանկ այցելելու: Ընդ որումՙ հատուցումը ստանալու համար նույնպես անհրաժեշտ չի լինի բանկ այցելել, քանի որ քաղաքացին կարող է ընտրել հատուցումն անկանխիկ ստանալու, այսինքնՙ իր կողմից նշված բանկային հաշվին փոխանցելու տարբերակը:
Սրան զուգահեռ նոր կարգը եւս մեկ հնարավորություն է սահմանել քաղաքացու համար: Կրկնակի երկարաձգվել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում քաղաքացին իրավունք ունի դիմել եւ ստանալ իր ավանդը: Դիտարկենք հետեւյալ իրավիճակը: Քաղաքացին մեկնել է արտասահման 2 տարով կրթություն ստանալու համար: Բանկը, որտեղ նա ավանդ ունի, սնանկ է ճանաչվում: Գործող կարգի համաձայն քաղաքացին ունի մեկ տարի ժամանակ որպեսզի դիմի եւ ստանա իր ավանդը: Ենթադրենքՙ ինչ-ինչ պատճառներով քաղաքացին չի կարողացել դիմել բանկ եւ ստանալ ավանդը, այդպիսով բաց թողնելով մեկ տարվա ժամկետը: Սա նշանակում է, որ քաղաքացին կզրկվի հատուցման համակարգի միջոցով ավանդը ստանալուց եւ դա հնարավոր կլինի միայն բանկի լուծարման գործընթացում:
Նոր կարգով մեկ այլ կարեւոր փոփոխություն է կատարվել, որը թերեւս կարելի է համարել հատուցման գործընթացի հիմնասյուներից մեկը: Այսուհետ հատուցման գործընթացը կտեւի շատ կարճ: Եթե ներկայիս կարգավորման պայմաններում հատուցման պարագա առաջանար, ապա հնարավոր է լինեին դեպքեր, երբ հատուցում ստանալու դիմում ներկայացնելու պահից մինչեւ փաստացի հատուցում ստանալը 1 տարի եւ ավելի տեւեր: Նոր կարգով այս խնդրին կտրուկ լուծում է տրվել: 2016 թվականի մարտի 1-ից քաղաքացին կկարողանա դիմել եւ ստանալ իր ավանդը հատուցման դեպքը տեղի ունենալու պահից 20-րդ օրը: Մի քանի տարի հետո այս ժամկետն ավելի կկրճատվի եւ արդեն 2023 թվականից հատուցման դեպքը տեղի ունենալու պահից 7-րդ օրը քաղաքացին կկարողանա դիմել եւ ստանալ իր ավանդը:
Եվս մեկ փոփոխություն է կատարվել, որն ունի կարեւոր սոցիալական նշանակություն: Դիտարկենք այն իրավիճակը, երբ քաղաքացին բանկում ներդրել է երեխայի ուսման համար ավանդ ու միաժամանկ վարկ է վերցրել նույն բանկից: Այս իրավիճակում, եթե բանկի մոտ խնդիրներ առաջանան, ապա բանկը մեխանիկորեն քաղաքացու ավանդը կուղղի վարկի մարմանը, քանի որ գործող կարգավորմամբ նախատեսվում է պարտավորությունների հաշվանցի գաղափարը: Մինչդեռ քաղաքացին պարտաճանաչ վարկառու էր եւ կարող էր շարունակել վարկի մարումները: Նոր կարգավորումն այս խնդիրը նույնպես լուծել է: Այսուհետ քաղաքացու ավանդը կուղղվի միայն այն պարտավորությունների մարմանը, որոնք խնդրահարույց են, եւ քաղաքացին չի կորցնի տարիների ընթացքում հատուկ նպատակով կուտակած միջոցները:
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս կան բանկերի միացման միտումներ, ոչ պակաս կարեւոր է նաեւ միացումների պարագայում քաղաքացիներիՙ որպես ավանդատուների շահերի պաշտպանությունը: Դիտարկենք եւս մեկ իրավիճակ: Քաղաքացին Ա եւ Բ բանկերից յուրաքանչյուրում ունի 10 միլիոն հայկական դրամ ավանդ: Ընդ որումՙ համաձայն գործող կարգավորման 10 միլիոն հայկական դրամ ավանդը երաշխավորվում է եւ ամբողջությամբ ենթակա է հատուցման: Այս երկու բանկերի միացման դեպքում քաղաքացին կունենա 20 միլիոն հայկական դրամ ավանդ, որից միայն 10 միլիոնը կերաշխավորվի եւ կհատուցվի: Քաղաքացուն նման «կորստի» ռիսկից զերծ պահելու համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում Ա եւ Բ բանկերի միացման դեպքում քաղաքացու ավանդները կդիտարկվեն որպես առանձին ավանդներ:
Կարծում ենք, որ դեռեւս 2015 թվականի նոյեմբերին երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացման հետ միասին 10 միլիոն հայկական դրամՙ դրամային բանկային ավանդների դեպքում եւ 5 միլիոն հայկական դրամՙ արտարժութային բանկային ավանդի դեպքում), ավանդների հատուցման նոր ընթացակարգը իրապես կբարձրացնի բանկերի նկատմամբ ավանդատուների վստահությունըՙ լուրջ իրավական հիմքերի վրա դնելով ավանդատուների շահերի պաշտպանությունը: