Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Հիսունվեց րոպե շարունակվեց դրամատիզմով լի այդ թռիչքը, որում հայ օդաչուներըՙ Յակ-40-ի հրամանատար Վարդան Սարգսյանը, օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը, մեխանիկ Աշոտ Այվազյանը, ցուցաբերելով բացառիկ արիություն եւ հնարամտություն, խափանեցին ինքնաթիռի առեւանգման փորձը: Հիսունվեց րոպե ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը, գործնականում միայնակ, հոգեբանական (եւ ոչ միայն) մարտի մեջ էր ահաբեկչի հետ, որը սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը, եթե չկատարվեն իր բոլոր պայմաններն ու պահանջները: Մեր օդաչուների սխրանքի մասին խորհրդային ժամանակներում ես բազմիցս եմ փորձել մամուլով բարձրաձայնել: Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ես պատմեցի Յակ-40-ի անձնակազմի սխրանքի մասին մի քանի հրատարակություններում:Այդ նյութերում տվյալներ չկային այն ողբերգական թռիչքի ոչ երթուղու, ոչ էլ տարեթվի մասին: Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում նյութեր այն մասին, թե ինչպես է դա եղել:


Վերջերս, երբ աչքի էի անցկացնում իմ արխիվները, ձեռքս ընկավ շատ տարիների վաղեմության մի չբացված ծրար: Իր համառոտ նամակում մոսկովյան «Սովետսկայա ժենշչինա» ամսագրի աշխատակցուհի Լյուդմիլա Կիրիլյուկը ճշտել էր բոլոր շեշտադրումները իմ ակնարկի տպագրության հանելուկային մերժման պատմության մեջ: Ինտրիգը կայանում էր նրանում, որ «մեր լեգենդար ժամանակակցուհու կերպարը բացահայտող» այդ հոդվածը պատվիրել էր հենց «Սովետսկայա ժենշչինա» ամսագրի խմբագրությունը: Իմ ակնարկի հիմքում ընկած սյուժեն հեշտությամբ կարող էր հոլիվուդյան ֆիլմի սցենար դառնալ: Բայց քանի որ այն վերցված էր իրական կյանքից, ապա այդ «հանցապատումը» այն լճացած շրջանում ուղղակի գյուտ էր ամսագրի համար: Պետք է ասել, որ խմբագրության կողմից ոչ մի դժգոհություն չէի ստացել, ավելին, հայտնել էին, որ իմ հերոսուհու դիմանկարը ռոմանտիկորեն զարդարելու էր ամսագրի շապիկը: Հատվածական խմբագրման գործընթացը հաջողությամբ առաջ էր գնում, եւ ես անհամբերությամբ կանխավայելում էի այն երջանիկ պահը, երբ համարը լույս կտեսներ: Կարելի էր ինձ հասկանալ. «Սովետսկայա ժենշինա»-ն այն պարբերականների շարքում էր, որոնց տպաքանակն անցնում էր մեկ միլիոնից: Սակայն որքա՜ն մեծ էր հուսախաբությունս, երբ բառացիորեն տպարան ուղարկվելուց առաջ նյութը հանվեց համարից: Երբ իմացա այդ մասին, համակվեցի վրդովմունքով: Առաջին հերթին ցավալի էր, որ մեր հայրենակցուհու սխրանքի մասին չեն իմանալու «ցամաքի մեկ վեցերորդի» ընթերցողները, ինչպես այն ժամանակ էին հպարտորեն կոչում ԽՍՀՄ-ը: Եվ երկրորդՙ ես չէի խնդրել-աղաչել, ի՛նձ էին խնդրել: Պատճառները պարզելու իմ բոլոր փորձերը արդյունք չտվեցին: Չեմ թաքցնիՙ չէի կարող չզգալ, որ ինձանից ոչ պակաս վշտացած էին ամսագրի աշխատակիցները: Ճիշտ է, վերջիվերջո ինձ խոստովանեցին, որ հոդվածի ճանապարհը փակել են Հայկական ԽՍՀ-ում: Եվ դա ինձ չափազանց զարմացրեց, քանի որ, որքան ես էի տեղյակ, հանրապետության քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը իր համաձայնությունը տվել էր հրապարակմանը: Ակնարկի վրա դրված արգելանքը այդպես էլ ինձ համար կմնար որպես յոթ կողպեքով փակված գաղտնիք, եթե անցյալից ինձ չհասներ Լյուդմիլա Կիրիլյուկի նամակը, 1986 թվականի տարեթվով: Իսկ այն չէի բացել միայն մի պատճառով. երբ այն տեղ էր հասել, ես գործուղման մեջ էի: Փոստս կուտակվել էր, եւ հավանաբար, պարզապես ինչ-որ բան ձեռքիս տակ չէր ընկել: Երեւի հետաձգել էի նամակի ընթերցումը, որը տասնամյակներ շարունակ թղթերի տակ սպասել էր իր ժամին: Նամակից հետեւում էր, որ ակնարկը «մկրատել» էր ոչ թե Հայաստանի քաղավիացիան, այլ ԽՍՀՄ ՊԱԿ-ը: Ուղղակի ուզում ես գրելՙ «ինչը եւ պետք էր սպասել»: Թեպետ, հենց այս դեպքում թվում էրՙ կարելի է հարցնել. «Իսկ ինչո՞ւ: Չէ՞ որ երջանիկ հանգուցալուծումը լիովին խորհրդային ոգով էր»: Բայց հավանաբար դա այն շրջանն էր, երբ վերեւներում ինչ-որ մեկը գտնում էր, թե Խորհրդային Միությունում ընդհանրապես չպետք է տեղի ունենան պատմություններ, որոնք նման էին իմ նկարագրածին, եթե նույնիսկ դրանք կատարվում էին կյանքում:

Կգբականների տրամաբանությունը հետին թվով հասկանալն ավելի դժվար է, քան այն ժամանակ: Գլխավորն այն է, որ գոնե մեր ժամանակներում կարելի է պատմել Դոլորես ոչ հայկական անունն ունեցող ուղեկցորդուհու հիրավի զարմանալի սխրանքի մասին: Եվ իհարկե, խիզախ օդաչուների սխրանքի մասին:

***

Լինում են օրեր, որոնք էությամբ ճիշտ եւ ճիշտ հիշեցնում են երկուշաբթին, երբ ամեն ինչ թարս է գնում: 1988 թվականի հունվարի 25-ին ձյան առատ տեղումների պատճառով Յակ-40-ի թռիչքը երեք անգամ հետաձգվել էր: Վերջապես նստեցում հայտարարվեց: Ուղեւորներն արագ շտապեցին դեպի սանդուղք, ասես վախենալով, թե եղանակը կարող է նորից կամակորություններ անել: Ուշացման համար անձնակազմի անունից ուղեկցորդուհու քաղաքավարի ներողություններին նրանք ավելի շուտ անտարբեր մնացին: Միակ բանը, որ հուզում էր մարդկանցՙ հնարավորինս արագ «Էրեբունի» օդանավակայանից Բերդ շրջկենտրոն հասնելն էր: Թեպետ կար նրանց մեջ նաեւ մի տատիկՙ այն տեսակից, որը գրողի համար կարող է նախատիպ հանդիսանալ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հերոսուհուՙ անդադրում ծեր տիկին Մարփլի կերպարի համար, թեեւ իրական կյանքում նրանց համարում են չափից ավելի հետաքրքրասեր: Եվ իզուր: Առաջինը հենց «միսս Մարփլն» էր, որ ուշադրություն դարձրեց համակրելի երիտասարդի տարօրինակ պահվածքին: Ավելի ճիշտ, նա դեռ դեպի ինքնաթիռ «վազքուղում» էր գրավել նրա ուշադրությունը: Երիտասարդը, տեսնելով, որ տատիկը գերբեռնված է, սիրահոժար օգնեց նրան եւ իհարկե, արժանացավ համակրանքի: Բայց սրահում, երբ վերջապես բոլորը տեղավորվեցին եւ ընկղմվեցին թռիչքային կիսաթմբիրի մեջ, երիտասարդը բոլորովին այլ առիթով սկսեց աչքի զարնվել: Նախկին հանգստությունից եւ բարեմտությունից հետք անգամ չէր մնացել նրա մեջ: Այսպես ասածՙ ոչ կովկասյան ազգության տղան նյարդայնանում էր, թվում էր չափազանց լարված, իրեն կորցրած: Վերջապես սրտացավ տատիկը, չտանելով այդ ամենը, մոտ կանչեց ուղեկցորդուհուն եւ կամացուկ խնդրեց օգնել երիտասարդին: Աղջիկը գլխով դրական նշան արեց եւ մոտեցավ տարօրինակ ուղեւորին, որի դեմքը համարյա սուզված էր բարձրացված օձիքի մեջ: Նրա քաղաքավարի «Լավ չե՞ք զգում» հարցը մնաց անպատասխան: Նա այնքան անշարժ էր, որ Դոլորեսն անհանգստություն զգաց ու նորից հարցրեց. «Ձեզ օգնե՞մ»: Պատասխանը, որին վերջապես արժանացավ աղջիկը, կարող էր հիմար կատակ թվալ, եթե չուղեկցվեր «իրեղեն ցուցադրանքով». «Եթե հենց հիմա ուղղությունը չփոխեք դեպի Թուրքիա, ես կպայթեցնեմ ինքնաթիռը: Կորցնելու բան չունեմ»: Նա արձակեց վերարկուն, եւ Դոլորեսը դժվարությամբ զսպեց «Ա՜խ» կանացի բնական բացականչությունը: Երիտասարդի կրծքին ահավոր կախազարդի պես երեւում էր պայթուցիչ սարքը, իսկ ձախ ձեռքով նա ցուցադրաբար խաղում էր դրա հետ: Տեսարանը համարյա հիպնոսող էր, ինչի վրա էլ առեւանգիչը հավանաբար կառուցել էր իր հաշվարկը: Վերջապես, կամքը ժողովելով, Դոլորեսն իրեն ստիպեց ոտքի ելնել եւ ուղղվեց երկրորդ օդաչուի կողմը, որը հենց այդ ժամանակ դուրս եկավ անձնակազմի խցիկից: Ուղեւորներին չանհանգստացնելու համար, դեմքին մասնագիտական ժպիտով, աղջիկը շշուկով նրան ներկայացրեց իրավիճակը: Միքայել Եփրեմյանը գլխով արեց եւ հանգիստ շարժվեց դեպի երիտասարդի զբաղեցրած նստատեղը: Կռանալով ականջին, փորձեց համոզել երիտասարդին հրաժարվել իր հիմար մտադրությունից, վկայակոչելով, որ վառելիքը չի բավականացնի մինչեւ Թուրքիա եւ չվերթն էլ անձնակազմին անծանոթ է: Ի պատասխանՙ վերջինս մի թուղթ գցեց հատակին, գլխով նշան անելով, որ այն բարձրացնեն: Գրության տեքստը հետեւյալն էր. «Պահանջում եմ թռչել Թուրքիա: Որպեսզի համոզվեք իմ մտադրությունների լրջությանը, բավական է ծանոթանալ ռումբի կառուցվածքի ներկայացվող սխեմային: Բավական է մատով ձգեմ, եւ կհնչի պայթյունը»: Ուղերձը կտրական էր, եւ առեւանգիչի հենց տեսքն էլ կասկածանքի տեղ չէր թողնում նրա վճռականության վերաբերյալ: Սակայն երիտասարդի նյարդայնությունն սկսեց աճել այն պահից սկսած, երբ երկրորդ օդաչուն քայլերն ուղղեց դեպի հրամանատարը, նրան զեկուցելու արտակարգ իրավիճակի մասին: Նրա կարծիքով ավելի քան բավարար ժամանակ էր անցել պատասխան ստանալու համար: Կորցնելով ինքնավերահսկումը, նա զայրույթը թափեց ուղեկցորդուհու վրա. այնպիսի ուժով հարվածեց նրա որովայնին, որ աղջիկը ճչալով կծկվեց: Ուղեւորներից երկուսը բնազդաբար վեր ցատկեցին, ցանկանալով կարգի հրավիրել սանձարձակին, բայց Դոլորեսը, ցավից գալարվելով, նրանց խստորեն խնդրեց չմիջամտել:

Հասկանալով, որ հիմա ամենագլխավորն է անձնակազմին ժամանակ տալ կապվելու երկրի հետ եւ որոշում ընդունելու, աղջիկը նորից նստեց երիտասարդի հետեւում եւ փորձելով դիմել նրա մարդկային զգացմունքներին, հետ կանգնեցնել հանցավոր մտադրությունից: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Ահաբեկիչը, կում անելով տափաշշից, նրան էլ առաջարկեց: Ի պատասխան մերժման, հարվածեց նրա դեմքին: Դոլորեսն ստիպված էր ոչ միայն հանդուրժել դա, այլեւ նորից ու նորից հանգստացնել տղամարդկանց, որոնք նետվում էին նրան օգնության: Ապա, հաղթահարելով ցավը, նա դիմեց երիտասարդին.

– Ինչո՞ւ եք այդպես վարվում: Ի դեպ, գուցե կասե՞ք ձեր անունը:

– Որտե՞ղ են քո տականքները,-արհամարհելով հարցը պոռթկաց նա:-Ինչո՞ւ չեն գալիս: Ես հիմա ամեն ինչ կպայթեցնեմ:

– Հանգստացեք, նրանք շուտով կգան: Չէ՞ որ պետք է ամեն ինչ հաշվարկել: Ի՞նչ է ձեր անունը,-նորից հարցրեց Դոլորեսը:

– Քեզ ի՞նչ,- չարացած նետեց նա:

– Գոնե երեխային խղճա,-հոգոց հանեց աղջիկը, գլխով ցույց տալով զգոն տատիկի թոռնիկին, որը ողջ կոկորդով գոռում էր: Բայց առեւանգչի գթասրտությունը շարժել չհաջողվեց:

– Ես դրանց բոլորին կգնդակահարեի,-նա կում արեց շշից եւ նորից մեկնեց նրա կողմը,- խմի՛ր, թե չէ կձգեմ օղակը եւ ամեն ինչ հօդս կցնդի:

Աղջիկը մի կում արեց, եւ տղան անսպասելիորեն հարցրեց.

– Քո անունն ի՞նչ է:

– Դոլորես:

– Դե ուրեմն, լսիր, Դոլորե՛ս: Ես հիմա կսկսեմ հաշվել…Մինչեւ հարյուրը: Եթե չհայտնվեն քո տականքները, կհնչի պայթյունը:

Նա սկսեց հաշվել: Որքան ավելի էր հաշվում, այնքան բարձր էր լալիս երեխան: Նրան խլացնելու համար երիտասարդը ձայնը բարձրացրեց. «Իննսուն…իննսունհինգ…իննսունութ…»: Երբ ընդամենը երկու նիշ էր մնացել մինչեւ վերջնական թիվը, բացվեց խցիկի դուռըՙ ճիշտ ինչպես ֆիլմում: Երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը մոտեցավ ահաբեկչին.

– Հանուն ուղեւորների կյանքի փրկության մենք որոշեցինք փոխել ուղղությունը: Ղարս քաղաքը ձեռք տալի՞ս է ձեզ:

– Ինձ ձեռք է տալիս ցանկացած բնակելի կետ Թուրքիայի տարածքում,-պատասխանեց բանդիտը եւ ավելացրեց,-Նկատի ունեցեք, թռիչքի ուղղությունը որոշելու համար ինձ բավական է դուրս նայել իլյումինատորից: Արեւը պետք է ձախ կողմում լինի: Դա նշանակում էՙ դեպի հյուսիս, ավելի ճիշտՙ հյուսիս-արեւմուտք: Գիտեմ եւ այն, որ Բերդն էլ է հյուսիս-արեւմուտքում:

– Այդպես էլ կանենք,- հանգիստ համաձայնվեց Եփրեմյանը եւ վերադարձավ խցիկ:

Դոլորեսը նորից դիմեց ուղեւորին.

– Նստենք վերջին շարքում,-առաջարկեց նա:

– Էդ ինչո՞ւ որ,-փնթփնթաց նա:

– Այնտեղից ավելի հեշտ եւ արագ դուրս կգաս, որպեսզի հանձնվես թուրքական իշխանություններին:

…Ողեկցորդուհուն այնուամենայնիվ հաջողվեց համոզել առեւանգիչին: Բնականաբար, տեղյակ չլինելով թիմի իրական մտադրություններին, նա ընդամենը հոգեբանական ճնշում էր գործադրում: Աղջիկը հետապնդում էր երկու նպատակ. ահաբեկչին հնարավորինս հեռու նստեցնել մյուս ուղեւորներից եւ շեղել նրա ուշադրությունը, հանգիստ գործելու հնարավորություն տալով անձնակազմին: Նա փորձում էր մտովի վերծանել օդաչուների տրամաբանությունը. «Հավանաբար վայրէջքից անմիջապես առաջ նրանք կթափահարեն ինքնաթիռը, որպեսզի բանդիտը ոչինչ չտեսնի իլյումինատորից: Բետոնե թռիչքուղին էլ դժվար թե ուղիղ գծով անցնենք. տղաները մեքենան դիտավորյալ զիգզագներով կտանեն»: Զուգահեռաբար նա շարունակում էր երկխոսությունն առեւանգիչի հետ.

– Իսկ դուք չե՞ք վախենում, որ թուրքերը ձեզ կհանձնեն խորհրդային իշխանություններին:

– Չեմ վախենում,-չարախնդաց նա,-Թուրքիան միակ երկիրն է, որը չի ստորագրել համաձայնագիր առեւանգիչների վերաբերյալ: Եվ, ի դեպ, համենայն դեպս դու կմնաս ինձ հետ:

– Ո՛չ,-դուրս թռավ նրա շուրթերից:

– Իսկ եթե ես քեզ ստիպե՞մ:

– Չես կարող:

– Բավական է միայն, որ մատս շարժեմ…

– Ես դա արդեն լսել եմ,-ընդհատեց Դոլորեսը:-Ինձ կարող ես սպանել, բայց Թուրքիայում թողնելՙ բացառված է:

– Ինչ-որ շատ երկար ենք թռչում,-անսպասելիորեն թեման փոխելով անհանգստացավ բանդիտը:

– Ամեն ինչ նորմալ է գնում:

– Իմ հաշվարկներով մենք արդեն պետք է Ղարսում լինեինք,-ասաց նա, դեմքով հպվելով իլյումինատորին:

Դոլորեսն իրեն չկորցրեց.

– Բայց չէ՞ որ մենք շրջան գործեցինք, երբ փոխեցինք չվերթը: Ինչպես դու ասացիր, հյուսիսից շրջվեցինք դեպի հյուսիս-արեւմուտք:

Այդ պահին ինքնաթիռն ուժգին ցնցվեց, եւ Դոլորեսը, ասես պատահաբար կառչեց բանդիտի ձախ քեռքից, նրա արմունկը սեղմելով թիկնակին:

Իլյումինատորում հերթով երեւում էին մեկ ինքնաթիռի թեւը, մեկ ամպեր, որոնց միջով հազիվ տեսանելի էին սեւ կետերՙ հեռավոր ձյուների վրա:

– Ինչո՞ւ է այսպես թափահարում,-կասկածամտորեն հարցրեց առեւանգիչը:

– Այս վայրերում միշտ այսպես է,- վստահ տոնով պատասխանեց Դոլորեսը:

– Որտեղի՞ց գիտես, թե այստեղ միշտ այդպես է:

– Հանգստացիր, ես նկատի ունեմՙ լեռներում: Թափահարումն առաջանում է մակերեսների…

Նա չհասցրեց խոսքն ավարտել: Ինքնաթիռը կտրուկ թեքվեց մի կողքի, եւ Դոլորեսն ընկավ հարեւանի վրա, ջանալով բաց չթողնել նրա ձեռքը: Հենց այդ ժամանակ պայթուցիկ համակարգն էլ թեքվեց կողքի, եւ նրա միջից դուրս հոսեց թթվուտը: Ի դեպ, ո՛չ ուղեկցորդուհին, ո՛չ էլ առեւանգիչը դեռ չգիտեին այդ մասին: Հաջորդ րոպեին, երբ ինքնաթիռի անիվները դիպան բետոնե ծածկույթին, նրանք այնպես ցնցվեցին, որ երկուսով հայտնվեցին հատակին: Դոլորեսը հասցրեց գոռալ ուղեւորներին. «Անմիջապես փախեք»: Տղամարդկանցից մեկը վազեց դռան մոտ եւ բացեց այն: Ինքնաթիռը դեռեւս շարժման մեջ էր, երբ սանդուղքն իջեցվեց: Ուղեւորները նետվեցին դեպի ելքը: Բանդիտը մի քանի անգամ ձգեց պայթուցիչ սարքին կապված օղակը եւ հասկացավ, որ համակարգը չի գործում: Համոզվելով, որ բոլոր ուղեւորներն իջել են ինքնաթիռից, Դոլորեսն առեւանգչին առաջարկեց.

– Դուրս եկ եւ ինքդ հանձնվիր: Գուցե մեղքդ թեթեւացնես…

– Շո՛ւն,-ատամների արանքից նետեց բանդիտը, փորձելով ելնել հատակից:

Դոլորեսը նրանից առաջ անցավ եւ վազեց դեպի ելքը: Արդեն ինքնաթիռից դուրս ցատկելիս հիշեց, որ խցիկում գտնվում են օդաչուները եւ վերադարձավ: Հենց դռան մոտ նրան դիմավորեց կատաղած առեւանգիչը: Ձեռքին թթվածնի բալոնն էր, որ պոկել էր պատից: Հատակին, ոտքերի մոտ ընկած էր պայթուցիչը: Հանցագործը նշան էր բռնում, թե ինչպես ավելի ճշգրիտ հարվածի դրան ծանր բալոնով: Մի ինչ-որ պահ նա հայացքը տեղափոխեց աղջկա վրա: Տեսնելով այդ խելահեղ աչքերը նա առաջին անգամ իրոք վախեցավ: Դոլորեսը հասկանում էր, որ մտորելու համար ընդամենը մեկ վայրկյան ունի: Ճիշտ այնքան, որպեսզի ցատկի ինքնաթիռից, թռչելով սանդուղքի վրայով: Բայց հասկանում էր մեկ ուրիշ բան եւս. այդ վայրկյանը կարող էր բավականացնել խցիկում գտնվող օդաչուներին եւ ինքնաթիռը փրկելու համար… Եվ մի անհավատալի թռիչքով Դոլորեսը տապալեց ապշահար հակառակորդին: Երբ արդեն ընկած էր հատակին, թեւերը ոլորեցին օդաչուները, որոնց հենց այդ ճակատագրական վայրկյանն էր պետք դա անելու համար:

Միայն հետո էին մասնագետները որոշելու, որ եթե ռումբը գործեր, ապա պայթյունն ամեն ինչ շուրջը ոչնչացնելու էր: Եվ միայն հետո էին զարմանալու, թե ինչպես նրբակազմ աղջկան հաջողվեց այդ ցատկը: Իսկ հաջորդ առավոտ Դոլորեսը հայելու մեջ տեսնելու էր իր առաջին ճերմակ մազերը, որոնք բոլորովին էլ չէին խաթարում նրա գեղեցկությունը:

***

Այն օրերին բավական մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի, ինչպես ասում են, «պարգեւը գտնի հերոսներին»: Ես գործի դրեցի բառացիորեն իմ բոլոր կապերը, գրելով մոտ երկու հարյուր նամակ: Հասցեատերերի մեջ էին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի Առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարգսյանը, «Լիտերատուրնայա գազետա» թերթի, «Սովետսկայա ժենշչինա» ամսագրի եւ այլ պարբերականների գլխավոր խմբագիրներ:

Վերջապես, հերթական տոնի կապակցությամբ պարգեւների արժանացած տասնյակների թվում հայտնվեցին նաեւ Յակ-40-ի անձնակազմի անդամները: Հատկանշական է այն, որ մի տեսակ վերացականորեն հանձնվեցին նրանց պարգեւները «Ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի համար»: Ակնհայտորեն ուժի մեջ էր «ԽՍՀՄ-ում չեն լինում արտակարգ իրավիճակներ» դիրեկտիվը: Արդյունքում, նույնիսկ «վերակառուցման» տարիներին, միլիոնավոր քաղաքացիներ այդպես էլ չիմացան հերոսական անձնակազմի սխրանքի մասին: Եվ սակայն, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Դեմիրճյանի ջանքերի շնորհիվ Կրեմլում հնարավոր համարեցին ինքնաթիռի հրամանատար Վարդան Սարգսյանին եւ օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանին ներկայացնելու պարգեւատրման «Պատվո նշան» շքանշանով, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանին եւ մեխանիկ Աշոտ Այվազյանինՙ «Աշխատանքային արիության» մեդալով: Ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը պարգեւատրվեց Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով: Եվ ոչ մի բառ չասվեց Դոլորես Ղազարյանի եւ ԽՍՀՄ 87-415 համարով այն լեգենդար Յակ-40-ի օդաչուների անօրինակ սխրանքի մասին:

Հ.Գ. – Ես չէի կարող չհետաքրքրվել բուն հանցագործիՙ հայկական ինքնաթիռն առեւանգողի ճակատագրի մանրամասնություններով: Պյոտր Յակիմենկո: Տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Ինչպես հաճախ էր պատահում այն ժամանակներում, ախտորոշումը տրվել էր պետանվտանգության համակարգի թելադրանքով, Սերբսկու անվան դատական հոգեբանության համամիութենական գիտա-հետազոտական ինստիտուտում: Քրեական գործում ընդգծվում էր, որ Յակիմենկոն տառապում էր նաեւ թերարժեքության բարդույթով եւ ցայտուն ատելությամբ էր համակված շրջապատի նկատմամբ: Հատկանշական է, որ նա ուներ ոչ միայն բարձրագույն կրթություն, այլեւ աշխատում էր Տաջիկստանի Գիտությունների ակադեմիայում: Զարմանալի չէ, որ, մասնագետների կարծիքով, պայթուցիչ սարքը տաղանդավոր հայտնագործություն էր: Դժբախտությունն անխուսափելի էր, եթե չլինեին մեր Դոլորեսը, մեր հերոս օդաչուները, որոնց սխրանքը չի կարելի մոռանալ:

Մնում է ասել միայն, որ դատարանը հոգեկան հիվանդ ճանաչեց Պյոտր Յակիմենկոյին: Նրան ուղարկեցին հարկադիր բուժման: Սակայն շուտով, ինչպես հայտնի դարձավ, նա մահացավ, եւ իհարկե, անհայտ պատճառներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԼԻԱՐԴՆԵՐՙ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԲԵԼԳԻԱՆ 2012 Թ.ԻՑ ԳԻՏԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԵԼԳԻԱՆ 2012 Թ.ԻՑ ԳԻՏԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական