Իրականում մարտի 8-ը ոչ թե կանանց օրն է, այլ կանանց իրավունքների պաշտպանության եւ միջազգային խաղաղության: Համենայն դեպս պաշտոնապես այսպես է, այսինքն պաշտոնապես մարտի 8-ին կարելի է նվերներ տալ ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց, ավելի ճիշտՙ մեզանից նրանց, ովքեր պայքարում են հանուն կանանց իրավունքների պաշտպանության եւ ձգտում են միջազգային խաղաղության, այսինքն այսօր Հռոմի պապի օրն էլ է, պատրիարք Կիրիլի օրն էլ… եւ ոչ միայն այս հոգեւոր առաջնորդների եւ ոչ միայն հոգեւոր առաջնորդների:
Այս համատեքստում մարտիության լրահոսից ուշագրավ թվացին Թուրքիայում տեղի ունեցած, ավելի ճիշտՙ տեղի չունեցած կանանց բողոքի ակցիաները: Ինչպես գիտեք, Թուրքիայում մարտի 7-ին, մի շարք քաղաքներում կանայք դուրս են եկել բողոքի ակցաներիՙ հանուն իրենցՙ իրենց կարծիքով սահմանափակված իրավունքների պաշտպանության: Ոստիկանները տեղ-տեղ դաժանորեն, տեղ-տեղ ավելի դաժանորեն ճնշել են կանանց ընդվզումը, ճիշտ այնպես, ինչպես մեր նախկին վերեւի հարեւան Վլադ ձյաձյան էր ճնշում իր կին Մարինեինՙ ծեծելով:
Այս պատմությունը, սակայն, ինձ ուշագրավ թվաց ոչ միայն կանանց իրավունքների տեսանելի ոտնահարման, նրանց հանդեպ փաստացի բռնություն կիրառելու համատեքստում, այլեւ այն պատճառով, որ այստեղ մենք գործ ունենք կանանց իրավունքների կրկնակի ոտնահարման հետ, մեկըՙ երեւացող, մյուսըՙ աներեւույթ, հետեւաբարՙ առավել վտանգավոր, առավել վտանգավոր, քան ծեծը:
Բանն այն է, որ, երբ կանայք բողոքի ակցիա են անումՙ հանուն իրենց իրավունքների պաշտպանության, դա արդեն իսկ նրանց իրավունքներ խախտում է, երբ միջազգային լրատվականները ներկայացնում են այն փաստը, որ Թուրքիայում կանանց ծեծել են, ինչը անթույլատրելի է, դա արդեն իսկ կանանց իրավունքների խախտում է, քանի որ դրանով կանայք եւ կանանց առանձնացնում են տղամարդկանցից, հանուն ինչի բացառման էլ, ենթադրում եմ, կանայք ամբողջ աշխարհում պայքարում են: Այսինքն, պայքարում են, որ տղամարդիկ հավասար իրավունքներ ունենան, այսինքն հասնեն նրան, որ այն ինչ կարելի է տղամարդկանց, կարելի լինի նաեւ իրենց, եւ այն, ինչը մեզ չի կարելի, միայն դա նրանց համար էլ չի կարելի լինի: Հիմա, ուրեմն ի՞նչ է ստացվում. կանանց ծեծել չի կարելի, տղամարդկանց կարելի է՞, կամՙ եթե տղամարդկանց ծեծել կարելի է, ուրեմն ինչո՞ւ նույնը չի կարելի անել կանանց: Չէ՞ որ, եթե տղամարդկանց մի բան են անում, ինչը կանանց չեն անում, կամ կանանց մի բան են անում, ինչը տղամարդկանց չեն անում, ուրեմն դա կանանց իրավունքների խախտում է, կին-տղամարդ իրավահավասարության ոտնահարում:
Իրավիճակը լրիվ հասկանալի կլիներ, եթե կանայք պայքարեին ոչ թե տղամարդու հետ հավասար իրավունքներ ունենալու համար, այլ որպեսզի ավելի մեծ իրավունքներ ունենային, քան տղամարդը: Այդ պարագայում ես կհասկանայի, թե ինչո՞ւ են կանայք բողոքում, որ իրենց ծեծում են, հիմա չեմ հասկանում, քանի որ եթե կանայք իրավահավասարություն են ուզում, ուրեմն պետք է ծեծվեն, այնպեսՙ ինչպես բողոքող տղամարդիկ են ծեծվում, եւ ոչ միայն Թուրքիայում, եթե ավելի լայն իրավունքներ են ուզում, քան տղամարդիկ ունեն, ապա, իհարկե, կանայք չպետք է ծեծվեն, տղամարդիկՙ ջհանդամը:
Այնպես որ, գոնե մարտի 8-ին, ինչպես պաշտոնապես է հայտարարվածՙ կանանց իրավունքների պաշտպանության օրը արժի մտածել պայքարի բովանդակային կողմի մասին ավելի շատ, քան բուն պայքարելու անհրաժեշտության: Այսինքն, կանայք ի՞նչ են ուզում, որ իրենք ավելի բարձր լինեն, քան տղամարդի՞կ, թե՞ որ հավասար մնան տղամարդկանց հետ: Հիմա հավասար են, հիմա երկուսին էլ ծեծում են, երկուսի մոտ էլ քֆուր են տալիս, երկուսն էլ քֆուր են տալիս, երկուսն էլ ծեծում են. ի՞նչ տարբերությունՙ կնո՞ջն են ծեծում, թե՞ երեխային, ի՞նչ տարբերություն, սեփակա՞ն կնոջն են ծեծում, թե՞ սեփական երեխային:
Բայց սա, հասկանալի է, հարցի միայն մի մասն է. իրականում, եթե ոչՙ ավելի շատ, կանայք պայքարում են ոչ թե որպեսզի իրենց այլեւս չծեծեն, այլ որպեսզի իրենք էլ կարողանան նախագահ ընտրվել, բանկիր դառնալ, ավելի ծայրահեղականներն անգամ ուզում են բանակում ծառայել, ենթադրենքՙ տանկային գումարտակներում: Ես անձամբ ճանաչում եմ որոշ կանանց, ովքեր պատշար էլ են աշխատում. ճիշտ է, այդ մասին չեն երազել, բայց կարողանում են: Այսինքն խոսքը աշխատանքային իրավահավասարության մասին էՙ առավելաբար, գոնեՙ ոչ Թուրքիայում, այսինքնՙ ժամանակակից աշխարհում: Ոչ մի րոպե չկասկածելով անգամ, որ կինը կարող է ե՛ւ պատ շարել, ե՛ւ տանկից կրակել, ե՛ւ նախագահ աշխատել, ե՛ւ բանկ կառավարել: Այդուհանդերձ, մի հռետորական հարց. չե՞ք կարծում, որ երբ կանայք էլ բանակ գնան, պատերազմ գնան, մարդ սպանեն, իսկ պատերազմում հնարավոր չէ մարդ սպանել, հնարավոր է, բայց միայն այն պարագայում, երբ քեզ են սպանել, դրանով իսկ այս ամենը փուլ կգա, այս ամենըՙ այսինքն այս աշխարհը, որտեղ տղամարդըՙ չարն է, կինըՙ բարին, տղամարդը չարը չէ, բայց կինըՙ բարին է, տղամարդըՙ ոչ:
Ես չեմ պնդում, որ կան բացառապես տղամարդկային մասնագիտություններ, կրկնում եմ, պատ շարող կանանց տեսել եմ, բայց ես պնդում եմ, որ կանայք չպետք է պատերազմ գնան, եւ էլի պնդում եմ, որ տղամարդիկ չպետք է ծննդաբերեն: Եթե հանկարծ, կամ երբ հանկարծ կանայք պատերազմ գնան եւ տղամարդիկ ծննդաբերեն, աշխարհում չարն ու բարին խառնվելու է, քանի որ աշխարհում բոլորը պատերազմելու են, որովհետեւ արդեն նաեւ կանայք են պատերազմելու, բայց ոչ ոք երեխա չի ունենալու, քանի որ արդեն նաեւ տղամարդիկ կարող են երեխա ունենալ եւ, որովհետեւ տղամարդիկ դա չեն կարող, չեն դիմանա: Կանայք պատերազմին կդիմանան, տղամարդիկՙ ծննդաբերությանը չեն դիմանա, որովհետեւ մահն ավելի թեթեւ բան է, քան կյանքը, մեռնելն ավելի հեշտ է, քան ծնվելը, սպանելն ավելի դյուրին է, քան ծնելը, ծնելն աշխարհում ամենաբարդն է եւ աշխարհում ամենաբարդ բանը կանայք են անում, միայն իրենք են անում, միայն իրենք են կարողանում անել, ուրիշ ոչ ոք, նաեւ Աստվա՞ծ, գուցե, բայց Աստված վաղուց արդեն մարդ չի ծնել, այդ գործը վաղուց արդեն հանձնել է կանանց:
Հիմա, ծիծաղելի չէ՞ արդյոք, որ կանայք պայքարում են տղամարդու հետ նույն իրավունքներն ու հնարավորություններն ունենալու համար, իհարկե ծիծաղելի չէ, քանի որ սա ողբերգություն է. սա համաշխարհային ողբերգություն է, որովհետեւ, եթե մենք ուզում ենք, որ միջազգային խաղաղություն լինի, նաեւ ինչի օրն է այսօր ի դեպ, ապա կինը պետք է կին մնա, տղամարդըՙ տղամարդ, որտեղ կինը բարին է: Բարի նախագա՞հ, իհարկե լինում է, համենայն դեպսՙ կարող է լինել, բարի բանկի՞ր, գուցե եւ լինում է, ավելի ճիշտՙ կարող է լինել, բայց բարի պատերազմող չի լինում, բարի ծնողՙ լինում է: Երբ չլինի կանայք իրավասություներով եւ հնարավորություններով կհավասարվեն տղամարդկանց, երբ հավասարվեն այս ամենը կավարտվի, այս ամենըՙ այսինքն այս աշխարհը, որի ստեղծող Աստվածն, ի դեպ, տղամարդ էր, համենայն դեպսՙ Որդի Քրիստոսը նրան Հայր էր ասում: Պարզապես ամենակարող Աստված հասկացավ, որ միայն իրենից (տղամարդուց) բարի չի կարող լինել եւ դիմեց Մարիամի (կնոջ) օգնությանը: Նա հո չգիտե՞ր, որ հետո ուրիշ մարիամները պետք է պայքարեն, որ իրենց էլ բարի չասեն… Բայց ես համառորեն ասում եմՙ դուք բարի եք, ավելի ճիշտՙ բարին դուք եք, դա չի նշանակում, որ ձեր առաքելությունը միայն ծնող լինելն է, ինչպես եւ չի նշանակում, որ մեր առաքելությունը միայն պատերազմելն է, բայց դա նշանակում է, որ ծնողը դուք եք, պատերազմողն էլ մենք: Ուրեմն բարին դուք եք: