Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԷՐԴՈՂԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԻ ՊԱՏՃԱՌ

Պ. Ք.

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկրտումները հանգեցրել են Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների սրմանը, ահաբեկությունների ալիքի, քրդերի ու նրանց կողմնակիցների հետ բախումների, գտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Էրդողանի եւ իր վարչակազմի քաղաքականությունը Թուրքիայի համար կարող է դառնալ ռազմավարական մղձավանջ, կարծում է «Վաշինգտոն փոստ» թերթի մեկնաբանը: Ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների միտումնավոր սրումը, Սիրիայում հակամարտության ծավալումը, քուրդ փոքրամասնության հետ բանակցությունների ձախողումը իրենց հերթին հանգեցրին ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների: Այս ամենը կարող է հանգեցնել ներթուրքական երկարատեւ ճգնաժամի, նշում են թերթի հարցմանը ենթարկված վերլուծաբանները: «Թուրքիան բազմակողմանի աղետի շեմին է: Այդ երկիրն անցյալում ուներ խնդիրներ, բայց այժմ երեւույթների ընդգրկումը գերազանցում է երեւակայելի բոլոր սահմանները», թերթին պատմել է Անկարայի համալսարանի պրոֆեսոր Գոխան Բաչիկը:

Թուրքական «Հաբերթուրք» թերթը գրում է, որ երկիրը միջազգային մեկուսացման շեմին է իր ղեկավարության գործողությունների պատճառով: Էրդողանի վարչակազմը բոլորի հետ հարաբերությունները փչացրել է այն աստիճան, որ չի կարողանում ներդաշնակ գործողությունների մասին պայմանավորվել նույնիսկ մերձավորագույն դաշնակիցների հետ:

«Վաշինգտոն փոստը» նման անհետեւողական քայլերի օրինակ է համարում ԱՄՆ-ի կողմից սիրիացի քրդերի պաշտպանության առնչությամբ Էրդողանի արած կտրուկ հայտարարությունները: Նա ամերիկացիներին կոչ արեց ընտրություն կատարել Թուրքիայի եւ սիրիացի քրդերի Դեմոկրատական միության կուսակցության միջեւ, որին ԱՄՆ-ը դաշնակից է համարում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: «Սու-24»-ի միջադեպի հարցում թուրքական կողմին պաշտպանող ԱՄՆ-ը Անկարայից պահանջել է դադարեցնել քրդերի դիրքերի գնդակոծումները: Սիրիայի հակամարտությանը Անկարայի ակտիվ միջամտությունը ոչ միայն վատացրեց հարաբերությունները նրա մերձավոր դաշնակիցների հետ, այլեւ ահագնացրեց ահաբեկությունների ալիքը բուն Թուրքիայում: Այսպես, փետրվարի 17-ին Անկարայում պայթյունից զոհվեց 28 մարդ (մեծ մասը զինվորականներ), վիրավորվեց առնվազն 60 մարդ: Երկրում աճում է ներքին դժգոհությունը, ինչպես նաեւ անկում է ապրում եկամուտի կարեւոր աղբյուր հանդիսացող զբոսաշրջությունը:

Տվյալ երեւույթների գլխավոր պատճառն այն է, որ Էրդողանը սխալ է գնահատում Թուրքիայի տեղը համաշխարհային ասպարեզում, գրում է «Վաշինգտոն փոստը»: «Էրդողանը սխալ արտաքին քաղաքականություն է վարում չափազանցված ինքնագնահատման պատճառով: 2010 թվականին նա անչափ վստահ էր, թե Թուրքիան ողջ աշխարհի սիրելին է, եւ դա խփեց նրա գլխին», եզրակացնում է Թուրքիայի փորձագետ, Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնի մերձավորարեւելյան ծրագրի տնօրեն Հենրի Բարկին: