«Ազգ»ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ
– Շուտով կլինի երկու ամիս, ինչ Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ամբողջ աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը փակ է։ Այս ընթացքում միջազգային ամենատարբեր հարթակների կողմից Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ հնչել են, բայց կոչերից ու հորդորներից անդին՝ թե՛ Արեւմուտքն ու ԱՄՆ-ն, թե՛ Արցախում խաղարար առաքելությամբ ներկայացված Ռուսաստանը ոչինչ չեն արել։ Ի վերջո, ո՞վ է Արցախը շրջափակման մեջ պահելու թիվ մեկ «մեղավորն ու պատասխանատուն», ու ըստ ձեզ՝ ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս հարցը։
– Ինչպես միշտ մենք՝ հայերս, քիչ թե շատ, գիտենք, թե ինչ են անում մյուսները, բայց ոչինչ չգիտենք այն մասին, թե ինչ ենք մենք անում։ Այդպես էր նաեւ 2020-ի պատերազմի ժամանակ. բացի «հաղթելու ենք»-ից՝ չունեինք ո՛չ ռազմավարություն, ո՛չ էլ՝ քաղաքական մարտավարություն։ Բնականաբար, չիմանալով, թե ինչ ենք անում ու ինչ չենք անում այսօր, հնարավոր չէ որոշել, թե ինչ պետք է անել վաղը։ Դարձյալ գիտենք ու հասկանում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանը փորձելու է արցախահայությանն իր բնօրրանից, իր տներից հանել։ Դրա պատճառները նույնպես բոլորին հայտնի են․ Մեծ Թուրանի, հայատյացության, այլ նպատակների իրացում։ Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչու է այս օրերին նման մի երեւույթ տեղի ունենում Հայաստանում՝ «Մալաթիա» շուկայում, որից հենց մեր իշխանությունն է վտարում հարյուրավոր ընտանիքներին։ Մարդիկ զգուշացնում են․ դրա հետեւանքով ստիպված են լինելու վաճառել-լքել իրենց տները, ապա՝ Հայաստանը։ Եթե Հայաստանում այլ աշխատանք լիներ, հավանաբար, առեւտրականների մեծամասնությունը շուկայում չէր աշխատի, ուրեմն՝ սա իրենց ապրուստի միակ աղբյուրն է։ Եվ, ահա, տեսնում ենք մոտավորապես այն, ինչ անում է Ադրբեջանը Լաչինում՝ «բնապահպանական» պատրվակով։ Այս դեպքում՝ մեր իսկ ջանքերով, կառավարման հակամարդկային, քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը խախտող մեթոդներով եւ «անվտանգային կանոնների պահպանման» պատրվակով՝ հարյուրավոր ընտանիքներին վտարում ենք իրենց երկրից։ Ուսումնական հաստատություններում միշտ եղել է ու կա մի սկզբունք. եթե սովորողը թերացել է եւ չի կարողացել քննությունը հանձնել, թույլ են տալիս պատրաստվել եւ վերահանձնել, ապա՝ նորից վերահանձնել։ Իհարկե, սա ուսումնական հաստատության անձնակազմից համբերատարություն է պահանջում, լրացուցիչ ժամանակ, իսկ սովորողից՝ ջանքեր, սակայն դա է արդյունքին միտված եւ մարդուն աջակցելու միակ ընդունելի մոտեցումը։ Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, որ սնուցվում է հարկատուների, այդ թվում՝ «Մալաթիա» շուկայում վաճառողների հարկերից, պատրաստ չէ լրացուցիչ ջանքեր, համբերատարություն, հոգատարություն ցուցաբերել ՀՀ քաղաքացու հանդեպ՝ փաստացի ղեկավարվելով թուրք-ադրբեջանցիների մոտեցմամբ․ չկա հայ, չկա պրոբլեմ։ Ինչ վերաբերում է այլ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին ուղղված մեր կոչերին. իրենք վերաբերում են մեզ այնպես, ինչպես՝ ինքներս մեր հանդեպ։
– Արցախում հումանիտար աղետ է, որոշ տեսակի սննդամթերք ու կենսական նշանակության մի շարք ապրանքներ պարզապես չկան։ Արցախցին, իհարկե, «բլոկադայի» հետ նոր չէ, որ ծանոթ է, բայց անգամ եթե իրավիճակը հանգուցալուծվի, այս ամենը երեխաների, դեռահասերի հոգեբանության վրա ի՞նչ հետք է թողնելու։
– Մարդիկ բաժանվում են երկու խմբի․ մի մասին դժվարությունները կոփում են, մյուս մասին՝ կոտրում։ Վերջերս շփվելով զինվորականների հետ՝ լսեցի բազում կարեւոր մտքեր, այդ թվում՝ մոտավորապես հետեւյալը․ «Տեսե՛ք, թե որքան զուսպ, միմյանց աջակցող, կամքի ուժով եւ առանց խուճապի են իրենց դրսեւորում արցախցիները Լաչինի միջանցքի ու Արցախի շրջափակման այս դժվարին պայմաններում։ Եթե նման իրավիճակ ստեղծվեր Հայաստանում, ապա ամենայն հավանականությամբ այստեղ կսկսվեր խառնաշփոթ, խուճապ, միմյանց մեղադրելու, հրելու, տրորելու ամոթալի մի վիճակ»։ Կուզեի, որ հայաստանցիները գոնե այս հարցում սովորեին արցախցիներից։ Դա անհրաժեշտ է պահպանվելու, պայքարելու համար։
– Մինչեւ Արցախը մեն-միայնակ շարունակում է գոյութենական կռիվ տալ, հայաստանյան իշխանությունները «խաղաղության օրակարգի» դիսկուրսն են զարգացնում։ Այդ օրակարգը, ձեր դիտարկմամբ, ի վերջո կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ։
– Կա մի ճշմարտություն․ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին։ Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», ապա խաղաղ կարելի է կա՛մ ապրել, կա՛մ էլ խաղաղ մեռնել։ ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղության օրակարգի» առավել հավանական հետեւանքն է խաղաղ մեռնելը, եւ ոչ թե խաղաղ ապրելը։ Դժվար թե սրան համաձայնի Հայաստանի ու Արցախի բնակչությունը, ուստի նրանք, ովքեր Հայաստանում դա հնչեցնում են, կա՛մ ոչինչ չեն հասկանում, կա՛մ էլ գրպաններում այլ պետությունների անձնագրեր ունեն։
– Այս օրերին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Իսրայելը հարվածերներ է հասցում Իրանին, Իրանը շտապում դրանց կոշտ պատասխան տալու մասին հայտարարություններ անել։ Սրան էլ նախորդել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, իբրեւ թե, հարձակումը։ Այս ամենն ինչքանո՞վ են շաղկապված մեկը մյուսին, ու ի՞նչ դիրքերում է այժմ Հայաստանը։
– Հայաստանն այսօր աշխարհում գրեթե չունի դաշնակից, եւ սա նորություն չէ։ Սրանում նաեւ մենք ինքներս ենք մեղավոր։ Ինքնապաշտպանության նպատակով ի՞նչ պետք է անի դաշնակից չունեցող պետությունը․ միանա ու դաշինք կազմի նման իրավիճակում գտնվող մեկ այլ պետության հետ։ Այսօր դաշնակից չունեցող եւ մեր տարածաշրջանում գտնվող պետություններն են Ռուսաստանն ու Իրանը։ Ուստի, զգացմունքայնությունն ու նեղացկոտությունը մի կողմ դնելով՝ անհրաժեշտ է միանալ այդ պետություններին՝ փորձելով եւ՛ քիչ թե շատ ապահովել սեփական անվտանգությունը, եւ՛ ապահովել սեփական կարեւորությունը՝ մյուսներին օգտակար լինելով։
Նախկինում Հայաստանն ունեցել ու զարգացրել է փոխլրացման քաղաքականություն՝ հավասարակշռելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի ազդեցությունը մեր տարածաշրջանում, եւ դրանով իսկ ապահովելով սեփական անվտանգությունը։ Այսօր հենց Հայաստանն է, որ կարող է փորձել ապահովել հավասարակշռությունն Իրանի եւ Ռուսաստանի շահերի միջեւ՝ մեզ համար ստանալով անվտանգության հավաստի երաշխիքներ։ Վաղուց արդեն ժամանակն է՝ դուրս գալու անհիմն հույսերի աշխարհից եւ մտնելու սթափ մտածելակերպի ու ակտիվ ջանքերի դաշտ։
– Որոշ տեսաբաններ կարծիք են հայտնում, որ տարածաշրջանում տիրող իրավիճակից, ինչպես նաեւ՝ ռուս-ուկրաինական պատերազմից Հայաստանը մանեւրելով իր համար օգտավետ պատուհաններ կարող է բացել ու իրավիճակը փոքրիշատե իր օգտին բանեցնել։ Համակարծի՞ք եք։
– Նրանք, ովքեր քաջատեղյակ են ԵՄ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգից, լավ գիտեն, որ Ուկրաինան դրանում այսօր զբաղեցնում է եւ հավանաբար շարունակելու է զբաղեցնել առաջնային տեղը։ Անգամ Վրաստանը, որ վաղուց սպասում է ԵՄ անդամակցման իր հերթին, ու այդ ուղղությամբ համակարգային ջանքեր է գործադրել, այսօր ստիպված է շարունակել սպասել, մինչդեռ հենց Ուկրաինային է տրված առաջնահերթությունը։ Ուստի Հայաստանում պետք է հասկանան, որ իրենց հերթը ԵՄ եւ ԱՄՆ հետ մեզ համար շոշափելի հարաբերություններ հաստատելու ժամանակը չի եկել ու ամենայն հավանականությամբ չի գալու։ Անգամ եթե Հայաստանը վաղն անհայտանա, Արեւմուտքում, բացի որոշ հայագետներից, մշակութաբաններից եւ պատմաբաններից, ինչպես նաեւ սփյուռքի միայն որոշակի մասից, ոչ ոք չի տխրելու։ Իսկ հակառուսական քայլեր անելով՝ կարող ենք զրկվել գրեթե միակ դաշնակցից՝ դրա դիմաց չստանալով որեւէ այլընտրանքային աջակցություն։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ