Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԽՄԲԱԳՐԱՊԵՏԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸՙ ԽԱՉԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, պատմաբան, հրապարակագիր

Լրացավ անվանի քաղաքական եւ հասարակական գործիչ, ՀՀ վաստակավոր լրագրող ԽԱՉԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ծննդյան 90-ամյակը: Մի պայծառ անհատականություն, որն իր բազմաբովանդակ գործունեության բոլոր ասպարեզներում ունեցավ ծանրակշիռ ներդրում:

Խ. Հովակիմյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 10-ին, Շամշադինի շրջանի Թովուզ (ներկայիսՙ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում: 1944 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1949 թվականին եւ ուսումնառությունը շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում: Այս տարիներին ի հայտ եկան երիտասարդ մտավորականի` հասարակական պատասխանատու հանձնառություններ կատարելու անսպառ եռանդն ու ունակությունները, որոնց շնորհիվ 1949 – 1951 թթ. նրան վստահվեց Երեւանի պետական համալսարանի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղարի պաշտոնը: Հետագա տարիներին, կուսակցական-հասարակական բուռն գործունեության շրջանում, Խաչիկ Հովակիմյանը վարել է բարձր եւ պատասխանատու մի շարք պաշտոններ: 1952 – 1955 թվականներին աշխատել է կուսակցության Երեւանի օկրուգային կոմիտեում, այնուհետեւՙ ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս: 1955 թ. նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, դասախոսական խմբի ղեկավար: Այս աշխատանքներին համընթաց նա զբաղվում է նաեւ գիտական լուրջ ուսումնասիրություններով եւ 1954 թվականին հաջողությամբ պաշտպանում գիտական թեզը` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1961 թվականը բեկումնային եղավ Խաչիկ Հովակիմյանի կյանքում: Հաշվի առնելով գաղափարական ոլորտում արդեն մեծ հեղինակություն վայելող գործչի աշխատանքային փորձն ու գիտելիքները, նրան վստահվում է ՀԿԿ Կենտկոմի, Գերագույն խորհրդի եւ կառավարության պաշտոնաթերթի` «Խորհրդային Հայաստանի» գլխավոր խմբագրի պաշտոնը: Այդ ժամանակաշրջանում դա ամենալուրջ եւ պատասխանատու պաշտոններից մեկն էր հանրապետությունում: Օրաթերթը լույս էր տեսնում ավելի քան երկու հարյուր հազար տպաքանակով, նրա էջերում զետեղված յուրաքանչյուր հրապարակում, քննադատական խոսք եւ առաջարկություն անհապաղ քննարկման էր դրվում վերին ատյաններում եւ վճռորոշ նշանակություն էր ունենում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման գործում:

Որպես երկրի թիվ 1 պարբերականի խմբագրապետ Խ. Հովակիմյանն իր սկզբունքայնությամբ, համարձակությամբ, հայրենասիրությամբ եւ ազնվությամբ մեծ հեղինակություն է ձեռք բերում ե՛ւ վերեւների, ե՛ւ հասարակության լայն խավերի շրջանում: 1961-1969 թվականներին նա եղել է Հայաստանի ժուռնալիստների միության վարչության նախագահը, այնուհետեւՙ ԽՍՀՄ լրագրողների միության վարչության քարտուղարը, ինչը, ի պաշտոնե, նրան իրավունք էր տալիս մասնակցելու ԽՄԿԿ Կենտկոմի պլենումներին: Խ. Հովակիմյանն իր գործունեության ամենաբուռն ու բեղուն այդ ժամանակաշրջանում մարդկային լավագույն հատկանիշների շնորհիվ վաստակեց մեր մշակույթի, արվեստի ու գիտության մեծերի հարգանքն ու ընկերությունը: Խ. Հովակիմյանի գաղափարական եւ գործնական ներուժի առաջին գնահատողը եղավ Յակով Զարոբյանը, նրա հետ շփվել եւ ջերմ խոսքեր են գրել Հովհաննես Բաղրամյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը եւ շատ ուրիշներ: Խ. Հովակիմյանը 1960-ականների սկզբին պետական ամենաբարձր ամբիոններից առաջին անգամ բարձրաձայնեց Անիի պատմական հուշարձանների փրկության հարցը, նրա հետեւողական ջանքերի շնորհիվ տերմինաբանական կոմիտեն որոշում կայացրեց պարտիա, ռեսպուբլիկա, կոնստիտուցիա եւ մի շարք այլ բառերի համարժեք հայերեն տարբերակները շրջանառելու մասին: Երբ 1969 թվականին թերթում տպագրվեց վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի` Լենինին նվիրված պոեմը, ոմանք, որոնց այնքան էլ դուր չէր գալիս համարձակ խմբագրի գնալով աճող հեղինակությունը, այդ առիթն օգտագործեցին քաղաքական բեմահարթակից նրան հեռացնելու համար:

1970 թվականին Խ. Հովակիմյանը վերստին անցնում է կուսակցական աշխատանքի: Նշանակվում է հայրենի Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար: Տասը տարի շարունակ նա գլխավորում է շրջանի զարգացման ծրագրերի իրականացման գործընթացըՙ անտարբեր չմնալով նաեւ մարդկային ճակատագրերի, նրանց հուզող խնդիրների եւ մեծ ու փոքր հոգսերի հանդեպ: Նրա պաշտոնավարման ընթացքում դրական շատ փոփոխություններ կատարվեցին Շամշադինի շրջանի ազգաբնակչության կյանքում, վերելք ապրեց շրջանի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, բացվեցին նորանոր աշխատատեղեր, աննախադեպ թափ հաղորդվեց շինարարական աշխատանքներին:

Որպես իր ժողովրդի եւ իր երկրի իսկական նվիրյալ, նա ձգտում էր իր ղեկավարած շրջանի սահմաններում հարթել ազգամիջյան հարաբերությունների բարդ ու խճճված խնդիրները: Նրա հետեւողական ջանքերի շնորհիվ կարգավորվեցին շրջանի սահմանամերձ հողերի հետ կապված վեճերն ու հիմնահարցերը: Մինչեւ օրս էլ հայրենակիցները բարի խոսքով են հիշում Խաչիկ Հովակիմյանին, նրա ազգօգուտ գործերն ու հայրենաշեն ձեռնարկումները:

1979 թ. Խ. Հովակիմյանը նշանակվում է «Կուսակցական խոսք» հանդեսի գլխավոր խմբագիր: Կյանքի վերջին տարիներինՙ 1992 – 1995 թվականներին, նա խմբագրում էր «Մեր խոսքը» պարբերականը, որը ՀԿԿ Կենտկոմի պաշտոնաթերթն էր:

Խ. Հովակիմյանը «Տավուշ» հայրենակցական միության հիմնադիր նախագահն էր: 1961 թվականից մինչեւ 1981 թվականը եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, Խորհրդային Հայաստանի VI-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվոնշան» երկու շքանշաններով, բազմաթիվ մեդալներով եւ պատվոգրերով: Նա կրում էր Հայաստանի վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, հինգ մենագրության, գիտական, գիտատեսական եւ հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ էր: Խ. Հովակիմյանը գաղափարական բարձր եւ հիմնարար արժեքներով առաջնորդվող անհատ էր եւ նման չէր այն մարդկանց, ովքեր իրենց անձնական նեղ շահերից ելնելով մի գիշերվա ընթացքում դավելով կուսակցություն էին փոխում` արհամարհելով տասնամյակներ շարունակ դավանած գաղափարները: Ահա թե ինչու եւ ահա հենց այդ պատճառով, վերոնշյալ որակների տեր մեծատառով մարդը` Խաչիկ Հովակիմյանը խորհրդային կարգերի փլուզումից հետո եւ մինչեւ իր կյանքի վերջը սկզբունքորեն չհրաժարվեց եւ հավատարիմ մնաց գաղափարական այդ արժեքներին: Նա երբեւէ չընկրկեց, որեւէ խոսք անգամ չասաց ու չգրեց իր անցած ճանապարհի դեմ, ինչպես այդ արեցին իր զինակից ընկերներից ոմանք:

Խաչիկ Հովակիմյանը վախճանվեց 1995 թ. հուլիսի 7-ին` բարի հիշատակ ու անմոռաց հարգանք թողնելով իրեն ճանաչողների սրտերում:

Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ հուշաքար է փակցված Պռոշյան փողոցի N 1 տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել է նա: Անցնող ժամանակի հետ ավելի ցայտուն են դառնում Խաչիկ Հովակիմյանի` բառիս լայն իմաստով իսկական քաղաքացու, հասարակական եւ քաղաքական գործչի, գրչի մարդու հոգեւոր-բարոյական բարձր արժանիքները:

Խաչիկ Հովակիմյանի նման գաղափարապես անկոտրում, ոգով ու խղճով ազնիվ, անկաշառ եւ բյուրեղյա մաքրության տեր անհատներն արժանի են մեր ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ մնալու եւ մեծարվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԵՒ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԱՐԱԴԱՐՁԻՆ ԱՌԹԻՒ

Հաջորդ գրառումը

«ԱՐԵՎ»Ի ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԵՎ»Ի ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեր փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ. տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ձեռնարկվում...

ԿարդալDetails

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական