Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ Է, ԵՐԲ ԻՆՔԴ ԵՍ ԳՐՈՒՄ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերաձեւակերպելով Չերչիլի խոսքերը` հատվածներ ԵԽԽՎ ստրասբուրգյան քննարկումների փնջից

Դիվանագիտությունը «ինչ լավ շնիկ է» ասելու արվեստն է, մինչեւ կկարողանաս քար գտնել: Ոչ առաջինն ենք կարողանում, ոչ էլ, ինչպես հասկանում եմ, երկրորդը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրկին կարծես եղանակ է փոխվում, նկատի առնելով, որ ղարաբաղյան թեմային անդրադարձը, բացի ադրբեջանական պատվիրակության անդամներից, ավելի զգուշավոր շրջանակների մեջ է առնվել: Ավելի հավանական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են այս առնչությամբ ակտիվ աշխատում` գործունակ ներկայացնելու հնարավորություն թողնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների իրենց ձեւաչափը, քանի որ հայաստանյան պատվիրակների աշխատանքը վեհաժողովում կատարելագործման զգալի ճանապարհ ունի դեռ անցնելու:

Ամեն դեպքում, այս հնգօրյայի ընթացքում ավեի շատ հնչեց ղարաբաղյան կողմը բանակցային տեսնելու անհրաժեշտության, Ադրբեջանի ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների մասին, հատկապես ֆրանսիացի պատվիրակների կողմից, որ հնարավոր է` ժամանակները փոխվում են վեհաժողովի նախագահ, ադրբեջանամետ, անգամ գրեթե հպատակ Պեդրո Ագրամունտի երկամյա «թագավորությունում»:

Հիմա ամեն ինչի մասին` ըստ հերթականության:

«Ղարաբաղյան թեման»` չընթացած

ԵԽԽՎ գարնանային նիստի օրակարգի նախագծում երեք վերնագրերով ղարաբաղյան թեմային անդրադառնալու առաջարկություններ էին արվել` հայկական, ֆրանսիական եւ ադրբեջանական պատվիրակների նախաձեռնությամբ: Ու մինչ վեհաժողովի Բյուրոն քննարկում էր օրակարգի նախագիծը, որպես ընթացիկ հարց քննարկելիք մեկ այլ հարց ավելի կարեւորվեց` «Պանամայի թղթապանակը», որի առնչությամբ մեկժամյա քննարկումն անպտուղ ու անհեթեթ էր, որը սակայն կարող է լրջանալ, եթե ձեւավորվի զեկույց պատրաստելու պահանջ, ապա նաեւ ընդունվի բանաձեւ:

Ասել է, թե ապրիլյան ռազմական գործողություններին անդրադարձը եղավ ոչ թե մեկժամյա բանավեճի, այլ ցրվեց ողջ 5-օրյա նիստի շրջանակներում: Այս մոտեցմամբ` շահեկան չստացվեց, սակայն հակամարտության կարգավորման վրա հնարավոր բացասական ազդեցության առումով ձեռքբերում էր, որ հարցը չդարձավ ընթացիկ բանավեճի թեմա` այդպիսով հիմք չտալով հետագայում զեկույցի, դրա հիման վրա էլ` բանաձեւի նախապատրաստման:

Այդուհանդերձ, վեհաժողովական մեկ այլ ձեւաչափում, որ ազատ բանավեճ է կոչվում, հարցին անդրադարձեր եղան: Ի մասնավորի, պատվիրակներ Ռենե Ռուքեն , Ֆրանսուա Ռոշբլուան , Լեւոն Զուրաբյանն ու Սամվել Ֆարմանյանը նշեցին Ադրբեջանի նախահարձակ լինելու, պատերազմական հանցագործությունների, բանակցություններում ԼՂ մասնակցության անհրաժեշտության մասին:

Հունվարյան նիստում Սարսանգի ջրամբարի առնչությամբ ԵԽԽՎ հակահայկական բանաձեւն այս նիստում գտավ իր արձագանքը` տեղ գտնելով Բյուրոյի գործունեության հաշվետվության մեջ, որում զեկույցի պատրաստմանը չաջակցելու պատճառով հայաստանյան իշխանությունների ու վեհաժողովում պատվիրակության հասցեին դատապարտումի խոսքեր են հնչում: Ավելին, նշվում է, որ վեհաժողովը կքննարկի այս եւ նմանօրինակ մյուս իրավիճակներում միջոցներ ձեռնարկելու հարցը: Ուրեմն եւ սպասելի է, որ ինչ-որ պահի Հայաստանին ԵԽ-ում կհիշեցնեն հայկական կողմերի «անգործությունը»:

Հայերից փախչող փոքրիկ «իշխանը»

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի ադրբեջանամետությունը հաշվի չի առնում ոչ եվրոպական արժեքները, ոչ զբաղեցրած դիրքը: Սակայն իսպանացի պատվիրակի պարագայում կարծես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ ադրբեջանամետ գործչի գովասանքն առ Ալիեւ կրտսեր եւ Ադրբեջան այս անգամ խիստ սահմանափակ ու անգամ, թող թույլ տրվի ասել, համեստ էր` բավարարվելով Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ «ԵԽ անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու» առնչությամբ քծնանքով: Ագրամունտը հովեր ունի, թե հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունները վեհաժողովի հովանու ներքո պետք է հանդիպեն ու փորձեն երկխոսել, ինչը, պարզվում է, ԵԽԽՎ նախագահի օրակարգում կարեւոր հարց է:

Պարզվում է, որ հարցն իսկապես Ագրամունտի համար կարեւոր էր, ավելինՙ իրագործելի, թեեւ մասամբ:

Յուրաքանչյուր նիստի սկզբում, մինչեւ լիագումար կազմով նիստի մեկնարկը, նիստ է գումարում ԵԽԽՎ Բյուրոն` քննարկելու օրակարգի նախագիծն ու այլ հրատապ հարցեր: Անմիջապես բյուրոյի նիստից հետո հայ լրագրողների հետ ստրասբուրգյան վեհաժողովում հանդիպմանը հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հպանցիկ տեղեկացրել էր, թե հանդիպում է նախատեսվում Ագրամունտի հետ, որի մասին հնարավոր եղավ տեղեկանալ միայն ԵԽԽՎ նախագահի թվիթերյան էջից, այն էլ` ապրիլի 18-ին տեղի ունեցածի մասին միայն ապրիլի 20-ին: Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպումից հետո հայկական պատվիրակության լռությունը մեկնաբանությունների տեղիք է տալիս, հատկապես որ Ագրամունտը չէր զլացել թվիթերյան գրառում անել ինչպես Նաղդալյանի, այնպես էլ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպման նկարների ֆոնին: Թեեւ Ագրամունտի գրառումը երկակի բնույթ է կրում, բայց նկարներից ակնհայտ է, որ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել են առանձին:

Հարկ է նշել, որ Ագրամունտը լիագումար նիստի սկզբում հարկ համարեց ընդգծել փոխադարձ վիրավորանքներով չխոսելու կարեւորությունը` թերեւս վախենալով իր անձի նկատմամաբ բացասական գնահատականներից, որպիսիք այդուհանդերձ հնչեցին: Եվ քանի որ Ագրամունտը իմ գիտությամբ եզակի ԵԽԽՎ նախագահ է, որ չտվեց նախանիստային ասուլիս, զարմանալի չէ նաեւ, որ հատկապես հայ լրագրողներից խե՜ղճ իսպանացու մոտ ալերգիա է ձեւավորվել եւ տխուր սկզբունք. չարձագանքել, չպատասխանել ոչ մի հարցի` կլինեն գրավոր, բանավոր, թե հընթացս:

Երիտասարդ Փաշաեւան եւ ալեհեր Յունկերը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ապրիլի 19-ին Ստրասբուրգյան ելույթը հետաքրքրական էր ամենից առաջ այն պատճառով, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ակնհայտորեն բարկացած էր հայտնվել ԵԽԽՎ բեմին, ինչն էլ հարցերին արձագանքելիս հստակ զգացնել տվեց:

Երբ ադրբեջանցի պատվիրակ Գարինա Փաշաեւան , որի անգլերենի իմացությունը դպրոցականներից շատերին է զիջում, բայց համառությունը` հիշեցնում հայտնի կենդանուն, հարցրեց, թե ինչով կարող է Եվրոպական հանձնաժողովը նպաստել «միլիոն ադրբեջանցի փախստականների վերադարձին», Յունկերը արձագանքեց ֆրանսերեն, որի անգլերեն թարգմանությամբ, ըստ վեհաժողովի կայքի, ԵՀ նախագահն ասաց. «Երբ հարցը վերաբերում է Ադրբեջանին, ամենը, որ կարող եմ ասել, հետեւյալն է. դադարեցրե՛ք հրաձգությունը, դադարեցրե՛ք կռիվը (ֆրանսերենում, ըստ ֆրանսախոսների, հնչել է «դադարեցրե՛ք հրաձգությունը եւ պահպանե՛ք զինադադարը» տարբերակով):

Յունկերը միայն ադրբեջանցի տիկնոջը չէ, որ արձագանքեց բավականին կոպիտ: ԵՄ գործերի, հատկապես ֆինանսական հատվածի առնչությամբ մի քանի հարցերին էլ ԵՀ նախագահը կոպտորեն պատասխանեց, թե ԵԽԽՎ-ն չէ, որ պետք է այդ հարցերով զբաղվի, հատկապես որ իրեն չեն կարող պարտավորեցնել ներկայացնելու ԵՄ ողջ գործընթացները:

Նորվեգացին, թուրքը, ավստրիացին ու վրացին

ԵԽԽՎ ապրիլյան այս նիստում ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի հետ ասուլիսային հնարավորությամբ լրագրողների հանդիպում ունեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն , Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը , Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին :

Դավութօղլուի հետ լրագրողների հանդիպումը անպտուղ էր, քանի որ վերջինս դասախոսելու մեծ հակում ունի, ինչը նաեւ վեհաժողովականների առաջ ելույթում արտահայտվեց հատկացված մեկ ժամից 50 րոպե խոսելով ու հարցերին ժամանակ չթողնելով:

Նորվեգացի Յագլանդի խոսքերով, միայն կարող են հղում անել Մինսկի խմբին, թեեւ շատ բան տեղի չի ունենում այդ հարթակում: «Վերջին պատերազմական իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է վերսկսել քաղաքական գործընթացը: Կողմերից որեւէ մեկը չի դիմել մեզ ներգրավվելու սրանում, ուստի մեր դիրքորոշումը հստակ է. հարցը Մինսկի խմբի ձեռքերում է»:

Վրացու պարագան կրկնություն էր արդեն հայտնի հայտարարությունների, որ խաղաղությունն է կարեւոր եւ որ սպասում են խաղաղ կարգավորման:

Ավստրիացին հարցիս ի պատասխան նշեց, որ ղարաբաղյան սառեցված հակամարտությունը ի սկզբանե ողբերգություն էր: Նշելով, թե նախկինում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ խոսելու հնարավորություն կար, Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ նաեւ հույս կար, թե բռնությունների վերսկսումից կարելի էր խուսափել: «Ավստրիայի դիրքորոշումը կարող է միայն այն լինել, մյուս եվրոպական երկրների նման, որ բռնությունը պետք է անմիջապես դադարեցվի, կայունություն է պետք հաստատել»: Ֆիշերի խոսքով, պետք է նոր հիմնավոր բանակցությունների հիմք դնել եւ տեսնել, թե արդյոք առաջընթաց հնարավոր է բանակցությունների միջոցով եւ բոլոր կողմերի արդար ճնշմամբ»: Ավստրիացին եզրափակեց. «Ես ատում եմ պատերազմն ու հրաձգությունը»:

Մեր պատվիրակները

Ասել, թե ԵԽԽՎ-ում մեր բոլոր պատվիրակները համախմբված չեն աշխատում, ճիշտ չի լինի: Ապրիլյան նիստի շրջանակներում ե՛ւ ելույթներն էին բավականին շատ, ե՛ւ ակտիվ աշխատանք էր նկատվում: Եղավ հայտարարություն, բաժանվեց գրքույկ: Այս ամենը` տեսանելիության առումով հեշտ նկատելի էր:

Սակայն… ինչ է ասում 44 ստորագրությամբ տարածված հայտարարությունը, որը, ի դեպ, վեհաժողովի ընդունած հայտարարություն չէ, այլ զուտ պատվիրակների մի խմբի: Ինչեւէ, հայտարարությամբ աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես միջնորդության միջազգայնորեն համաձայնեցված միակ ձեւաչափ եւ քաջալերում կողմերին որոշիչ քայլեր ձեռնարկել եւ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել համանախագահների առաջարկների հիման վրա բանակցված կարգավորման հասնելու համար: Ափսոսանք հայտնելով զոհերի համար` ԵԽԽՎ 44 պատվիրակներ գտնում են, որ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու 1994թ. Հրադադարի համաձայնագրի ամրապնդումը կնպաստեն լարվածության մեղմացմանն ու ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը` խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:

Մեկ այլ ակնառու քայլ էլ գրքույկի տարածումն էր, որտեղ ներկայացված են Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունների որոշ վկայություններ:

Վեհաժողովի ձեւաչափը շատ այլ քարոզչական քայլերի հնարավորություն է տալիս, որոնց սակայն ականատես չեղանք, ասել էՙ չկային: Ուրեմն եւ դժվար է քայլել, առավել եւս մրցել վեհաժողովի հարթակում մի պետության հետ, որը ոչ միայն առատորեն ֆինանսավորում է լրագրողների ու պատվիրակների այցելություններ Ադրբեջան, նորոգում ԵԽԽՎ դահլիճ (մեկը` հաստատ, ավելին` վստահ չեմ), այլեւ ավելի հաճախ օգտվում իրավաչափ հնարավորություններից` մատուցելու սեփական տեսակետն ու մոտեցումը:

Միշտ չէ, որ դիմացինի փողատեր լինելը արդարացում է: Միջազգային կառույցներում աշխատելու համար պետք է լեզու իմանալ, որպեսզի անգիր սերտած ելույթի փոխարեն իրավիճակին համահունչ խոսելու կարող լինես: Պետք է նաեւ որոշակի հմտությունների զինանոց ունենալ, եւ դրանք կիրառելու ռազմավարություն/մարտավարություն, էլ չեմ խոսում մտածող ուղեղների մշակած, ձեւակերպած ուղերձների կարեւորության մասին, որոնց բացակայությունն ուղղակի ակնհայտ է:

Դիվանագիտությունը «ինչ լավ շնիկ է» ասելու արվեստն է, մինչեւ կկարողանաս քար գտնել: Ասելիքս չփոխվեց. ոչ առաջինն ենք կարողանում, ոչ էլ երկրորդը:

Ստրասբուրգ

Նախորդ գրառումը

ԱՆԻՄԱՍՏ ՎԱՏՆՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄԸՙ ԲԱՆԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՅԴ ՀՈՂԵՐՆ Ո՞ՒՄՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՅԴ ՀՈՂԵՐՆ Ո՞ՒՄՆ ԵՆ

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական