Մի խումբ երիտասարդ ակտիվիստներ մի քանի օր շարունակ ֆեյսբուքյան հայտարարությամբ կոչ էին անում մայիսի 11-ին միանալ «Ես Կարոն եմ» բողոքի ակցիային:
Նշանակված օրը ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Իհարկե, երիտասարդ կազմակերպիչներըՙ Հայկանուշ Ալոյանն ու Մարկ Հովհաննիսյանն ակնկալում էին ավելի մեծ թվով քաղաքացիների մասնակցություն: Աջակցության երթի փոքրաթիվ ներկայացուցիչները լրատվամիջոցների պակաս չունեցան: Ավելին, ՀՀԿ տատիկն, ինչպես միշտ, հայտնվեց ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղումՙ անընդգրկելի խանդավառությամբ ու էքսպրոմտներ երկնելու պատրաստակամությամբ: Մինչ ակցիայի մասնակիցները «Ես Կարոն եմ» վերտառությամբ պաստառներով պահանջում էին ՄԱԿ-ի գրասենյանկի որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում, ՀՀԿ տատին յոթհարկանի անեծքներով օծեց Էրդողանին ու Թուրքիա կոչվող պետությանը: Նրա հուժկու ձայնի ելեւէջների ընդհատումները մյուս մասնակիցներին ժամանակ առ ժամանակ թույլ տվեցին իրենց բողոքի ու սատարման խոսքն ասել: «Ես միշտ հետեւել եմ Կարոյի ելույթներին ու գործունեությանը: Հերոսական քայլ էր նրա արածը թուրքական մեջլիսում: Դրանից հետո ես սկսեցի Կարոյի նման մորուք պահել, որպեսզի նրան նմանվելովՙ իմ աջակցությունն ու սատարումը հայտնեմ մեր հայազգի պատգամավորին: Մենք պետք է միասնական լինենք, մեր ձայնը հնչեցնենք մինչեւ Թուրքիա, որպեսզի այնտեղ եւս իմանան, որ հայերը պաշտպանում են հային»,- իր ոգեւորությունը չթաքցրեց ակցիայի մասնակից Վաչագան Մարդոյանը :
Մեկ այլ մասնակիցՙ Սուսաննա Բաղդասարյանը , կոչ արեց հանրությանը աչք ու ականջ չփակել ու անտարբեր չլինել. խոսքը հայի կյանքի մասին է, հայ, որն ապրում է անօրեն Թուրքիայում: «Դարձել ենք ֆեյսբուքյան ազգ: Համացանցում ոգեւորվում ենք, գործնական պահերինՙ հապաղում ու հետ քաշվում: Այդպես չի կարելի: Դո՛ւրս եկեք տներից, պոկվեք ձեր համակարգիչներից ու ձեր հարցերն այսպես լուծեքՙ չլռելով ու բողոքելով: Կարոյի կյանքը վտանգված է: Նա մեր օգնության կարիքն ունի, հասկանո՞ւմ եք: Կարոն միակը չէ, բայց նրան են այսօր հալածում Թուրքիայում: Մենք չպետք է թույլ տանք, որ Հրանտ Դինքի ողբերգությունը կրկնվի»,- իր մտահոգությունները հայտնեց տիկին Սուսաննան:
Քիչ հետո ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դուռը բացվեց, եւ անգլախոս աշխատակիցը թարգմանչուհու հետ կանգնեց ակցիայի մասնակիցների առջեւ: Նրան մոտեցավ Հայկանուշ Ալոյանը, բացատրեց իրենց երթի նպատակը եւ նախօրոք գրված նամակը հանձնեց նրան: Աշխատակիցը խոստացավ այն փոխանցել գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին, որն էլ իր հերթին կփոխանցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Նամակում պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայնՙ ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կզբաղվի Կարո Փայլանի հետ տեղի ունեցած ազգայնամոլական դրսեւորումների հետաքննությամբ: Թուրքիան ՄԱԿ-ի անդամ է, ստորագրել է որոշակի պարտավորություններ, որոնք, սակայն, ակնհայտորեն շրջանցում ու անտեսում էՙ սպառնլով Կարո Փայլանի կյանքին: Մեկ այլ հոդվածի համաձայնՙ ՄԱԿ-ից պահանջվում է վերահսկել Թուրքիայի գործողությունները, որոնք հալածանքի են ենթարկում ազգային փոքրամասնություններին իրենց ազգային խնդիրները բարձրացնելու պատճառով:
Պարզվեց, որ նամակը վերցրած ՄԱԿ-ի «պատվիրակը» պարզապես անվտանգության աշխատող է: Այս փաստը վրդովեցրեց ակցիայի մասնակիցներին: Հեռախոսազանգով փորձեցին պարզել, թե ինչու ՄԱԿ-ի որեւէ ներկայացուցչի փոխարեն իրենց մոտեցել է անվտանգության աշխատակիցը: Պարզվեցՙ հեռախոսով խոսողը եւս նույն համակարգից է: Այսպիսով, ՄԱԿ-ից որեւէ մեկը հարկ չհամարեց ընդունել երթի ներկայացուցիչներինՙ ո՛չ հասարակայնության հետ կապերի, ո՛չ մեկ այլ բաժնից: Տպավորությունն այնպիսին էր, որ ՄԱԿ-ում բացի անվտանգության աշխատակիցներից, ուրիշ ոչ ոք չկա: Անհարգալից ու արհամարհական վերաբերմունքը ստիպեց, որպեսզի երթի կազմակերպիչները այլ բովանդակությամբ մի նամակ եւս գրեն Բան Կի Մունինՙ պահանջելով բացատրել, թե կանոնակարգի ո՞ր կետի համաձայն են խաղաղ երթի մասնակիցներն արժանանում արհամարհական վերաբերմունքի ու շփվելու հնարավորություն ստանում միայն անվտանգության աշխատակիցների հետ:
«Ես Կարոն եմ» բողոքի ակցիայի կազմակերպիչները խոստացան հետեւողական լինել ու մեկ շաբաթ անց կրկին դիմել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակինՙ իրենց նամակի պատասխանի ակնկալիքով: Կարո Փայլանի կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է. հարկավոր է միջազգային կառույցներին սթափության դրդել ու համապատասխան պահանջներ ներկայացնել: Փայլանը «Դինքի ընկերներ» կազմակերպության հիմնադիրներից է եւ իր առջեւ նպատակ է դրել շարունակել Դինքի գործը: Թուրք ազգայնամոլներն անգամ համացանցում են կոչեր անումՙ Կարոյի հետ Դինքի պես վարվել: Հապաղել չի կարելի: