Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

 Հայ գիտնականի միջազգային հաջողությունները

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը 2022 թվականի դեկտեմբերի 1-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդես է եկել 20 դասախոսությունների շարքով:

Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի (UNINETTUNO International Telematic University) եւ Տուշիայի համալսարանի ասպիրանտներին  ներկայացրել է «Advanced Differential Equations» (Առաջադեմ դիֆերենցիալ հավասարումներ) շարքը:

Դասախոսությունների շարքը ներկայացնում էր վերջին տարիներին ժամանակակից ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում մեծ տարածում ստացած Հոյնի ֆունկցիաների տեսությունը:

 Շարքի հիմքում Ա. Իշխանյանի ղեկավարած գիտական խմբի կողմից (ՀՀ ԳԱԱ  Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտական արդյունքներն են: Դասախոսությունների շարքը ցուցադրվելու է իտալական եւ եվրոպական մասնագիտական հեռուստաալիքներով:

Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի հետ կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրով նախատեսվում է PhD (դոկտորական) ծրագրերի իրականացում, ակադեմիական փոխանակում, համագործակցություն գիտական  հետազոտությունների ընդհանուր հետաքրքրության ոլորտներում, գիտաժողովների  կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմի եւ վարչական անձնակազմի  վերապատրաստում:

Համագործակցությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջոցով: Ա. Իշխանյանը հանդիպել է Իտալիայի Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի (National Laboratory of Frascati) մի քանի առաջատար գիտնականների հետ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ