«Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի նախորդ համարի խմբագրականը ռուսահայ համայնքի, նրա խնդիրների ու ոչ այնքան ազգային բնութագրի մասին շահեկան է այն իմաստով, որ լրագրողը խորհում է ստեղծված հակասական իրավիճակի շուրջ, սակայն որոշների պես մեղադրանքներ չի հնչեցնում ռուսահայերի հասցեին, թե ինչու նրանք խաչ չեն քաշում «դավաճան» Ռուսաստանի վրա եւ շռայլ օգնության ձեռք չեն մեկնում Հայաստանին:
Առիթներ են եղել գրելու, որ ռուսահայությունը նոր-նոր է փորձում զարգացնել ազգային կյանքը կոմունիստական սահմանափակումների վերացումից հետո: Ժամանակ է պետք: Նորաթուխ ազգային կազմավորումների հետ մեկտեղ մասնավոր կարգով կուզենայի առանձնացնել Հայ եկեղեցու տեղի թեմի արգասավոր գործունեությունը լայն առումով հայ ոգին աշխուժացնելու ուղղությամբ:
Զարմանալի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել ռուսահայության շրջանում: Նրա ներկայիս ամենաակտիվ մասը արտագաղթած նախկին հայաստանցիներն են: Եթե ներկա լինեք Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրում անցկացվող կրոնական թե համազգային զանազան միջոցառումներին, ապա կտեսնեք, որ մասնակիցների գերակշիռ մասը նախկին հայաստանցիներ են: Այդպիսիք են նաեւ տարբեր ազգային միավորումների շատ ղեկավարներ: Բայց եւ ստացվում է, որ այդ նորահայտ սփյուռքահայերը, խռոված ներհայաստանյան անարդարություններից, բարեկեցիկ կյանքի որոնումներով են հեռացել հայրենիքից ու հայտնվել Ռուսաստանում:
Առհասարակ արտերկրում, եւ ոչ միայն Ռուսաստանում, հայկական ինքնության պահպանման ու զարգացման ասպարեզում հառնել է բացասական մի պարագա, որն ինչքան էլ որ հիվանդագին հնչի, պետք է արձանագրել որպես կազմալուծիչ գործոն: Որպես ավագ սերնդի ներկայացուցիչ կարող եմ հիշատակել, որ Խորհրդային Հայաստանը, այնուամենայնիվ, իր զարգացած էկոնոմիկայով, մշակույթով եւ ապահով կյանքով Մայր Հայրենիք էր ընկալվում սփյուռքահայության մեծ մասի կողմից: Այսօր այդ սփյուռքի մի հատվածն արդեն արեւելախոս է, այդ թվում նաեւ Ռուսաստանում: Ցավոք, Հայաստանը շարունակում է կորցնել ձգողական ուժը: Եվ այս ասպարեզում մեղքի ահռելի բաժինը ընկնում է անկախ Հայաստանի երեք նախագահների վրա, որոնք անընդունակ լինելով ստեղծելու արդարացի պետություն, դարձան սուբյեկտիվ բացասական գործոն արտագաղթի հարցում:
Հ. Ավետիքյանը հատուկ դառնությամբ է արձանագրում, որ Հայաստանում գրեթե անտեսվեցին ու չմեկնաբանվեցին Ռուսաստանի Պետդումայի ընտրություններն ու դրանց արդյունքները: Եվ որ ռուսաց պառլամենտի նորընտիր կազմում կա ընդամենը մեկ հայազգի պատգամավորՙ հայտնի աշխարհագրագետ-բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը: Հիշեցնենք, կային նաեւ ուրիշ հավակնորդներՙ ճանաչված քաղաքական հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը եւ տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Օհանյանը, սակայն նրանք արդյունքի չհասան: Մոտ երեք միլիոնանոց ռուսահայության համար մեկ պատգամավորի փաստը իրոք ողորմելի իրողություն է: Անհարմար ես զգում նույնիսկ համեմատվել Պետդումայում հրեական ընդարձակ ներկայության հետ: Պատգամավորական աթոռ է զբաղեցնում նույնիսկ Մոսկվայի նախկին առաջին փոխքաղաքապետ 80-ամյա Վլադիմիր Ռեսինըՙ Ռուսաստանի հրեական կոնգրեսի աչքի ընկնող լիդերներից մեկը: Ռուսահայերն ունենայի~ն այս ցեղի կազմակերպվածությունը, էթնիկական համերաշխությունը… Ավետիքյանն ապշում է հայաստանյաց իշխանությունների անտարբեր վերաբերմունքից նշյալ ընտրությունների նկատմամբ: Եկեք հարցն ավելի կոնկրետացնենք. Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը առհասարակ տեղյա՞կ էր, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում: Արդյո՞ք Ռուսաստանն այն պետությունն է, որին կարելի է այդքան հեշտորեն անտեսել: Ի դեպ, «Ազգը» տարիներ առաջ առաջարկել էր Պետդումայում ունենալ հայոց խորհրդարանի ներկայացուցիչ (պայմանով, որ նա լինի փորձառու անհատականություն ), որը կարողանար այդ անվան տակ լոբբիստական հայամետ գործունեություն ծավալել պատգամավորների շրջանում: Ձայն բարբառոյ յանապատի:
Հ. Ավետիքյանը ենթադրում է` իսկ այստեղ Պետդումայի ընտրությունները բոլորը համարում են հենց Պուտինի հաղթանակը, որը նրան ուղղակիորեն տանում է դեպի հերթական նախագահական փուլը: Եվ իրոք ցավալի է, որ երկրի գերագույն օրենսդրական մարմնում ռուսահայերը գրեթե ոչ մի դեր չեն խաղում: Մինչդեռ պետք չէ շատ իմաստուն լինել հասկանալու համար Ռուսաստանի առանցքային դերը մեր երկրի անվտանգության ապահովման գործում: Հատկապես ղարաբաղյան խնդրի առկայությամբ: Դեռ վերջերս Սերժ Սարգսյանը որոտաձայն ընդվզում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Սակայն դա բնավ էլ չխանգարեց նախագահին` բերկրալից ժպիտով դիմավորելու Վլադիմիր Պուտինին Երեւանի օդանավակայանում: Այդպիսին է մեծ քաղաքականությունըՙ զուրկ զգացմունքներիցՙ հենված բացառապես պետական ու ազգային շահերի վրա:
Իրավացի է Հ. Ավետիքյանը նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանների անարդյունավետ աշխատանքի հարցում: Նրանցից եւ ոչ մեկը չի վայելել անգամ ռուսահայության հարգանքը: Վերցնենք թեկուզ Ռուսաստանում Ադրբեջանի ներկայիս դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Ազերական կլկլոցներով չի նա իրականացնում իր դեսպանական առաքելությունը, թեեւ դրանցով է հայտնի Ռուսաստանում: Ազերստանի շահերի պաշտպանությամբ նախկին երգիչը ակտիվորեն հանդես է գալիս ռուսաստանյան հեռուստատեսությամբ, մամուլում, քաղաքական հրապարակային հարթակներում: Նրա հետ հաշվի է նստում նաեւ Ռուսաստանի ազերական համայնքը, որը, ի դեպ, գնալով ավելի ու ավելի քաղաքական, տնտեսական, լոբբիստական ազդեցություն է ձեռք բերում Մոսկվայում: Եվ ով ասաց, թե Բլբուլի որդին ոչ մի էական դեր չի խաղացել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Օրինակի համար: