ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
«…Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք եւ դրախտ»-ըՙ Ղարաբաղյան պատերազմի մասին, եւ «Հաղթելով մահին»ՙ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, եւ համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջեւանի եւ Ղարաբաղի ճակատագրին»: Իր ազգանվեր գործունեությունն այսպես է ներկայացրել Զորի Բալայանը «Նախիջեւանը ցեղասպանության զոհ է» հոդվածի վերջաբանում: (Տեսՙ «Ազգ», 07.10.2016 թ.): Կենսագրական թռուցիկ այս հղումը սակայն սոսկ ձեւույթ է ընդգծելու համար Արցախյան ազատամարտի պատմության իմաստն ու հեռանկարի խորհուրդըՙ դիմադիր լինելու ցեղասպանության բարբարոս արշավին, որպեսզի չկրկնվի Նախիջեւանի ճակատագիրը: Միանգամայն հասկանալի է ահազանգը Բալայանի խոսքում, քանզի ապազգայնացվել է բիբլիական մի երկրամաս, որտեղ հարյուրամյակների պատմություն էր կերտում բնիկ մի ժողովուրդ, իր կենցաղավարությունը զուգորդելով համաշխարհային քաղաքակրթության առաջընթացին:
Կասեն, թե պատմությունն ավարտված է, կորուստըՙ անվերադարձ եւ ապարդյուն են սպասումի անակնկալները: Սակայն հարցի նորոգումն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղի անկախության բարդ լուծմունքների տեսակետից, այլեւ ցեղասպանության եւ պատմական հայրենիքի ազգային գոյության հավերժական ձգտման առումով: Հարցի դրվածքն անհրաժեշտ է նաեւ բացահայտելու պատմության հեգնանքը Ադրբեջան կոչված պետության իրավական կազմույթի վերաբերյալ Լենին-Ստալինյան թուրքամետ ազգային քաղաքականության խարդավանքներում: Եվ խաշնարած մի ցեղ, որ ընդամենը երեկ էր հայտնվել քաղաքական քարտեզի վրա, փորձում է բռնությամբ պատմություն ստեղծել իր համար, գողանալով բնիկ ժողովուրդների տարածքներն ու պատմությունը, այլեւ բարբարոսաբար ոչնչացնելով հայկականություն հիշեցնող արվեստի հուշարձաններն ու տաճարները: Կարելի է միայն երեւակայել, նկատում է Բալայանը, թե նրանք «ինչպիսի անթաքույց լկտիությամբ, չվախենալով պատժվելուց, ջարդում էին, ավերում, նույնիսկ պայթեցնում ամեն հայկականը»:
Այսպես, Նախիջեւանը զոհաբերվեց ցեղասպանությանը, պատմական հայրենիքից օտարվեց հայկական մի ստվար համայնք: Կատարվեց ոճիրը անտարբեր աշխարհի հայացքի ներքո, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անարձագանք լռության պայմաններում: Ահա թե ինչու անարգել լկտիությամբ է հնչում Հեյդար Ալիեւի զառանցանքը Նախիջեւանի եւ շրջակա հողերի ադրբեջանական տարածքների մասին, նույնիսկ չհապաղելով բարբառելու այնպիսի «կորուստների» մասին, ինչպիսին են Կապանը, Մեղրին, Զանգեզուրը, անգամ Երեւանը:
Կշտամբանքի ու սթափության շեշտ կա Զորի Բալայանի խոսքում. «Իսկ մենք,- գրում է նա,- այսօր Նախիջեւանի հայ ժողովրդի ցեղասպանության հարցով համամոլորակային մակարդակով զբաղվելու փոխարեն թույլ ենք տալիս պատմական Հայաստանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրված հատվածները համարել «վիճելի», այսպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի»: Ալիեւի այս զառանցամիտ հավակնությունների շարունակությամբ է Իլհամ Ալիեւի հոխորտանքըՙ «տերիտորիալ ամբողջականության» մեռյալ ստատուսի վկայությամբ վերազավթելու ազատագրված Արցախը:
Ոչինչ չի վրիպում պատմության հիշողությունից: Մեզ վիճակված է մաքառումների համառ փորձությունՙ նվաճելու ազգային արժանապատվության եւ ազատ հայրենիքի մեր իրավունքը, քանզի անբեկանելի է մեր արիական ոգին եւ տիեզերական արարչությամբ սահմանված մեր ստեղծագործ հանճարը: Վերին բանականությամբ գիտակցված իրավական դրույթը, թե մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում, բացառում է ուշացումի հոգեբանությունը, ուստի կենսական անհրաժեշտության հնչեղություն ունի Զորի Բալայանի պատգամը. «Մնում է չլռել: Ձա՛յն բարձրացնել: Գործե՛լ»: Մեր ազգային գործունեության օրակարգում մշտապես պահելով պատմական Հայաստանի, Հայ դատի եւ Ցեղասպանության հուշը: