Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից հետո հատկապես ռուսաստանյան մամուլում, հեռուստաալիքներում երեւան են եկել «Ռուսական զենք» մշտական խորագրով նյութեր, որոնց տակ հանգամանորեն մեկնաբանվում ու ցուցադրվում են երկրում ստեղծվող արդիական զինատեսակները: Երբեմն պարզապես ապշում ես դրանց առատութունից ու գերորակից: Ռուսական բանակն իրոք թեւակոխել է արդիականացման նոր փուլ, որի արդյունքները առաջին հերթին երեւացին Սիրիայում:
Քաղաքականությունըՙ քաղաքականություն, դիվանագիտությունըՙ դիվանագիտություն: Սակայն ի սկզբանե է հայտնի, որ պետության հզորությունը պայմանավորված է երկու կայուն գործոնովՙ էկոնոմիկա եւ զինված ուժեր: Եվ եթե Ռուսաստանն առայժմ չի կարող աչքի ընկնել տնտեսական հաջողություններով, ապա ակնհայտ է հսկայական առաջընթացը ռազմական ասպարեզում:
Բնականաբար, մի բան է, երբ ծանոթանում ես Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի առանձին գործողությունների վերաբերյալ հաղորդագրություններին: Եվ բոլորովին այլ է մասշտաբային պատկերը, երբ ներկայացվում է ամփոփ վիճակագրություն: Բերենք նման մի ամփոփագիրՙ վերցված ռուսական մամուլից:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը Սիրիայի տարածքում առաջին ավիահարվածները հասցրին 2015 թվականի սեպտեմբերի 30-ին եւ մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրին իսլամիստների 112 օբյեկտ: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 16-ը ռուսական ավիախումբը իրականացրեց 669 ռազմական թռիչք, այդ թվում նաեւ 115 գիշերային, եւ շարքից հանեց ահաբեկիչների 456 օբյեկտ: Մինչեւ հոկտեմբերի 22-ը թռիչքների քանակը հասավ 1391-ի, ոչնչացված օբյեկտներինըՙ 819: Մինչեւ հոկտեմբերի 30-ը, համապատասխանաբար, 1391 եւ 1623, մինչեւ նոյեմբերի 3-ըՙ 1631 եւ 2084, մինչեւ նոյեմբերի 17-ըՙ 2289 եւ 4111, մինչեւ դեկտեմբերի 25-ըՙ 5240, այդ թվում 145 թռիչք ստրատեգիական հռթիռակիր ու հեռահար ռմբակոծիչ ինքնաթիռներով, մինչեւ 2016 թվականի հունվարի 22-ըՙ 6000-ից ավելի թռիչք, իսկ մինչեւ մարտի 14-ըՙ 9000-ից ավելի: Թռիչքների վերընթաց դինամիկան ակնհայտ է:
Նույնքան արդյունավետ էին նաեւ ռազմածովային նավատորմի գործողությունները: Նոյեմբերի 7-ին Կասպիական նավատորմիղի նավերը արձակեցին 26 թեւավոր հրթիռ, ոչնչացնելով 11 նշանակակետ, նոյեմբերի 20-ինՙ եւս 18 թեւավոր հրթիռ, այս անգամ ոչնչացնելով 7 նշանակակետ: Դեկտեմբերի 8-ին նրանց Միջերկրականում միացան «Դոնի Ռոստով» սուզանավը, այլ հրթիռակիր նավեր:
2016 թվականի մարտի 14-ին ՌԴ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հրաման արձակեց ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը Սիրիայից դուրս բերելու մասին: Սակայն այն, ինչ մնացել է այդ երկրում, շարունակում է ամենայնս աջակցել Սիրիայի կառավարական զորքերին, այդ թվում նաեւ Հալեպում:
Անշուշտ Սիրիայում նման խոշորածավալ ռազմական միջամտության գլխավոր նպատակն է կրկին վերածվել համաշխարհային ազդեցիկ գերտերության: Սակայն կոնկրետ Մերձավոր Արեւելքում ծավալված ռազմական մասշտաբային գործողություններում կա մի պարագա, որի շուրջ առավելապես արտահայտվում են զինվորականներըՙ իրենց բնորոշ ուղղամտությամբ: Այս տարվա հոկտեմբերի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատմեց այն գործնական օգտավետության մասին, որ ստանում են ռուսական զորքերը սիրիական կոնֆլիկտի պայմաններում: Նա բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Սպառազինության հայրենական արտադրության ժամանակակից շատ նմուշներ փորձարկվեցին անապատային տեղանքի բարդ պայմաններում եւ ընդհանուր առմամբ ցուցադրեցին իրենց հուսալիությունն ու արդյունավետությունը»:
Ինքնին հասկանալի է, որ «անապատն» այստեղ երկրորդական գործոն է. Կալմիկիայում էլ կարելի է նման փորձադաշտ գտնել: Կամ, արդյո՞ք այդչափ կարեւոր է, թե ինչ կլիմայական պայմաներում է հանգրվանում Կասպից ծովից արձակված հրթիռը: Անհամեմատ կարեւոր է զինատեսակը փորձարկել-ստուգել իսկական մարտական գործողությունների ժամանակ, համեմատվել հավանական հակառակորդի սպարազինությունների հետ, տնտղել հակառակորդին եւ ողջ լրատվությունը ուղարկել ռազմագիտական հաստատություններ ու լաբորատորիաներ եւ գործարաններՙ նորագույն մշակումների ու զարգացումների համար: Ինչպես Ուինստոն Չերչիլն է ասումՙ որտեղ որ ավարտվում են ռազմական գործողությունները, հայտնվում են այդ մարդիկ: Այն վայրերում, որտեղ դեռ վերջերս որոտում էին արկերի պայթյունները ու գետինը շաղախված էր զինվորների արյունով, գործի են անցնում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու զինվորական ինժեներները: Մարտի ժամանակ վնասված ողջ տեխնիկան հաշվառվում է եւ լուսանկարվում: Առավել հետաքրքրություն ներկայացնող նմուշները ուղարկվում են լաբորատորիաներ ուսումնասիրության համար: Եվ արդեն գաղտնիացված հատորներում համադրվում են այն բոլոր արդյունքները, որ հետեւանք են մարտի դաշտում երկու կողմերի տեխնիկաների բախումների:
Բազմաչարչար Սիրիան, դառնալով քաղաքական խարդավանքների օբյեկտ, վերածվել է նաեւ խոշորագույն ռազմական փորձադաշտի բազմաթիվ պետությունների համար: Ինչպես առհասարակ զինվորական փորձագետներն են ասում, գուցեեւ ցինիկ է հնչում, իդեալական տարբերակն այն է, երբ զինատեսակը փորձարկվում է օտար երկրում եւ օտարի միջոցով, այսինքն, երբ զենքն ստուգվում է, անմիջական բախման մեջ չմտնելով ենթադրյալ հակառակորդի հետ: Մերձավորարեւելյան աշխարհաշրջանում այս իմաստով առաջատարը ամերիկացիներն են, հետո եվրոպացիները, որոնց էլ հետագայում միացավ Ռուսաստանը: Ընդ որում, քիչ չեն փաստերը, երբ արեւմտյան պետությունները փորձարկման «գործարք» են կնքել նույնիսկ իսլամիստների հետ:
Երբ թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը, ռուսները Սիրիա տեղափոխեցին -400 զենիթահրթիռային համալիրները: Եվ Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հարկ համարեց զգուշացնել, որ հրթիռների գործողության շրջանակը կարող է «անակնկալ» լինել չճանաչված որեւէ թռչող օբյեկտների համար: Այսինքն, գործողության մեջ են մտնում միանգամայն նոր որակի հրթիռներՙ պատրաստ փորձարկման:
Ռուսական լրատվամիջոցներում այսօր արդեն ձայներ են հնչում, թե Սիրիայի տարածքային ամբողջականությունը այս կամ այն ձեւով վերականգնելուց հետո Ասադը կամ նրա հետնորդները կշարունակե՞ն ռուսամետ քաղաքականությունը: Միանշանակ վստահություն չկա: Չստացվի այնպես, որ ռուսներին մնա միայն ռազմական փորձադաշտի հիշողությունը:
Ձեռնտո՞ւ են Հայաստանին ռուսական նորագույն զինատեսակների կատարելագործումները: Անշուշտ, քանզի մեր հայոց բանակը հագեցած է գերազանցապես ռուսական զենքով: