Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պարզ է, որ իմ դեմ կռիվ են անում՝ ընտանիքիս հարվածելով. Ռուբեն Մելիքյանը՝ ԲԴԽ գործելաոճի մասին

Կնոջս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններ դադարեցնելու մեջ քաղաքական հետապնդում չտեսնելը շատ դժվար է։ Սա միանշանակ իմ գործունեությամբ է պայմանավորված, այլ պատճառ լինել պարզապես չի կարող, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի գործելաոճին։

«Աննա Փիլոսյանն այսքան ժամանակ իրեն դրսևորել է որպես լավ դատավոր։ Երեկվա վրդովմունքի ալիքը, հատկապես մասնագիտական շրջանակների կողմից, դրա դրսևորումն է։ Ազատման այլ պատճառ ես չեմ տեսնում։

Կարեն Անդրեասյանը նախարար դառնալուց հետո անմիջապես սկսել է կարգապահական վարույթներ հարուցել, ծավալուն բացատրություններ ստանալ, կարճել, հետո հաջորդը հարուցել։ Սա արդեն 5-րդն էր, և սա նույնպես փաստ է, որը վկայում է՝ կնոջս նկատմամբ «հատուկ վերաբերմունք» կար»,- ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Աննա Փիլոսյանը երբեք որևէ այլ գործունեություն չի ծավալել, որևէ մեկը չի կարող կանգնել և ասել, որ նա թեկուզ նվազագույն կոռումպացվածության հակումներ ունեցող դատավոր է եղել։

«Մարդը պարզ ճակատով մտել է համակարգ, պարզ ճակատով դուրս եկել։ Պարզ է, որ իմ դեմ կռիվ են անում՝ իմ ընտանիքին հարվածելով։ Սա է իրենց մակարդակը, Աստված իրենց հետ։ Յուրաքանչյուրը հատուցում է ստանալու»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կինն առժամանակ կհանգստանա, իսկ հետո, ինչպես ասում են, «Տաշած քարը գետնին չի մնա», հարգանք և հեղինակություն ունեցող մասնագետ լինելով՝ այլ աշխատանք կգտնի։

Ռուբեն Մելիքյանը նաև շեշտեց՝ իր կինը մինչ այս աշխատել է միջինից մեծ ծանրաբեռնվածությամբ՝ շատ դեպքերում չհանգստանալով նույնիսկ կիրակի օրերին։

«Նա աշխատանքից վերադառնում էր շատ ուշ և հոգնած։ Աննա Փիլոսյանի վրա գերմարդկային ծանրաբեռնվածություն էին դրել։ Իդեպ, դատական համակարգն ընդհանրապես շատ ծանրաբեռնված է, բայց այնպես է ստացվել, որ նրա ծանրաբեռնվածություն շատ-շատ էր։ Մարդն աշխատել է՝ ինչքան կարողացել է։ Բնականաբար, ունեցել է ուշացումներ։

Այն 4 գործը, որոնց ուշացումը մատի փաթաթան են դարձրել, նա հաշվել և բաց ճակատով ասել է, որ իրականում մոտավորապես  20 գործով է ուշացում ունեցել։ Ուշացրել է, բայց ընդամենը 20 գործ՝ 5 հազարից։ Ես անգամ իրավաչափ չէի համարի որևէ կարգապահական պատասխանատվություն սրա համար, էլ չեմ խոսում նրա լիազորութունների դադարեցման մասին։ Այսինքն՝ սա ծայրահեղ ոչ իրավաչափ որոշում է»,- ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները: