«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը գործում է 2001թ․-ից՝ շվեյցարական «Դիակոնիա Ինտերնացիոնալ» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ։ Հիմնադրամի նախապատմության, գրանցած հաջողությունների, ծրագրային բացերի, շահառուների հետ առաջացած խնդիրների, աշխարհաքաղաքական ձեւափոխումների եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանի հետ։
-Տիկի՛ն Ջամբազյան, հիմնադրամի գործունեությունն առավել հայտնի է 2001թ․-ից, սակայն Հայրենիքի նվիրյալ, երջանկահիշատակ Հակոբ Ջամբազյանն իր գործունեությունը սկսել է դեռեւս 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից։ Մի փոքր պատմական ակնարկ անենք 1988-2001թթ.-ի միջակայք. ի՞նչ է ձեզ հայտնի այդ տարիներից։
-Հակոբ Ջամբազյանը եղել է երգահան, երաժիշտ, աստվածաբան։ Ծնվել է Երուսաղեմում, ապրել՝ Լիբանանում։ 1988թ․-ին՝ երկրաշարժի ժամանակ, 4 ընկերներով որոշում են օգնել Հայաստանին։ Այդ ժամանակ ինքը ստեղծում է Հայ Օգնության Կենտրոն եւ սկսում են ֆուրերով ապրանք բերել Հայաստան՝ դեղորայք, սնունդ։ Հակոբ Ջամբազյանը Շվեյցարիայում ընկեր ուներ՝ Հանց Ռուդոլֆը, որի հետ Շվեյցարիայում Աստվածաբանական համալսարան էր այցելել։ Հանց Ռուդոլֆն էլ Շվեյցարիայում ուներ «Դիակոնիա» ինտերնացիոնալ բարեգործական կազմակերպությունը։ 2001թ․-ին միավորվում են, որտեղից էլ առաջանում է մեր անվանումը։ Միջակայքը այդ տարիների այդպես է եղել։ Սկզբում ոչինչ չի եղել, ինքն իր ընկերների հետ նախաձեռնել է օգնել իր հայրենակիցներին, որից հետո զգացել է, որ մեծանում են օգնության ծավալները եւ անհրաժեշտություն է առաջացել այստեղ բացել բանկային հաշիվ, ունենալ թիմ։
-Ինչպե՞ս ստացվեց ձեր աշխատանքը հիմնադրամում, այնուհետեւ դառնալ Ջամբազյանների ընտանիքի անդամը։
-2001թ.-ին Կառավարությունը 16 հա տարածք տրամադրեց հիմնադրամին` բնակելի թաղամաս ստեղծելու նպատակով։ Այդ տարիներից եմ սկսել աշխատել, քանի որ մինչ այդ աշխատում էի Հանրային ռադիոյում։ Այն ժամանակ Հակոբ Ջամբազյանի մի գործընկերը Արմեն Ամիրյանն էր, եւ քանի որ ես գերմաներեն լավ գիտեի, ասաց՝ իմ գործընկերը բարեգործական կազմակերպություն ունի, կգա՞ս այդտեղ աշխատես, ու ես սկսեցի համատեղել։ Հիմա մեր աշխատանքը շատ մեծ է, շրջաններում ունենք մի շարք ծրագրեր։ «Հույսի Ավանը» նախատեսված էր 200 անապահով ընտանիքների համար, ավանում այժմ բնակվում է 79 ընտանիք։
-Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի դեռեւս նախորդ տարվա հրապարակած տվյալների՝ աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է բնակչության 26․5%-ը: Հիմնադրամի կողմից վերջին տան հատկացումը եղել է 4 տարի առաջ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս են ընտրվում շահառուները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աղքատության շեմը բավականին բարձր է, իսկ բնակչության զգալի մասը կարող է հանդիսանալ ծրագրի իրական շահառու։
– Մենք կառուցում ենք տուն այն ժամանակ, երբ արդեն մեկ-երկու կամ հինգ տան ֆինանսավորում ունենք։ Մեզ կառավարությունը հողատարածքը տրամադրել է հետեւյալ կերպ, որ ինքը պետք է մասնակցի այդ ընտրությանը։ Ամեն անգամ կազմվում է հանձնաժողով, որտեղ ընդգրկված են լինում ինչպես հիմնադրամից, այնպես էլ կառավարությունից, քաղաքապետարանից, թաղապետարանից ներկայացուցիչներ, չէ՞որ իրենք էլ իրենց ցանկերն արդեն ունեն։ Հանրապետությունում եթե գործունեություն ես ծավալում, ապա ենթակա ես այդ Հանրապետությանը։
-Շահառուների ընտրության հարցում «բախումներ» եղե՞լ են հիմնադրամի եւ կառավարության միջեւ։ Ի՞նչ թերացումներ եւ բացթողումներ կան այստեղ։
-Այս տարիների ընթացքում կառավարության հետ որեւէ բախում չենք ունեցել։ Իրենք մեզ են վստահել, մենք՝ իրենց, բայց ունեցել ենք բացեր։ Առաջին երկու փուլերի ընթացքում շատ էմոցիոնալ ենք ընտրել ընտանիքների։ Օրինակ, ընտրել ենք ընտանիք, որտեղ հայրը բանտում էր, կինը հինգ երեխաների հետ դրսում էր հայտնվել, որոնց բերել առանձնատուն ենք հատկացրել։ Նախ առաջին՝ իրենք չգիտեն տունը ինչ է, խնամելն ինչ է։ Հետո ամուսինը գալիս է բանտից, կրիմինալ կերպար, փորձում այստեղ ստեղծել ինչ-որ կրիմինալ միջավայր։ Դեպք ենք ունեցել, որ հաջորդ օրը գնացել տեսել ենք զուգարանակոնքը հանել վաճառել են, որովհետեւ իրենց 10000 դրամ է պետք եղել։ Ժամանակին նման էմոցիոնալ ֆոնի վրա արված ընտրությունը մեր բացթողումն է եղել, որը հետագայում շտկեցինք։
Ունեցել ենք նաեւ ազատամարտիկի ընտանիք, որն այստեղ ապրել է յոթ տարի, որից հետո ասել է՝ շնորհակալություն, վերցրեք ձեր տունը, ես արդեն կարող եմ ինքնուրույն վարձով ապրել։ Այսինքն, մեր ցանկալի արդյունքը սա է, որ մարդը կարիքի մեջ է, գալիս անվճար ապրում է, բայց այդ ընթացքում համակարգում է իր կյանքն ու գնում։ Մենք այդպես ենք պատկերացրել ծրագիրը, Եվրոպայում այդպես է, բայց մեզ մոտ այնքան էլ չաշխատեց, քանի որ մենք «պահանջատեր» ազգ ենք։ Ընտանիքներ կային անգամ իրենց երեխաներին դպրոց չէին տանում։ Այսինքն, դուք տարեք, եկեք մեր աղբը թափեք, բա բարեգործական եք, պետք է իմ աղբը թափեք, իմ երեխային դաս սովորեցնեք։ Շատ դեպքերում պետք է նաեւ հասկանանք, թե այդ երեխաները ինչո՞ւ են հայտնվում այդ իրավիճակներում՝ իրենց անպատասխանատու ծնողների պատճառով, որովհետեւ իրենք տունն են գրավ դնում, գողություն են անում, բռնաբարում են։ Բայց մեր դոնորները ավելի շատ կենտրոնանում են երեխաների վրա։ Այսօր ունենք 3000 երեխա, ովքեր կոնկրետ անհատների հոգածության տակ են, այսինքն կան նաեւ 3000 անհատներ, որոնք այդ 3000 երեխաների մասին ամեն ամիս մտածում են։
-«Հույսի ավանը» թաղամաս է, որտեղ ապրում են հասարակության ամենախոցելի խմբերը։ Բարդ չէ՞ գոհացնել բոլորին։
– Դու չես կարող բոլորին գոհացնել, անհնար բան է, անգամ մի փոքր ընտանիքում չես կարող պատրաստել մի բան, որ բոլորին գոհացնես։ Պատկերացրեք, մենք գործ ունենք մի խավի հետ, որը տարիներով չի աշխատում ու միայն պահանջում է։ Շատերն իրենց դոնորներին տեսնելիս զարմանում են, ասում են՝ էս ա՞ մեր դոնորը, որովհետեւ իրենք հագնվում են շատ ավելի համեստ, քան շահառուն, բայց ինքն իր աշխատավարձի 10%-ը քեզ է ուղարկում ու դա անում է ոչ թե մեկ անգամ, այլ ամեն ամիս ու տարիներ շարունակ։ Դոնորները ոչ թե բարեգործներ են, այլ ֆենոմենալ մարդասերներ, որոնց շատ հաճախ չեն հասկանում շահառուները, ասում են՝ դե շատ ունի, տալիս է։ Այդպես չի։
-Ասում են՝ շատ խնդիրներ առաջանում են ֆինանսից։ Ձեր գործունեության շրջանակում կա՞ն խնդիրներ, որ ֆինանսով պայմանավորված չեն։
-Այո, կան բաներ, որ ֆինանսի հետ կապված չեն։ Լավ, մենք հագուստը տրամադրում ենք, ինչո՞ւ երեխայիդ դպրոց չես ուղարկում, արթնացի՛ր, տար։ Չի տանում, որովհետեւ իրեն ավելի հարմար է, որ երեխան փողոցում կանգնի փող մուրա, մեքենայի անիվներ սեւացնի։ Եվ սա միայն մեր խնդիրը չէ, սա համընդհանուր է, երբ աղքատ ընտանիքներում երեխան շահագործվում է հենց ծնողների կողմից։ Օրինակ, ամռանն այնքան դժվար է երեխաներին ճամբար բերել, որովհետեւ իրենց երեխաները պետք է աշխատեն փողոցում։
-Կառավարության որոշմամբ՝ «Հույսի ավան» ծրագրի բոլոր շահառուներն ունեն անժամկետ եւ անհատույց բնակվելու իրավունք, սակայն վերջին տարիներին բնակիչները սկսել են կոմունալ վճարներ անել, բացի այդ՝ հիմնադրամի կողմից բնակիչներին՝ իրենց զբաղեցրած առանձնատները գնելու առաջարկ էր արվել, որը մեծ «աղմուկ» էր առաջացրել հենց շահառուների մոտ։ Ի վերջո, քննարկումներն ի՞նչ փուլում են այս պահին։
-Բոլոր տները պատկանում են հիմնադրամին։ Դրանք հանդիսանում են հիմնադրամի սեփականությունը։ Ավանի խնամքի եւ որեւէ այլ հարցի հետ իրենք գործ չունեն, իրենք վճարում են միայն իրենց կոմունալ վճարները։ Մեր դոնորները ցանկանում էին, որ մեր բնակիչները լրիվ անհատույց ապրեն այստեղ, այդ ֆորմատը շատ սխալ էր, որը մենք հետագայում հասկացանք, որովհետեւ մարդը դառնում է 100%-ոց պահանջատեր։ Մենք, մեր իրավաբանական թիմի, դոնորների եւ կառավարության հետ անվերջ մշակում ենք ծրագրեր, որ լավ լինի եւ՛ հիմնադրամին, եւ՛ այդ ընտանիքներին։ Այո, մենք իրենց հետ երկխոսության մեջ եղել ենք եւ հիմա էլ ենք այդ թեմաներով զբաղվում։ Այդ հարցը բաց է, այդ հարցով զբաղվում են իրավաբանները, եւ այդ հարցով դեռ առաջարկներ կանենք մեր բնակիչներին։ Ի վերջո, մենք իրավունք ունենք ինչ-որ ընտանիքի ասել՝ հաջողություն, գնա՛ այստեղից, դու էլ օգնության կարիք չունես։ Այսինքն, մենք այդ իրավունքը ուղղակի ունենք։ Այդ տներում պետք է ապրեն մարդիկ, որոնք ունեն դրա կարիքը։ Ով ծանոթ է բարեգործական դաշտին, գիտի, որ բարեգործական հիմնադրամները շատ լուրջ աուդիտներ են անցնում։ Մենք ամեն ինչում բաց ենք եւ ամեն բան օրենքով ենք անում։
– «Նազէ» կարի արտադրամասը եւս հանդիսանում է հիմնադրամի սեփականությունը։ Արտադրամասում կան աշխատակիցներ, որոնք ժամանակին եղել են հիմնադրամի շահառուներ, ստացել 9 ամսյա անվճար ուսուցում եւ անցել աշխատանքի։ Շահառուների հետ իրականացվում է նաեւ հացաբուլկեղենի անվճար դասընթացներ եւ առաջիկա ծրագրերում նախատեսված է բացել արտադրամաս, որը նույնպես կպատկանի հիմնադրամին։ Այս կերպ, հիմնադրամը փորձում է ինքնաֆինանսավորվե՞լ, մտավախություն չկա՞, որ այն բարեգործությունից որպես բիզնեսգործունեություն կընկալվի։
– Նախ, բիզնես մտածողությունը հրաշալի բան է, ունենալ բիզնես մտածողություն՝ նշանակում է գումարի արժեքն իմանալ, շուտ արթնանալ, աշխատել, ստեղծել։ «Նազէ»-ն բիզնես ծրագիր է, այո, եւ այն մենք ենք ստեղծել։ Դա ամոթ չի, սխալ չի, բարեգործը իրավունք ունի բիզնես անելու, դրա իրավունքը կա։ Դա ինքնաֆինանսավորել չէ, դա այդ ծրագրերը անկախացնել է։ Մեր նպատակն է, որ այդ ծրագրերն ինքնուրույն գոյատեւեն, եւ եթե դրանից ինչ-որ բան վերադառնա հիմնադրամ, դա էլ արգելված չէ։
-Հաշվի առնելով պատերազմներն ու աշխարհաքաղաքական ձեւափոխումները՝ ինչպե՞ս է այն անդրադառնում դոնորների եւ հիմնադրամի գործունեության վրա։
-Ծրագրեր ենք ունեցել եւ՛ քովիդի ժամանակ, եւ՛ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս պահին ունենք 50 բաց նախագծեր, բիզնես ծրագրեր, որոնք արվում են պատերազմից տուժած 50 արցախցի ընտանիքների համար։ Հիմա եթե լինեն այստեղ Ուկրաինայից փախստականներ, իրենք դիմեն մեզ, մենք դիմենք մեր դոնորներին, իրենք կֆինանսավորեն։ Ծրագրերը չեն հնարվում, լինում են ըստ ժամանակահատվածի եւ կարիքի։ Աշխարհաքաղաքական փոփոխման հետ շատ դոնորներ մեզ գրեցին, որ այս տարի իրենք ցանկանում են Ուկրաինային օգնել, եւ դա մեզ համար ամբողջությամբ ընդունելի է, քանի որ մեր պատերազմի տարիներին մենք մի քանի միլիոն եվրո ենք բերել Հայաստան, որովհետեւ իրենք միայն մեզ էին օգնում։ Այնպես որ, աշխարհում կատարվող փոփոխությունները իրենց վրա էլ են ազդում։
-Տիկի՛ն Ջամբազյան, այս տարիների ընթացքում հիմնադրամը բազմաթիվ երեխաների երազանքներ իրականություն է դարձրել։ Ո՞րն է ձեր երազանքը եւ «Ոսկե կանոնը», որով առաջնորդվում եք։
– Իմ երազանքն է, որ մեզ մոտ ձեւավորվի սոցիալական պատասխանատվություն։ Հիմա ամեն ինչի համար ասում ենք՝ փող չկա, բայց շատ բաներ փողի հետ կապ չունեն։ Անգամ, եթե մեդիաները միանան եւ մեկ ամիս շարունակ քարոզեն սոցիալական պատասխանատվություն, շատ բան կփոխվի։ Կողքդ նայիր, ի՞նչ ունես ավելորդ, նվիրի՛ր, հավաքի՛ր։
«Ոսկե կանոն» ունենք՝ լինել միասնական։ Ես դա եմ անվերջ քարոզում, անգամ ողջ մարդկությունը պետք է միասնական լինի։
Լրագրող՝ ՔՐԻՍՏԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ