Եթե պետության ղեկավարն Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու 8-րդ օրն ընդամենն արձանագրում է առկա իրավիճակը և որևէ գործուն քայլ չի կատարում, նշանակում է՝ ընդամենը փորձ է անում բավարարել հանրային կարծիքի պահանջը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը։
«Որովհետև իրենից լուծումներ են սպասում, և ինքը դրանով ցույց է տալիս, որ այդ թեմայով ինչ-որ բան խոսում է։ Բայց պետության ղեկավարը պետության քաղաքականության պատասխանատուն է, և մարդիկ սպասում են ինչ-որ գործողությունների, ինչ-որ քայլերի, որոնք նա պետք է բացատրի։
Այնինչ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը ցույց է տալիս, որ այդ անձնավորությունը ոչ մի քայլ չունի անելու, այսինքն՝ Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է, և նա ոչինչ չունի ասելու, ոչինչ չունի անելու, որևէ քաղաքականություն չի իրականացնում»,- շեշտեց Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում այսօր գրառում է կատարել՝ արձանագրելով. ««8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից»: