Հեղինակՙ Ալիս Քիթաբջյան
«Միշըն Հիլզում» (Կալիֆոռնիա) գտնվող Արարատ-Էսքիջյան թանգարանում վերջերս մասնագիտությամբ ֆիզիոլոգ, սննդաբան (դիետոլոգ) Ալիս Քիթաբջյանը ներկայացրել է «Կյանքը Ստամբուլում: Մի ընտանիքի ոդիսականը» վերնագրով իր նոր գիրքը, որտեղ նկարագրել է իր պատանեկության տարիները Ստամբուլում որպես ցեղասպանությունը վերապրածների զավակ, մշտական վախի մթնոլորտը, որ գնալով հեղձուցիչ էր դառնում, իր հարազատների փորձառությունները եւ վերջապես տեղափոխությունը Մ. Նահանգներ եւ հնարավորությունը շարունակելու իր ուսումը:
Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի, Ալիսը ֆիզիոլոգիայի գծով մագիստրոսի կոչում է ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից 1968-ին եւ հետո դարձել դիետոլոգ: Այնուհետեւ ավարտել է նաեւ Հարվարդ քոլեջն ու դոկտորական պաշտպանել Պրինստոն համալսարանում: Քսանհինգ տարի ղեկավարել է իր ամուսնուՙ դոկտ. Գրեգորի Քիթաբջյանի կլինիկան: Ներկայիս դասավանդում է Բելոյթ քոլեջում:
Գրքի շնորհանդեսի օրը Ալիսին ներկայացրել է նրա դուստրըՙ դոկտ. Թամարա Քիթաբջյանը, որ անգլիական գրականության մասնագետ է եւ աշխատում է Բելոյթ քոլեջում:
Հ. Ծ․