Ադրբեջանական խնձորների առնչությամբ չբարձրացված հարցադրումները
Հայաստանում ադրբեջանական խնձորների ապօրինի ներմուծման եւ վաճառքի մասին շատ խոսվեց, բայց հիմնական հարցադրումները չարվեցին: Մասնավորապես, ինչպե՞ս եղավ, որ հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ, առանց որեւէ խղճի խայթի եւ ազգային գիտակցության թշնամի երկրի արտադրանքը ներմուծեցին Հայաստան, իսկ մյուսներն էլՙ կաշառք ստացան եւ թույլ տվեցին դա անել: Այդքան շուտ մոռացա՞ն ապրիլյան պատերազմը, 90-ականների արցախյան պատերազմը, մեր զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին, նրանց թափված արյունն ու նրանց հարազատների վիշտն ու արցունքները: Կամՙ քանի՞ օր կամ շաբաթ վաճառվեցին մեր առեւտրային կետերում ադրբեջանական խնձորները ու ինչպե՞ս դա չնկատեցինք վաճառքի հենց առաջին օրը, կամՙ ինչո՞ւ են ոմանք, հատկապես պետական պատասխանատուներն ու սպառողների շահերի որոշ «պաշտպաններ» խնդիր համարում առաջին հերթին խնձորների ապօրինի ներմուծված լինելը, այլ ոչ թե դրանց ադրբեջանական լինելը, ավելինՙ նշում, որ ադրբեջանական լինելու պատճառով իրավունք չունենք արգելել դրանց ներմուծումը: Կամՙ եթե Ադրբեջանը թշնամի երկիր է, ապա մի՞թե Թուրքիան բարեկամ է, որտեղից ներմուծվող թե՛ սննդամթերքի, թե՛ բազմազան այլ ապրանքների պակաս չունենք:
Ադրբեջանական խնձորները ներմուծվեցին, որովհետեւ մեզ համար վաղուց արդեն սովորական է դարձել թուրքական ապրանքներ ներմուծելն ու սպառելը, որովհետեւ ոչ բնակչությունը, ոչ պետությունը դրանց մեջ ոչ ազգային անվտանգությանը, ոչ մարդկանց առողջությանն ու կյանքին ուղղված վտանգ, ցավոք, չեն տեսնում եւ համարժեք քայլեր չեն ձեռնարկում: Ո՞րն է ադրբեջանական խնձոր ներմուծողների տրամաբանությունըՙ եթե Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը, պատմական հայրենիքի կորուստը, դարավոր հալածանքներն ու ստորացումները «կուլ տվեցինք», ապա ինչո՞ւ չպիտի ներենք մյուս թշնամունՙ Ադրբեջանին: Թուրքական ապրանքներ գնելը սովորական դառնալը, արեւմտյան գլոբալիստականՙ ինքաոչնչացման տանող «տոլերանտության» քարոզները, որի դրսեւորումներից են «ադրբեջանցիներն էլ են մարդ» կամ նմանատիպ այլ հայտարարությունները, դրանց հիման վրա ոմանցՙ հատկապես երիտասարդների մի մասի մոտ ձեւավորված մտածելակերպը, մեր իրականության մեջ վահան մարտիրոսյանների եւ տիգրան խզմալյանները ի հայտ գալըՙ այս ամենին պետք է հաջորդեր այնպիսի մի բան, ինչպիսին էր ադրբեջանական խնձորների հայտնվելը Հայաստանում, եւ դա դեռ չարյաց փոքրագույնն է:
Մինչդեռ, թե՛ իշխանությունը, թե՛ ժողովուրդը պետք է հստակ եւ միակարծիք լինեն առ այն, որ ադրբեջանական խնձորները չպետք է հայտնվեին Հայաստանում, քանի որ դրանք ադրբեջանական ենՙ կարեւոր չէ օրինական են ներմուծվել, թե՞ ապօրինի, կարող են վտանգավոր լինել, թե՞ անվտանգ են :
Ոչ ոք, այդ թվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետությանը չի կարող ոչինչ ասել նման մոտեցում ունենալու համար: Ի գիտություն հատկապես սպառողների իրավունքների անգրագետ «պաշտպանների», Ադրբեջանը ԱՀԿ անդամ չէ, հետեւաբար ոչ մի պատժամիջոց այդ երկրի ապրանքների առջեւ մեր շուկան փակելու համար Հայաստանի հանդեպ չի կիրառվի: Հաջորդըՙ հայ-ադրբեջանական համակարտությունը հայտնի է աշխարհում, եւ շատ միջազգային կազմակերպություններ զերծ են մնում որեւէ դիրքորոշում հայտնելուց, հետեւաբարՙ այստեղ նույնպես վախենալու ոչինչ չկա: Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է ապրանք ներմուծել այն երկրից, որի հետ պատերազմում ես, այսինքն, նպաստել այդ երկրի տնտեսական զարգացմանը, որն ուղղվելու է հենց քո դեմ: Տարօրինակ է, սակայն փաստ, որ ոչ միայն չենք փորձում տրամաբանությամբ շարժվել, այլեւ անում ենք քայլեր դրան հակառակ:
Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարի 2013-ի հունիսի 7-ի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի հրամանը` թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին: Այսինքն, չորս տարի առաջ, փաստորեն, մեր երկիրը բացել ենք թշնամի երկրներից ներմուծվող գյուղմթերքի առաջ: Ո՞ւմ համար էր դա արվել, ո՞ւմ շահերին էր դա համապատասխանում, կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն հայկական լրատվամիջոցներից ոչ ոք ոչ այդ որոշման, դրա հետեւանքների մասին չգրեց, ոչ ոք դրա դեմ դուրս չեկավ եւ արշավ չսկսեց սոցիալական ցանցերում կամ փողոցներում: Մեր հրապարակումը «ԱԶԳ»-ում այն ժամանակ («Հիմա էլ ադրբեջանական եւ թուրքական գյուղատնտեսությունն ենք զարգացնո՞ւմ», 24.09.2013) եզակի էր, որում ներկայացրել էինք նաեւ գյուղնախարարության պարզաբանումները, որոնք, ըստ էության, ոչինչ չէին պարզաբանում: Հետեւանքներինՙ ադրբեջանական խնձորների Հայաստանում հայտնվելու տեսքով ականատես եղանք այս օրերին, դրանք կլինեն հետագայում եւս, թուրքական ապրանքների ներմուծման ծավալներն էլ այս տարվա առաջին երեք ամիսներին անշեղորեն աճել են (դրան կանդրադառնանք առաջիկայում):