Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՍԿՍԵԼ Է ՎԱԽԵՆԱԼ ՆԱՏՕ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Գերմանիան կմնա՞ արդյոք «Ինջիրլիքում»

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մի խումբ պատգամավորների հետ պետք է այցելեր Թուրքիայի հարավումՙ Ադանայի մոտ գտնվող «Ինջիրլիք» ռազմակայան: Ավելի վաղ նա Վաշինգտոնում այցելության հարցը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետՙ հուսալով, թե ԱՄՆ-ը կկարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Այցի կապակցությամբ վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Բանակցություններն արդյունք չէին տվել: Դրանից հետո Գերմանիան Թուրքիային 2 շաբաթ ժամանակ էր տվել «Ինջիրլիքի» հետ կապված վեճը հարթելու համար: Եվ դարձյալ ապարդյուն:

Անկարան ռազմակայան այցելելու մտադրություն հայտնած Բունդեսթագի մի շարք պատգամավորների մեղադրեց PKK-ի հետ կապեր ունենալու մեջ, իսկ հետո Բեռլինից պահանջեց իր հետ համաձայնեցնել «Ինջիրլիք» այցելելու մտադրություն ունեցող պատգամավորների ցանկը, որպեսզի այնտեղ չլինեն «ահաբեկիչներին բացահայտորեն հովանավորողներ»: Ի վերջո, հենց հունիսի 5-ին, Անկարան արգելեց պատգամավորների այցը:

Առաջին հայացքից թվում է, թե Անկարայի եւ Բեռլինի փոխադարձ խիստ մեղադրանքները հուզական բնույթ են կրում, եւ թե հետագայում երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն: Գուցեեւ այդպես է, թեեւ պետք է նշել, որ Գերմանիան շրջափակել է Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության մի շարք նախագծեր, հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիներին շնորհել անայցագիր ռեժիմ, սկսել է Անկարային խստիվ քննադատել մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման առնչությամբ: Անցյալում եւս նման բաներ եղել են, սակայնՙ ոչ այսպիսի խստությամբ: Փորձագետների Թուրքիա-Եվրոմիություն ներկայիս հակամարտությունը կարելի է աննախադեպ համարել վերջին 30 տարում:

Ի դեպ, փարիզյան ահաբեկչություններից հետոՙ 2015 թ. դեկտեմբերին, Գերմանիան միացավ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիային: «Ինջիրլիք» ուղարկվեցին հատուկ օպտիկական սարքերով հանդերձավորված «Տորնադո» ռազմօդանավեր եւ մեկ Airbus A310 MRTT լիցքավորիչ օդանավ: Գերմանիայի հետախուզության տվյալները անմիջականորեն հաղորդվում են Քաթարում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի միացյալ շտաբին, որտեղ գտնվում են Բունդեսվերի եւս 8 կապավորներ: «Ինջիրլիք» ռազմակայանում գերմանական զորաբաժնի հետ կապված խնդիրները ծագեցին 2016-ի հունիսին, այն բանից հետո, երբ Բունդեսթագը 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն: Թուրքիան այդ քայլը գնահատեց իբրեւ դավաճանություն, քանի որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունը եւ Գերմանիան դաշնակիցներ էին: Սակայն Բեռլինում հայտարարեցին, որ գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ այն բանի, որ Գերմանիան իմացել է երիտթուրքերի այն ժամանակվա կառավարության իրականացրած հայերի էթնիկական զտումների մասին:

Դա լրջորեն թուլացրեց մինչեւ օրս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ժխտող Անկարայի միջազգային դիրքերը: Սակայն գերմանացի բազմաթիվ փորձագետների գնահատումների համաձայն, Գերմանիան չվախեցավ առերեսվել իր սեփական անցյալի հետ, եւ Թուրքիային նույնպես կոչ է արվում «ընդունել իր քաղաքակրթային ձախողումը եւ այն դարձնել իր ժամանակակից քաղաքական եւ պատմական գիտակցության մասը»: Անկարան պատրաստ չէր իրադարձությունների նմանօրինակ ընթացքին: Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրըմը հայտարարեց, որ իր երկիրը «կգտնի համարժեք պատասխան, բայց խաղասեղանին չի դնի Գերմանիայի հետ իր սերտ հարաբերությունները»:

Պատասխան իրոք եղավ. Թուրքիայի կառավարությունը գերմանացի մի խումբ պատգամավորների արգելեց այցելել «Ինջիրլիք», որտեղ տեղաբաշխված են մոտ 260 գերմանացի զինծառայողներ: Երկկողմ հարաբերություններում էլ ավելի շատ բարդություններ ծագեցին Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո: Գերմանիայում քննադատաբար վերաբերվեցին Թուրքիայի ներսում նախագահ Էրդողանի ձեռնարկած բռնություններին: Բեռլինը սկսեց քաղաքական ապաստան տրամադրել Գերմանիայում գտնվող թուրք զինծառայողներին: Դրանից հետո գերմանացի խոհրդարանականների «Ինջիրլիք» կատարելիք այցելությունների արգելքները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Այնուհետեւ Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը միաձայն քվեարկեց «Ինջիրլիքից» գերմանացի զինծառայողներին Հորդանան, Կիպրոս կամ Քուվեյթ տեղափոխելու օգտին: Ի պատասխանՙ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «եթե նրանք ուզում են զորքը դուրս բերել, ապա դա իրենց գործն է, եւ որ Թուրքիան որեւէ մեկին չի աղերսի եւ կասիՙ ցտեսություն»:

Բեռլին-Անկարա բախումը բարդություն է ստեղծում ՆԱՏՕ-ի համար, որտեղ միաժամանակ զարգանում են միանգամից երկու, բայց ըստ էության միատեսակ հակամարտություններՙ «Ինջիրլիք»-ը Թուրքիայի ու Գերմանիայի միջեւ եւ քրդերը Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ, նշում է «Ռեգնում» գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը : Ի հավելումն այս ամենի, նախագահ Էրդողանը վերջերս առաջարկեց Ավստրիային բացառել ՆԱՏՕ-ի հետ գործընկերային բոլոր ծրագրերիցՙ այն բանի համար, որ Վիեննան Բրյուսելին կոչ է անում Թուրքիայի հետ դադարեցնել Եվրոմիությանն անդամակցելուն վերաբերող ամեն տեսակ բանակցությունները: Փորձագետները կանխատեսում են նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության սրում Ռաքքայի համար առաջիկա պայքարի կապակցությամբ, որի մեջ ամերիկացիները ներգրավել են սիրիացի քրդերին: Այս ամենը ստվեր է գցում ՆԱՏՕ-ի 2018 թ. կայանալիք հաջորդ գագաթաժողովի վրա: Էրդողանը դաշնակիցներին հրավիրեց իր մոտ, բայց Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան եւ Դանիան հանդես եկան գագաթաժողովը Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացնելու օգտին: Նրանց պաշտպանեցին դաշինքի անդամ ուրիշ 18 պետություններ: Այդ հարցի առթիվ վերջնական եւ պաշտոնական որոշումը կընդունվի հունիսինՙ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Արեւմուտքի մամուլը գրում է Թուրքիայի նկատմամբ հարաճուն օտարացման մասին: Դա ՆԱՏՕ-ում առավելապես մահմեդական բնակչություն եւ կարեւոր ռազմավարական դիրք ունեցող միակ երկիրն է: Մամուլը նաեւ գրում է «Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար ասիմետրիկ բազմաբեւեռ ռիսկերի պայմաններում դաշինքի ներսում առաջացող պառակտման մասին»: Սիրիայի հարցում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հետ վատացող հարաբերությունների պայմաններում Անկարան մերձեցել է Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչը կայուն հրամայական է դառնում տարածաշրջանում Արեւմուտքի քաղաքականության համար: Ըստ որում, նշվում է, որ «ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների մեջ Թուրքիան հսկայական թվով ներքին մարտահրավերներ ունեցող միակ երկիրն է, երբ «Ինջիրլիք» ռազմակայանը դարձել է վտանգավոր»: Բացի դրանից, Էր-Ռիադում օրերս կայացած արաբա-իսլամա-ամերիկյան գագաթաժողովի արդյունքները փոխեցին տարածաշրջանային խնդիրների ընկալման կիզակետը: Ի հայտ եկան շատ հարցեր այն կապակցությամբ, թե ինչպիսի վերջնական ձեւ կընդունի նոր ռազմական դաշինքը Էր-Ռիադի գլխավորությամբ, ինչպիսի տեղ կզբաղեցնի (եւ կզբաղեցնի՞ արդյոք) Թուրքիան այդ դաշինքում, ինչպիսի ազդեցություն կգործի ամերիկա-իսլամական դաշինքը Սիրիայի ճգնաժամի վրա, որի մեջ ակտիվորեն ներքաշված են թուրքերը:

Ձեռնարկչության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը National Review հրատարակության մեջ գրում է այն տարօրինակ կացության մասին, երբ «Արեւմուտքի համար խնդիրը ոչ թե ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալու հավանականությունն է, այլ նրա մնալըՙ սեփական ապագայի համար բեռը դաշնակիցների ուսերին բարդելու պայմանով»: Այնպես որ Թուրքիա-ՆԱՏՕ հակամարտության ինտրիգը դեռ նոր-նոր է ծավալվում: Սպասվում են մի շարք սուր սյուժեներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ. ՎՈԿԱԼ

Հաջորդ գրառումը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ի ՃԱՆԱՉՈՒՄՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական