Արձագանքելով Եվրոպայի քրիստոնեազերծման, եկեղեցիների վերացման վերաբերյալ իմ մի հոդվածին, «Ազգ»ի հեղինակներից Հակոբ Միքայելյանը (ինչքան հասկացաՙ սփյուռքից) հարցնում է, թե որո՞նք են նման կործանարար երեւույթի պատճառները, եւ ո՞ւր է գնում Եվրոպան:
Եթե խոսքը վերաբերում է մի ամբողջ հսկայական քրիստոնեական քաղաքակրթության ոչնչացմանը, ինչի մասին վկայում են նույն արեւմտյան բազմաթիվ հետազոտական կենտրոններ, ապա ուրեմն պետք է խոսել մայր ցամաքի այլափոխման, այլակերպման ինչ-որ համաշխարհային ծրագրի մասին: Եվ այստեղ հնարավոր չէ տուրք չտալ նաեւ զանազան կոնսպիրոլոգիականՙ գաղտնէաբանական տեսություններին:
Խնդիրը համապարփակ է եւ հանգում է անդրկուլիսյան համաշխարհային կազմակերպություններիՙ Համաշխարհային կառավարության, անդրազգային (տրանսնացիոնալ) կորպորացիաների, Բիլդերբերգյան ակումբի, Եռակողմ հանձնաժողովի, Հռոմի ակումբի եւ այլոց գործունեությանը: Քանի որ Ռուսաստանում այս կամ այն չափով առկա է անտիսեմիտիզմը, ապա, ըստ ռուս փորձագետների, այդ կազմակերպությունների միջուկըՙ մոտ 60 տոկոսը կազմում են հրեաներըՙ քաղաքական ու կրոնական հայտնի գործիչներ, բանկիրներ, մասոններ եւ այլք:
Ո՞րն է համաշխարհային նոր կարգի հաստատման գաղափարախոսությունըՙ կրճատել մոլորակի բնակչության քանակը, հասցնելով այն «ոսկե միլիարդի», ստեղծել մարդու պրիմիտիվացված նոր տիպ, որը կորցրել է իր հարուստ մշակութային, բարոյական ու հոգեւոր արժեքները եւ կողմնորոշվում է դեպի սոսկ նյութական բարեկեցությունն ու անձնական բարեհարմարությունները: Մարդ, որը չունի ազգություն, ընտանիք, հավատք, հայրենիք: «Արեւմտյան դեմոկրատիան » բոլոր պայմաններն ստեղծել է նման մարդու առաջացման համար: Երկհազարամյա քրիստոնեության ոչնչացումը Եվրոպայում այդ խոշոր ծրագրի բաղկացուցիչ մասն է:
Առհասարակ ժամանակակից Եվրոպայի օրինակը ցույց է տալիս, որ գլոբալիստական նման ծրագիր իրոք գոյություն ունի: Հայտնի փաստ էՙ այն ժողովուրդները, որոնք քարոզում են արտամուսնական սեռական այլասերվածություններ, չեն կարող բազմանալ եւ դատապարտված են ինքնաոչնչացման: Ըստ որոշ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների, Եվրոպան քաղաքականապես կանհետանա առաջիկա 50 տարում, ժողովրդագրական առումովՙ մեկ դարում: «Եվրոպացին, գրում է ամերիկացի սոցիոլոգ Պատրիկ Ֆեգենը , նման է հարբեցողի կամ թմրամոլի, որը չի ուզում ճանաչել իր արատները: Թեեւ բոլորն են տեսնում, որ նա ահավոր դեգրադացիայի է ենթարկվում: 100 տարի հետո Եվրոպան կդառնա աֆրոմուսուլմանական»:
Տարակուսանք է առաջացնում մի հանգամանքՙ ինչո՞ւ աշխարհի գերհզորները իրենց չարագուշակ պլանների իրագործումը սկսել են հենց քրիստոնեական աշխարհամասից: Ի վերջո Եվրոպան որպես աշխարհագրական մայր ցամաք չի անհետանում, անհետանում է քրիստոնեական քաղաքակրթությունը: Անշուշտ հառնում են զանազան «եթե»-ներ, որ, ո՜վ գիտե, մի օր կհայտնվեն քրիստոնյա արմատականներ ու վերջ կտան իրենց երկիրը զավթող իսլամական ջիհադին: Սակայն ներկայիս եվրոբյուրոկրատիան այնքան է այլասերված իր իսկ ստեղծած «նորագույն արժեքներով», որ ոչ ուզում է, ոչ էլ ընդունակ է դիմադրության:
Նախորդ հոդվածում (տեսՙ «Ազգ», մայիսի 26) բերված էին եվրոպական հարյուրավոր եկեղեցիների փակման տվյալներ: Ավելացնենք, որ դրանց փոխարեն բացվում են գրեթե նույնքան մզկիթներՙ եվրոպացիների աչքի առաջ ու նրանց թողտվությամբ ու աջակցությամբ: Վերջերս Սիրիայի ասորիների ներկայացուցիչները եկել էին Մոսկվա խնդրելու Պուտինին, որ նա աջակցի այդ երկրում նրա երբեմնի տիրակալներին կոմպակտ ապրելու հնարավորություն ստեղծելու հարցում: Նույնիսկ ինքնավարություն էլ չէին պահանջում, քրդերի պես:Ասացեք, խնդրեմ, Եվրոմիության անդամ ո՞ր երկրի ղեկավարն է ցավ, դառնություն կամ ափսոսանք հայտնել մերձավորարեւելյան տարածաշրջանիցՙ քրիստոնեության երբեմնի բնօրրանից քրիստոնյաների զանգվածային արտահոսքի կապակցությամբ:
Նորերս առիթ եղավ զրուցելու գերմանացի մի զբոսաշրջիկի հետ: Իմ այն հարցին, թե ինչու են գերմանացիները իրենց երկրում տեղ տալիս թուրքերին, հենց թուրքերին, լռեց: Նույնիսկ նրա հայուհի կինը, որ թարգմանչի դեր էր կատարում, նեղսրտեց, թե գերմանացիների մեջ ընդունված չէ քննարկել միգրանտների հարցը, նրանք «տոլերանտ են»ՙ հանդուրժողական: Այդ նույն Գերմանիայում իրաքցի մի ներգաղթյալ վերջերս բռնաբարել էր տասնամյա մի երեխայի: Դատարանը հանգել էր այն «հետեւությանը», որ իրաքցին գերմաներեն չի իմացել ու չի հասկացել, որ պատանին չի ուզեցել… բռնաբարվել:
Հարգարժան Հակոբ Միքայելյանի այն հարցին, թե ո՞ւր է գնում Եվրոպան, հազիվ թե որեւէ մեկը պատասխանի: Այսօրվա տվյալներով, ինչպես ասվեց, դեպի կործանում: Այս թեմայով հրապարակումների մեջ «լավատես են» միայն եվրոպացիները, այն էլ ոչ բոլորը: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ ռուս մեկը, որը մինչ այդ եղել էր Հոլանդիայում, պատմեց, որ մայրաքաղաքի մետրոյի մուտքի մոտ տեսել էր կրքոտ համբուրվող երկու աղջկա, իսկ դուրս գալիս քիչ էր մնացել բախվի նույն կեցվածքով երկու արուների: Եվ ինչն էր ամենից շատ ապշեցրել նրանՙ որ երկու դեպքում էլ բացարձակապես ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրանց վրա:
Լավ, մեր դարդերը քիչ են, Եվրոպայի՞նն էլ ենք մեզ վրա վերցնում, կասեն Հայաստանում: Ճիշտ է, բայց չէ որ երբեմն հարկադրված, երբեմն էլ կուրորեն (քաղաքակիրթ երեւալու նկատառումով) մենք ընդօրինակում-վերցնում ենք եվրոպական տխրահռչակ շատ «արժեքներ»: Կարո՞ղ եք պատկերացնել, որ ողբալի մի օր հանկարծ Հայաստանում շրջանառությունից հանեն «հայրիկ» ու «մայրիկ» նվիրական անուններն ու… համարակալեն ծնողներին: