Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկները (ՔԿՀ), այլ կերպՙ բանտերը, մինչեւ տարեվերջ կունենան ատամնաբույժ եւ հոգեբույժ: Պարոն Քրմոյանը շեշտել էր, որ մինչեւ հուլիսի վերջ մի շարք ՔԿՀ-ներին կմատակարարվի դեղորայքի անհրաժեշտ չափաբաժին: Պետք է նկատել, որ արդարադատության փոխնախարարը արձագանքում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ըստ որի հայաստանյան ՔԿՀ-ներում անհրաժեշտ քանակի դեղորայք չկա, բուժմասնագետներ չկան, իսկ անազատության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը թերի է: Վերջինիս հետ կապված, ՄԻՊ-ի զեկույցին հաջորդած կառավարության հերթական նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ ճշտվում է անազատության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը, ինչից ենթադրում ենք, որ այն շուտով կճշտվի, որից հետո շատ շուտով կառավարությունը կճշտի, որից հետո էլ շատ շուտով վերջապես ճշտված կլինեն այն հիվանդությունները, որոնցով տառապողները անազատության մեջ չեն հայտնվի:
Մի խոսքով, բանտերը կառավարության ուշադրության կենտրոնում են, ինչի շրջանակն այնքան մեծ է, որ այնտեղ տեղավորվում են նաեւ կարկուտից տուժած գյուղացիները, նրանց վերցրած վարկերըՙ տոկոսներով, նպաստառուների ցանկը, ՀՆԱ-ն մի քանի նիշով բարձրացնելու խնդիրը, ոչ թե արտաքին վարկով, այլ ներքին բիզնես միջավայրով տնտեսությունն ակտիվացնելու հրամայականը, եւ այլն:
Արդարադատության փոխնախարար Քրմոյանի ասածից, սակայն, հետեւում է, որ մինչեւ հիմա մեր բոլոր ՔԿՀ-ներում ատամնաբույժներ եւ հոգեբույժներ չկային: Չէ, կլինեն, անշուշտ, շուտով վարչապետը հանձնարական կտա, ապա այն մեկ ամիս անց կկրկնի եւ կլինեն, բայց մինչեւ հիմա չկային: Այսինքն մինչեւ հիմա եւ այսօր էլ, երբ բանտերում որեւէ մեկի ատամը ցավում էր, կամ նա ձեռք էր բերում հոգեկան խնդիրներ, ինչը շատ հավանական է բանտերում, մանավանդՙ մեր, ապա ոչ ոք մասնագիտորեն այս հարցերով չէր զբաղվում: Դե հիմա. ատամ է, թող ցավի էլի, կամ կալանավոր է, թող խելագարվի էլի: Ատամըՙ դեռ ոչինչ, կարելի է դիմանալ մի քանի տարի (նայած, թե տվյալ կալանավորին քանի տարով են ազատազրկել), եւ ազատություն ստանալուն պես բուժել հիվանդ ատամը, բացի այդ, եթե մարդը դիմանում է անազատությանը, ապա ատամի ցավն ի՞նչ է… Բայց այ, հոգեկան խնդիրները լուրջ են: Բանն այն է, որ բանտում ավելի հավանական է, որ մարդը ձեռք կբերի հոգեկան հիվանդություն, քան այն, որ ձեռք չի բերի: Սա նշանակում է, որ ազատություն ստացած նախկին կալանավորների զգալի մասն ունի հոգեկան խնդիրներ: Իսկ նրանք, հիշում ենք, ազատություն ստանալով պետք է նորից ներգրավվեն հասարակությանը, ինչը անել հոգեկան խնդիրներովՙ անազատության մեջ ապրելու պես բարդ է: Եւ ուրեմն մենք ոչ միայն պետք է մինչեւ տարեվերջ բոլոր բանտերին ապահովենք հոգեբույժներով, եւ դա ոչ թե մինչեւ տարեվերջ պետք է անենք, այլ հենց վաղը, եւ ամենալավ մասնագետներով: Մանավանդ որ հոգեբան-հոգեբույժ մասնագետների պակաս չունենք, հաշվի առնելով այդ մասնագիտությունների մեծ պահանջարկը հենց միայն դիմորդների շրջանում:
Բայց այստեղ մի նրբություն կա. մեր ակնկալիքըՙ բանտից: Մենք ուզում ենք, որ այնտեղ հանցագործները պատժվե՞ն, թե՞ այնտեղից մեզ միանան բոլոր առումներով առողջացած մարդիկ: Եթե առաջինը, ապա հոգեբան-հոգեբույժների կարիք մենք ունենք: