ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Խոստովանեմՙ իմ լրագրողական երկարամյա գործունեության մեջ առաջին դեպքն է, երբ գործ եմ ունենում երջանիկ զուգադիպության հետ. մեր թերթի լույսընծայման օրը համընկնում է իմ հերթական հրապարակման հերոսի ծննդյան տարեդարձի հետ: Այսօր նախադեպը չունեցող այդ եզակի օրն է, տարեդարձ է այսօրՙ ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի ղեկավարի տեղակալ, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի ծննդյան 47-րդ տարեդարձը: Իմ եւ մեր խմբագրակազմի անունից ի սրտե ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակներից մեկին, իր գործի նվիրյալին եւ բարերարին: Ամենայն հարգանքի եւ դրվատանքի է արժանի նրա անցած ուղին: Հիրավիՙ Հրաչյա Պողոսյանի անսահման սիրով լեցուն սիրտը բաբախում է հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի բարօրության, հանուն հայ-ռուսական անկեղծ բարեկամության: Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են: Եվ այսօր ուզում եմ ընթերցողին պատմել մեր հայրենակցի վերջին ձեռնարկումներից մեկի մասին, որը մեկ անգամ եւս հավաստում է, որ յուրաքանչյուր գործ Հրաչյա Պողոսյանն անում է սիրով, նվիրումով եւ մեծ պատրաստակամությամբ: Ընդհանրապես, ՍԵՐ բառը Հրաչյայի գործունեության առանցքն ու ուղենիշն է, եւ պատահական չէ, որ երկիր մոլորակի սկզբնավորումից ի վեր հնչող այդ բառը տեղ է գտել նաեւ նրա կազմակերպած միջոցառումների անվանումներում, ինչպես, օրինակ, «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» եւ «Սիրով դեպի Հայաստանն ու Ռուսաստանը» խորագրերով ցուցահանդեսները, որոնք հունիս ամսին բացվել էին Երեւանի Մոսկվայի տանը եւ արժանացել բազում հիացական գնահատականների…
Այո, միայն նաՙ Ռուսաստանի հյուսիսային սառնաշունչ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ կրծքի տակ չափազանց ջերմ սիրտ կրող Հրաչյա Պողոսյանը կարող է մեկը մյուսից ինքնատիպ նախաձեռնություններով հանդես գալ եւ չափազանց հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել: Ցուցաբերած անձնուրացության համար Հրաչյա Պողոսյանին շնորհվել են բազմաթիվ պարգեւներՙ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նեւսկու երկրորդ կարգի շքանշան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց պետական բարձրագույն պարգեւՙ «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք պատվավոր մեդալներ, ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների մի շարք մեդալներ, ՀՀ կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների բարձրագույն ոսկե մեդալներ, իսկ սփյուռքի նախարարից` «Պողոս Նուբար» մեդալ եւ ոսկե մեդալ։ Ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի ձեռքով պարգեւատրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 150-ից ավելի ռազմական գործիչներին:
Եվ այսպես, անդրադառնամ վերջերս տեղի ունեցած միջացառմանը:
Այս տարվա հուլիսի 29-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրված էր հիշարժան տարեթվերի շարքում` որպես համաշխարհային ճանաչում վայելող հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի օր: Այդ օրը Հայաստանում, Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում ամենատարբեր միջոցառումներով նշվեցին մեծ ծովանկարչի հոբելյանական տոնակատարությունները եւ այդ առիթով առաջին անգամ Ավստրալիայից Ռուսաստան էին ժամանել նրա ժառանգները:
Այվազովկու ժառանգների ընդունումը եւ հայկական ճաշատեսակներով հյուրասիրությունը Ռուսաստանում պատշաճ կազմակերպելու նպատակով Սանկ Պետերբուրգում բնակվող ճանաչված բարերար Հրաչյա Պողսյանին էր դիմել մեծ ծովանկարչի ծոռնուհին` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի հետ մշակութային եւ հասարակական փոխհամագործակցության ծրագրերի բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Կասացկայան: Այվազովսկու ջերմ երկրպագու Հրաչյա Պողսյանն անմիջապես արձագանքել էր այդ խնդրանքին եւ իր հերթին նամակ-խնդրագիր հղել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` հյուրերին Մոսկվայի հայ առաքելական եկեղեցում ընդունելու խնդրանքով, եւ ստացել էր Տեր հոր համաձայնությունն ու օրհնությունը:
Տ.Եզրաս արք.Ներսիսյանն ու Հրաչյա Պողոսյանը Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում ընդունել են աշխարհահռչակ ծովանկարչի հետնորդներին, ապա նրանց ուղեկցել Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ հյուրերը մոմ են վառել եւ ծանոթացել Հայ Եկեղեցու պատմությանը:
Եզրաս Սրբազանը ցույց է տվել իր աշխատասենյակում պահվող Հ. Այվազովսկու բնանկարը` նշելով, որ աշխարհահռչակ ծովանկարիչը եղել է մեծ հայասեր եւ հայկական թեմաներով բազում կտավներ ունի:
Հյուրերը զարմանքի եւ հիացմունքի պահեր են ապրել հատկապես հայկական ազգային ճաշատեսակները համտեսելիս, որոնք բոլորն էլ ընտրվել էին Հրաչյա Պողոսյանի կողմից եւ Այվազովսկու ժառանգներին հյուրասիրվել նրա կողմից…
Այնուհետեւ մեծ ծովանկարչի ավստրալաբնակ ժառանգները մեկնել են Ղրիմ, որտեղ հանդիսություններ են անցկացվելՙ նվիրված մեծ ծովանկարչի 200-ամյակին: Նրանց թվում էին Ալեքսիս Անդրեյ Միլլերն ու Լուիզա Սելեստա Ռոսետոն, ինչպես նաեւ Ամանդա Մարի Թերեզա Ռոջերսը, որը Այվազովսկու երրորդ դստերՙ Ալեքսանդրա Լապսիի գծով ազգական է: Նրանց հետ են նաեւ նրանց 6 երեխաները:
Սիմֆերոպոլում նկարչի ժառանգները ծաղիկներ են դրել Այվազովսկի եղբայրների հուշարձանինՙ ավագ Գաբրիելի, որը Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր, եւ կրտսեր Հովհաննեսի:
«Մենք առաջին անգամ ենք հայրենիքում, որտեղ ծնվել, ապրել եւ ստեղծագործել է մեր մեծ նախնին: Երբ այստեղ ժամանեցինք, հասկացանք, որ այստեղ պահպանում են նրա հիշատակը ու հպարտանում են նրանով: Տանը մենք նրան պապիկ էինք անվանում: Իսկ Ղրիմ ժամանելով հասկացանք, թե որքան մեծ է նա», – ասել է Ալեքսիս Միլլերը:
Նա հավելել է, որ ընտանիքում չկան Այվազովսկու կտավներ, նրանցից ոչ ոք մասնագիտորեն չի զբաղվում նկարչությամբ: Միլլերը բժիշկ-ուռուցքաբան է Սիդնեյի արվարձանում, նրա քույրըՙ Լուիզանՙ դասավանդում է համալսարանում, իսկ Ամանդան իրավաբան է: Ընդհանուր առմամբ Ավստրալիայում Այվազովսկու տոհմի 27 ժառանգ է ապրում:
Այվազովսկու ժառանգները հանդիպել են նաեւ Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք նրանց նկարչի 200-ամյակին նվիրված գրքեր եւ օրացույցներ են նվիրել, եւ հյուրասիրել հայկական ուտեստներով:
– Ավստրալիայից այստեղ ժամանած հյուրերն ինձ պատմեցին, որ ծնողներից են լսել, որ իրենք Այվազովսկու հետնորդներն են,- ասում է Հրաչյա Պողոսյանը: Նրանք, անշուշտ, պարծենում էին այդ փաստով, սակայն խորապես չէին գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը: Հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայերի հետ առաջին անգամ հենց այստեղՙ Մոսկվայի հայկական եկեղեցում են շփվում: Եվ ես շատ ուրախ եմ, որ մասնակիցն եմ այս կարեւոր առաքելությանն ու առընչվում եմ նրանց արմատների բացահայտման գործին…
Հրաչյա Պողոսյանը արժեքավոր եւ հիշարժան նվերներ հանձնելով Այվազովսկու ժառանգներինՙ նրանց հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգն իր համար աշխարհի ամենասիրելի անկյուններից մեկն է, արդեն երկար տարիներ այնտեղ է ինքը ապրում եւ աշխատում եւ հպարտանում է հատկապես այն փաստով, որ աշխարհահռչակ ծովանկարիչը ուսանել է իր սիրելի քաղաքում:
– Հյուրերին ներկայացրած տեղեկություններըՙ Այվազովսկու վերաբերյալ, նրանց անչափ հետաքրքրեց եւ հուզեց, ասում է Հրաչյա Պողոսյանը: Նրանք մեկ անգամ եւս տեղեկացան, որ Հովհաննես Այվազովսկին Ղրիմի Թեոդոսիա քաղաքի համար ոչ միայն խորհրդանիշ էր, այլ իսկական հայր: Նրա ակտիվ աջակցությամբ են կառուցվել նավահանգիստը, երկաթուղին, լուծվել է ջրամատակարարման հարցը…
– Հայկական մասունքները մեզՙ հայրենիքից հեռու ապրող հայերիս, ապրելու եւ արարելու մեծ լիցքեր են հաղորդում,-խոսքը շարունակում է Հրաչյա Պողոսյանը: Դրսում մեր ունեցած հաջողություններն էլ իրենց հերթին նպաստում են Հայրենիքի վարկանիշի բարձրացմանը, ճանաչում ձեռք բերելուն ամբողջ աշխարհում…
Հրաչյա Պողոսյանի սերը հայկականության եւ հայկական մասունքների հանդեպ, նրա անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակիՙ հանուն Հայրենիքի հզորացման եւ բարգավաճման: Եվ խոսքս դարձյալ ուզում եմ ավարտել օրվան համահունչ բարեմաղթանքով` շնորհավոր ծնունդդ, պատվարժան հայրենակից…