Ֆրեզնոյի պետհամալսարանի Արվեստի եւ հումանիտար առարկաների քոլեջի եւ պատմության ֆակուլտետի հովանավորությամբ եւ Թոմաս Գույումճյան, Լեւոն Պիտերս եւ Վիկտորիա Քազան հիմնադրամների աջակցությամբ երկօրյա միջազգային կոնֆերանս է անցկացվելու Ֆրեզնոյի համալսարանի բիզնես կենտրոնում սեպտեմբերի 22-ին եւ 23-ինՙ նվիրված Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին, հույներին եւ քուրդերին: Կազմակերպիչներն են համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի համադրող պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանը եւ Հարվարդ համալսարանի դասախոս դոկտ. Ումիտ Քուրդը :
Հայկական եւ օտար աղբյուրներ օգտագործելով հրավիրված մասնագետները խոսելու են հիմնականում երկրի տարբեր շրջաններում կազմավորված նախաեղեռնյան շրջանի համայնքների մասին:
Առաջին օրը ելույթներ են ունենալու Յունիոն համալսարանից Օուեն Միլերը («Լեռների գաղութացումը: Սասուն, Զեյթուն եւ Դերսիմ»), Մանհեթենվիլ քոլեջից Դեյվիդ Գուտմանը («Խարբերդի բնակիչները տեղական եւ միջազգային խաչմերուկում») եւ Ուգյուր Պեչեն («Ոչ-մահմեդականների զինակոչումը 1908-1912 թվերին):
Երկրորդ օրը զեկուցումներ են կարդալու Քլարք համալսարանից Էմրե Ջան Դաղլիօղլուն («Հակահայկական բռնությունները Օսմանյան կայսրությունում: Վանի 1895-ի կոտորածները), Պրինստոն համալսարանից Վարագ Քեթցեմանյանը («Հայ հեղափոխական շարժումը: Հնչակյան կուսակցության ծրագիրըՙ 1890-96 թթ.»), եւ Հարվարդ համալսարանից Ումիտ Քուրդը («Այնթապի 1895-ի կոտորածները»):
Ընդմիջումից հետո երկու զեկուցողներՙ Նիլայ Օզոք-Գյունդողանն (Ֆլորիդայի պետհամալսարանից) ու Ջանեթ Քլեյնը (Ակրոն համալսարանից) եզրափակելու են կոնֆերանսը:
Մանրամասնությունների համար այցելել «www.fresnostate.edu/armenianstudies» կայքը: