«Լավ հարեւան» (A good neighbour) խորագրով IKSV-իՙ Մշակույթի եւ արվեստների ստամբուլյան հիմնադրամ-հաստատության կազմակերպած 15-րդ բիենալեն նախատեսվածի նման անցկացվելու է սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 12-ը: Այս մասին վստահորեն արտահայտվել են սկանդինավյան արվեստագետ-կուրատորներ Էլմգրինն ու Դրագսետը զրուցելով «The Art Newspaper» միջազգային ամսաթերթի լրագրող Գարեթ Հարիսի հետ:
Ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո, որ նախագահ Էրդողանի լիազորությունները բազմապատկեց, տարակուսանք կար, որ բիենալեն կարող է հետաձգվել կամ ընդհանրապես չեղյալ համարվել:
«Լինելով ոչ պետական մի հաստատություն, մինչ օրս մենք որեւէ անմիջական արգելքի չենք հանդիպել: Մեր հանդիպումներում պարզել ենք, որ մարդիկ, հասարակությունն ընդհանուր առմամբ, կարիք ունեն այս բիենալեին», նշել է Մայքլ Էլմգրինը:
Բիենալեի հավակնոտ խորագիրը հավանաբար ընտրված է ցույց տալու համար, թե ինչպիսի՜ անգնահատելի դերակատարություն ունի Թուրքիան տարածաշրջանում, չնայած Ստամբուլի առեւտրական պատկերասրահիՙ The Empire Project-ի հիմնադիրը խոստովանել է, որ «Ճիշտ է, 1970-ականների սեւ ամպերը անհետացել են, բայց ես ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսնում հետագա տարիներին»: