«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» 85-ամյակի առթիվ
Առաջիկա նոյեմբերի 2-3-ին մեր գործընկեր, ՌԱԿ մամուլի ընտանիքի անդամ, Միացյալ Նահանգներում 1932-ին հիմնադրված անգլերեն լեզվով հայկական առաջինՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, որից բազում լուրեր է հրատարակում «Ազգը» ամեն շաբաթ, նշելու է հիմնադրման 85-ամյակը: Այդ առթիվ միջազգային մամուլում հայկական հարցերի արծարծման վերաբերյալ սիմպոզիում է կազմակերպված, որին մասնակցելու են «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի մշտական թղթակից, յոթ անգամ «British Press Awards»-ի «Տարվա լրագրող» պատվավոր կոչմանն արժանացածՙ Ռոբերտ Ֆիսքը , գրող, «Alternative Radio»-ի հիմնադիր եւ տնօրենՙ Դեյվիդ Պարսամյանը , «Էկոնոմիստ» պարբերականի Թուրքիայի նախկին թղթակից, այժմ «Diken» եւ «Al Monitor» թերթերի սյունակագիրՙ Ամբերին Զամանը եւ «The Weekly Standard» շաբաթաթերթի ավագ խմբագիր, «Պուլիցեր» մրցանակի հավակնորդՙ Ֆիլիպ Թերզյանը :
«Լրագրությունը եւ սուտ լուրերը: Հայոց ցեղասպանությունը եւ Ղարաբաղը» ընդհանուր թեմայի շուրջ բանավեճը նոյեմբերի 2-ին կայանալու է Ուելսլի քոլեջի դահլիճում: Բանավեճը վարելու է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» խմբագրի օգնական Արամ Արքունը :
Հաջորդ օրըՙ նոյեմբերի 3-ին, տեղի է ունենալու գալա-ընդունելություն եւ համերգ Բոստոնի «Մարիոտ-Նիուտոն» հյուրանոցում, որի ընթացքում մրցանակների են արժանանալու Ռոբերտ Ֆիսքը, Ամբերին Զամանը եւ Դեյվիդ Պարսամյանը: Հանդիսությունը վարելու է Հարվարդի մարդասիրական նախաձեռնության խորացված ուսումնավարժական ծրագրի ղեկավար Անահիտ Նահիկյանը :



